Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծարար դասավանդողից դեպի ստեղծարար կրթական միջավայր

Ապրիլ 01,2019 11:30

Դասավանդողների համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը թույլ կտա մեզանում առկա զուտ վերահսկող եւ գնահատող կրթական քաղաքականությունը փոխարինել դասավանդողին օժանդակելու, նրա համար մտածելու եւ ստեղծագործելու հնարավորություն ստեղծելու փիլիսոփայությամբ: Շարունակ դասավանդողների ցածր պրոֆեսիոնալիզմից խոսելու փոխարեն՝ կանցնենք նրանց մասնագիտական աջակցության մեխանիզմներին: Հաջորդ առավելությունը, ինչի մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու, կլինի կրթության կառավարման ուղղահայաց վեկտորի փոխարինումը հորիզոնականով:

Այս հարթակում կառաջարկվեն եւ կփորձարկվեն ոչ թե վերեւից պատրաստի տրված բաղադրատոմսեր, այլ հենց դասավանդողների մտքով եւ փորձով գտնված լուծումներ: Մյուս առավելությունը բոլոր դասավանդողների հավասար հնարավորությունն է միասնական հարթակում հավասար իրավունքով մասնակցելու, ստեղծելու, հաղորդակցվելու: Տավուշում աշխատող դասավանդողը ինքնադրսեւորվելու նույն հնարավորությունն է ունենում, ինչ մայրաքաղաքի «էլիտար» դպրոցի դասավանդողը:

Ինչո՞վ է այս միասնական հարթակի մոդելը բխում մեր ներկա կրթական համակարգի կարիքներից եւ ինչո՞վ է միտված կոնկրետ մեր ներկա կրթական իրականությանը: Վստահաբար, բոլորս հասկանում ենք, որ չափորոշիչների, դասագրքերի, ծրագրերի փոխելը երկարաժամկետ գործ է, նաեւ այն, որ դրանց օգտակար գործողության գործակիցը բուն դասապրոցեսի վրա այնքան մեծ չէ, որքան մի քանի տասնամյակ առաջ (գոնե այն ձեւով, ինչ ունեինք): Այսօր կրթության մեջ ամեն ինչ շատ արագ է փոխվում, ու անհամեմատ մեծացել է իրավիճակի եւ ստեղծարարության գործոնի դերը:

Նման մոդելը հիմա մեզ հնարավորություն կտա արագ շարժման մեջ դնելու կրթական համակարգի ինքնազարգացումը: Նաեւ այսօր տարբեր կրթական մակարդակներ ունեցող մեր երկրի տարբեր տարածքների կրթական հաստատությունները միավորելու ընդհանուր կրթական տարածության, ընդհանուր մասնագիտական հաղորդակցման մեջ: Հնարավոր կդարձնի փորձի փոխանակումը ժամերի ընթացքում: Մեր երկրում փորձեր են եղել` հսկայական գումարներ ծախսելու ինչ-որ կրթական հաստատությունների փորձը տարածելու համար, տարիները դրա համար բավարար չեն եղել: Իրական կրթական բարեփոխման համար շատ ավելի արդյունավետ է լավագույն փորձառություն կրող դասավանդողների` դիրիժոր դառնալը: Չէ՞ որ լավ կրթությունը արարում են ոչ թե շենքերը, այլ մարդիկ:

Առաջարկված մոդելի արդյունավետության երաշխիք է նաեւ կրթական մասնագիտական հաղորդակցումը հաճելի դարձնելը: Այսօր մեզանում դասավանդողներին խեղդող թղթաբանության փոխարեն մենք կունենանք ինքնադրսեւորվելու եւ մտածելու, մասնագիտական աճի` իրապես հաճույք պատճառող զբաղվածություն: Եվ քիչ ժամանակ պահանջող` օրական ընդամենը 30-60 րոպե: Ընդհանուր կրթական փիլիսոփայության առումով նման մոդելի բարձր արդյունավետությունը կապահովեն նաեւ հետեւյալ գործոնները` ոչ ստատիկ լինելու, փոխվելու եւ շարունակական զարգացման բաղադրիչը, տեսական «ճշմարտությունների» միաձուլումը կրթական կոնկրետ փորձառությանը, դրա միջոցով նոր «ճշմարտությունների» հայտնաբերումը: Դասավանդումը անընդհատ մարտահրավերների շղթա է, ու այստեղ բացարձակ օրենքներ չկան: Այս մոդելն էլ անընդհատ շարժման հնարավորություն է:

Եվ, վերջապես, այս մոդելի ստեղծումը անմիջական կապ ունի դասավանդողների վերապատրաստման եւ գնահատման համակարգերի հետ: Մեզանում մինչեւ հիմա եւ հիմա էլ դասավանդողների վերապատրաստումը շրջանառվում է որպես որոշակի ժամանակամիջոցում դեմ առ դեմ դասընթացների շարք (այս պահին էլ կրթության կառավարիչների կողմից շրջանառվում է վերապատրաստումը երկրում լոկալ հատվածաբար իրագործելու մեխանիզմ): Իհարկե, դրանք պետք են: Բայց վիրտուալ տարածության մեջ այսպիսի ամենօրյա մասնակցությունը կապահովի դասավանդողների մասնագիտական զարգացման մշտական ընթացք: Բացի դա, վերապատրաստումների տրամաբանությունը հանգում է հետազոտող եւ մտածող դասավանդող ունենալուն: Նման հարթակում մասնակցությունը բնական կդարձնի դասավանդողի հետազոտական կարողությունների զարգացումը: Ինչ-որ խնդրի մասին մտորելը, հաղորդակցվելը, փորձարկելը դրա լավագույն ճանապարհն է: Մյուս կողմից, այս մոդելը հնարավորություն կտա` դասավանդողների գնահատման բաց, թափանցիկ հարթակ ունենալու: Ինչպես նշել էի, սա ենթադրում է նաեւ ամեն դասավանդողի անհատական էջ, որտեղ բաց երեւում են իր քայլերը, իր մասնակցությունը: Այստեղ մասնակցության քանակը եւ որակը կարող են դառնալ դասավանդողի գնահատման համակարգի բաղադրիչ: Սա լրացուցիչ խթան կդառնա դասավանդողներին մոտիվացնելու (թեեւ վստահ եմ, որ ցանկացած դասավանդողի մեջ կա զարգանալու, դրսեւորվելու, ստեղծելու ցանկություն): Թե դասավանդողի ակտիվությունը ինչ ձեւով կդառնա նրան գնահատելու միջոց, կարելի է քննարկել: Բայց դա չի խանգարում մոդելը արագ գործարկելուն: Ինչ վերաբերում է նման մոդելի ընձեռած շատ կարեւոր հնարավորությանը` դասավանդողներից ստանալու ծրագրեր, դասագրքեր ստեղծողներ, ապա դրան կանդրադառնանք հաջորդ երկու էլեկտրոնային հարթակները ներկայացնելիս:

ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

30.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930