Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բեմում եւ ռինգում նույն զգացողությունն եմ ունենում»

Ապրիլ 01,2019 12:30

Հարցազրույց բելգիաբնակ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, քիք-բոքսինգի 2012թ. Եվրոպայի չեմպիոն Սեւակ Ավանեսյանի հետ

– «Առավոտը» անցյալ տարի (04.05.2018թ.) ներկայացրել է 2003-ից Բելգիա տեղափոխվելուց հետո ձեր ստեղծագործական հաջողությունների մասին: Հավաստիացրել էիք, որ համախոհների հետ հիմնել եք «Երաժիշտը երաժիշտներին» բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն է գործիքներով ու աքսեսուարներով օգնել հայաստանցի ու արցախցի երաժիշտներին, նաեւ նշել էիք, թե պատրաստվում եք վերադառնալ մեծ սպորտ: Այս անգամ ի՞նչ նպատակով եք Հայաստանում:

– Տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ 2017-ին բեմ բարձրացա Երեւանում եւ Արցախում, Համահայկական նվագախմբի կազմում՝ որպես թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր: Անցյալ տարի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ անցկացրինք լսումներ մրցույթի ձեւաչափով, տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին, նրանց գործիքներ տրամադրելու նպատակով: Արդյունքում հայաստանցի եւ արցախցի տարբեր տարիքի երաժիշտները, այդ թվում՝ պրոֆեսիոնալներ, ունեցան բարձրակարգ լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, ալտ: Առաջիկայում էլ, դարձյալ ՀԲԸՄ-ի հետ համագործակցության արդյունքում կշարունակենք այդ առաքելությունը, բայց ավելի սակավ քանակությամբ նման գործիքներ ապահովելով, որովհետեւ նպատակ ունենք նաեւ վարպետների գործիքներ տրամադրել մրցույթի արդյունքում առավել աչքի ընկած երաժիշտներին: Իսկ ապագայում երազանքս է Երեւան հասցնել «ստրադիվարիուսներ», բնականաբար՝ պայմանագրային հիմունքներով: Ինչ վերաբերում է նրան, թե այսօր ինչ նպատակով եմ Երեւանում, ասեմ՝ գալիս եմ շնչելու եւ էներգիա հավաքելու… Շնորհակալ եմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ Բելգիա տեղափոխվելուց հետո երկու անգամ Համահայկական նվագախմբի կազմում ինձ հրավիրելու եւ ընդգրկելու համար (2017 եւ 2018թթ.):

– Իսկ ի՞նչն է խանգարում, որ վերջնականապես վերադառնաք հայրենիք:

– Բելգիայում հաշված օրեր եմ լինում տանը, մանավանդ հիմա, երբ 2017-ից այլեւս Բելգիայի ազգային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերը չեմ: Համագործակցում եմ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են թավջութակահար Միշա Մայսկին, ջութակահար Մաքսիմ Վենգերովը, դաշնակահար Վալերի Աֆանասեւը, հանդես եմ գալիս տարբեր հեղինակավոր փառատոներին, օրինակ՝ հենց Բելգիայում ավանդաբար անցկացվող Tomorrowland միջոցառմանը, որի հանդիսատեսի թիվը շուրջ 200 հազար է կամ, ասենք՝ Թագուհի Ելիզավետայի անվան համերգասրահում: Այստեղ էլ հանդիսասրահը բավական ընդարձակ է՝ շուրջ 300 հազար տեղ… Վերջին տարիներին մշտապես ճամփորդում եմ համերգային տուրերով եվրոպական երկրներում, Արեւելքում, որոնք տեւում են մինչեւ 3 շաբաթ, երկու ամսից կլինեմ ԱՄՆ-ում… Այս տուրերն ինձ համար խոպանին հավասար մի բան են (ծիծաղում է-Ս.Դ.): Չե՞ք կարծում, որ վերջնական հայրենիք տեղափոխվելուց գուցեեւ «փակվի» «Երաժիշտը երաժիշտներին» բարեգործական կազմակերպությունը: Ի դեպ, անցյալ տարի հենց այդ կազմակերպության շնորհիվ առաջին անգամ Արցախ «մուտք գործեց» կոնտրաբաս: Սարկազմով մի վերաբերվեք, խնդրում եմ, հայրենիքում շնչելու ու էներգիա հավաքելու մտքին: Դա իսկապես այդպես է:

 

 

– Թեեւ այս անգամ հյուրախաղի չեք եկել, բայց ձեզ հետ կրկին տեսնում ենք իտալացի վարպետ Գոֆրիելլիերի կերտած թավջութակը՝ «The King»-ը, ինչի առիթով նախորդ զրույցում հայտնեցիք, թե պարտական եք աշխարհահռչակ Միշա Մայսկիին, որը երաշխավորել է, որ այդ գործիքը անժամկետ օգտագործեք: Իսկ չե՞ք վախենում, ասենք, այն վնասելուց կամ՝ աշխարհում, նույնիսկ Երեւանում, Ռուբեն Ահարոնյանի «օրինակով» գրանցված գործիքի առեւանգման դեպքից:

– Նման դեպքերում «կխառնվի» Ինտերպոլը եւ մի մոռացեք, որ ես քիք-բոքսինգի Եվրոպայի չեմպիոն եմ:

– Այդ մասին չենք մոռացել, սակայն վնասվածքի պատճառով, հենց Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո, հեռացել եք մեծ սպորտից:

– Այո, ծնկի վնասվածք էի ստացել, թողեցի մարզումները, երկար բուժվեցի, վիրահատական միջամտության կարիք եղավ, իսկ հիմա վնասված ծունկս ավելի «պինդ» է, քան առողջը: Պատրաստվում եմ վերադառնալ մեծ սպորտ, ոչ միայն քիք-բոքսինգ, այլեւ մասնակցություն ունենալ կռիվների «մարտ առանց կանոնների» մարզաձեւում: Ի դեպ, հյուրախաղերը օգտագործում եմ նաեւ մարզումների համար, օրինակ, երբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա տուր է, մարզվեցի բրազիլացի անպարտելի, աշխարհահռչակ Ռոջեր Գրեյսի մոտ, եւ այսօր կարող եմ հայտարարել, որ նա իմ մարզիչն է: Ժամանակից առաջ անցնելով ասեմ, որ հույս ունեմ Հայաստանում մի օր հիմնել «Ռոջեր Գրեյս ակադեմիա»:

– «Մարտ առանց կանոնների» ձեւաչափով կռվելիս չե՞ք վախենում անդառնալի վնասվածքներից:

– Այդ ձեւաչափով արդեն 12 անգամ կռվել եմ, վնասվածքներ ունեցել եմ, ջարդել եմ ոտքս, քիթս, կողոսկրերս…, բայց առայսօր մատներս չեմ վնասել:

– Չե՞ք կարծում, որ, այնուամենայնիվ, անհամատեղելի են երաժշտի ու մարզիկի գործունեությունը:

– Երկուսն էլ ամենօրյա երկարատեւ աշխատանք են պահանջում եւ, պատկերացրեք, երկու դեպքում էլ՝ բեմում եւ ռինգում, նույն զգացողությունն եմ ունենում:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

30.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930