Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանի ոգեկոչում՝ ինքնատիպ ավտոարշավով

Ապրիլ 01,2019 12:00

Թումանյան – 150

Օրեր առաջ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան՝ կազմակերպելով «Հին ու պատմական ավտոմեքենաների ակումբի» ավտոմեքենաներով արշավ՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին։ Երթուղին սկսվեց Երեւանից, անցավ մեծ բանաստեղծի ծննդավայրով՝ Լոռու Դսեղ գյուղով. հասավ մինչեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Արշավը ղեկավարում էր ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը, ով մեկնարկից առաջ ասուլիսում ընդգծեց, որ իրենք ընտրել են մեծ բանաստեղծի հոբելյանի ոգեկոչման այս ինքնատիպ ձեւը, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի ու ավելի շատ մարդկանց հաղորդակից լինել մեծ լոռեցու ոգուն եւ էությանը։ Արշավին աջակցում ու մասնակցում էր «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ Նա մանրամասներ ներկայացրեց ավտոարշավից. «Նախ ուզում եմ ընդգծել, որ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանի մտահղացումը եւ նախաձեռնությունը ինքնատիպ ու հետաքրքիր էր: Ամեն մի ավտոմեքենա՝ կախված իրենց չափից ու մակնիշից, իր վրա ուներ Թումանյանի լուսանկարները եւ նրա ստեղծագործությունների որոշ խորհրդանիշներ։ Իսկ առաջապահ մեքենան կրում էր հայոց եռագույնը։ Նախքան ճանապարհ ընկնելը մասնակիցները եղան Թումանյանի՝ Երեւանի տուն-թանգարանում, ներկա եղան ասուլիսին եւ ֆեդերացիայի նախագահից մանրամասներ լսեցին ճանապարհի առանձնահատկությունների մասին, որից հետո մեզ մնում էր ճանապարհ ընկնել եւ նպատակ դարձնել առաջին կանգառը՝ Դսեղում՝ Թումանյանի ծննդավայրում։ Հրահանգ էր տրված նաեւ բնակավայրերում գնալ դանդաղ ընթացքով, որը հնարավորություն կտար անցորդներին հաղորդակից լինել միջոցառման բովանդակությանը։ Ասեմ նաեւ, որ յուրաքանչյուր մեքենա ուներ իր ուղեւորները, որոնք թումանյանասերներ էին։ Սպիտակում ավտոարշավորդներին միացան նաեւ գյումրեցիները եւ շարասյունը ամբողջացավ։ Անցնելով Վանաձորը եւ Լոռվա ձորում գտնվող բնակավայրերը՝ արշավորդները հասան Դսեղ, ուր նրանց դիմավորեց Թումանյանի տուն-թանգարանի աշխատակազմը եւ առաջնորդեց թանգարանի սրահներով՝ ծանոթացնելով մեծ լոռեցու կյանքին ու գործունեությանը»։
«Մենք կարծես թե ինչ որ տեղ Թումանյանի ոտնահետքերով ենք գնում,-շարունակում է Գագիկ Աղաջանյանը,-նա էլ այստեղից Թիֆլիս գնաց ու ինքնահաստատվեց ու դժվարին քաղաքում, այլ թիֆլիսյան մշակութային քուրայում ձեւավորվեց որպես Ամենայն հայոց բանաստեղծ»: Պատմաբան Գագիկ Աղաջանյանը դեռ շատ ասելիք ունի, բայց ժամանակն է ճանապարհ ընկնելու Թբիլիսի, դեռ սահման անցնել կա՝ 100 կիլոմետր հաղթահարելու ճանապարհ, քանի որ պետք է հանդիպել վրաստանցի գործընկերների հետ, հասցնել հայ-վրացական սովորությամբ միասին մի կտոր աղուհաց վայելել, սիրով լսել Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Վրաստանի ազգային ժողովի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանի եւ Դավիթ Ճիճինաձեի, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդի ողջույնի խոսքերը եւ բարեմաղթանքները։

Ավտոարշավորդների առավոտը պիտի սկսվեր Խոջիվանքի պանթեոն այցելությամբ, ուր ամփոփված են Թումանյանը ու հայոց մեծերը։ «Սա թիֆլիսահայության սրբավայրն է, -ասում է Գագիկ Աղաջանյանը, -որը պետք է պահել-պահպանել, այստեղ իրենց վերջին հանգրվանը գտած հայ երեւելիների կյանքի եւ գործի օրինակով դաստիարակել ներկա եւ գալիք սերունդներին»։ Այս եւ նման տրամադրություններով ճանապարհվում ենք դեպի Սուրբ Էջմիածին եկեղեցի, ուր պետք է պատարագ տրվի Հովհաննես Թումանյանի հիշատակին։ Թիֆլիսահայ հավատացյալներին միանում են ավտոարշավորդները եւ մոմեր վառում մեծն Թումանյանի հիշատակին։ Ավտոարշավորդների այցելության վերջին վայրը Թումանյանագիտական կենտրոնն է, որը գտնվում է այն բնակարանում, ուր անց է կացրել իր կյանքի ավելի քան 10 տարիները Թումանյանը իր բազմանդամ ընտանիքով։ Ծանոթացնելով թումանյանական այս օջախին, ընդգծում են, որ այստեղ են եղել հայոց մեծերը, ռուս եւ վրաց գրականության նշանավոր մեծերը։ Անցնում են կենտրոնի սրահներով, որոցից յուրաքանչյուրը իր պատմությունն ու հուշերն ունի։ «Մեր ազգի մեծերի հոբելյանների նման ոգեկոչումները կշարունակենք նաեւ առաջիկայում, -ասում է Գագիկ Աղաջանյանը,- չենք մոռանա նաեւ Կոմիտաս վարդապետին»։ Նկատենք նաեւ, որ այս հետաքրքիր միջոցառումը ողջունել էին Թումանյանի ժառանգները՝ ի դեմս թոռնուհիներ Իրմա Սաֆրազբեկյանի եւ Սուրմա Թումանյանի։ «Հպարտ ենք, որ Ձեզ մոտ այդպիսի սեր ու հարգանք է պահպանվել Թումանյանի հանդեպ», -ասված է նրանց ավտոարշավի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Մնում է վստահ լինել, որ մեծն Թումանյանի հոբելյանի նման ինքնատիպ ու հետաքրքիր ոգեկոչումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում։

 

Գրի առավ

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

30.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930