Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է մշակել մարտի 31-ին տեղի ունեցած նախագահական ընտրության քվեաթերթիկները, բայց հազիվ թե լուրջ փոփոխություններ լինեն. ընտրությունների երկրորդ փուլ են անցնում շոումեն Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Երրորդ տեղը զբաղեցրած Յուլյա Տիմոշենկոն այդ արդյունքները կարծես թե չի ընդունում, հաղորդում է BBC-ն:
Քվեարկության օրվա մասին
Մարտի 31-ին Ուկրաինայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Սրանք Ուկրաինայում երկրորդ ընտրություններն են Եվրամայդանից հետո, և սկզբնապես այնքան էլ հեշտ չէր կանխատեսել՝ ով կանցնի երկրորդ փուլ:
Ֆավորիտները երեքն էին՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, նախորդ ընտրություններում նրա մրցակից Յուլյա Տիմոշենկոն և շոումեն Միխայիլ Զելենսկին:
Կարդացեք նաև
ԿԸՀ-ն առայժմ չի հաշվել բոլոր քվեարթերթիկները, բայց արդյունքներն արդեն ակնհայտ են. երկրորդ փուլ են անցնում Զելենսկին (մոտ 30%) և Պորոշենկոն (մոտ 16%):
Ուկրաինայի ՆԳՆ-ի համաձայն՝ ընտրություններն անցնել են առանց լուրջ խախտումների: Որոշ տեղամասերում ոստիկանությունը ստիպված է եղել հեռացնել ընտրական հանձնաժողովի ոչ սթափ անդամներին, իսկ Պոդոլսկում քվեատարածք են նետել հրակայուն խառնուրդ, հրդեհն արագ մարվել է: Բայց ՆԳՆ-ում ընդգծում են, որ այդ խախտումները համակարգված բնույթ չեն կրել և չեն ազդի քվեարկության արդյունքների վրա:
Իսկ Տիմոշե՞նկոն
Յուլյա Տիմոշենկոն, բնականաբար, առաջին փուլի արդյունքները չի ճանաչել: Նա «էքզիթ փոլերի» արդյունքներն անվանել է «մանիպուլյատիվ» և «կաշառված»:
Տիմոշենկոն հայտարարել է, որ իր համախոհները սեփական «էքզիթ փոլն» են անցկացրել ամբողջ Ուկրաինայի ընտրատեղամասերում, և այդ արդյունքներով՝ ինքն է զբաղեցրել երկրորդ տեղը:
Այնուամենայնիվ, նա որևէ աղմկոտ գործողությունների կոչ չի արել. միայն համախոհներին խնդրել է գիշերն անցկացնել ընտրատեղամասերում, որպեսզի «մաֆիան» չկեղծի արդյունքները:
Ըստ քաղաքագետների՝ Տիմոշենկոյի դեմ խաղացել են «հին սերնդի» քաղաքական գործիչների մասին պատկերացումները: Երկրում այժմ փոփոխությունների և նոր քաղաքական առաջնորդների մեծ պահանջարկ կա:
Չնայած նախագահական ընտրություններում պարտության մեծ հավանականության՝ Տիմոշենկոն դեռ լավ հնարավորություն ունի իրեն դրսևորելու երկրի խորհրդարանում: Գերագույն Ռադայի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին:
Ի՞նչ կինի երկրորդ փուլում
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրորդ փուլից առաջ անհրաժեշտ է համարում բանավեճերի անցկացումը: Զելենսկին հաստատել է, որ պատրաստ է դրանց մասնակցել:
Ի՞նչ օրակարգով թեկնածուները կգնան երկրորդ փուլ և ինչի՞ մասին կբանավիճեն: Զելենսկին իր ընտրական քարոզարշավում հիմնվում էր այն բանի վրա, որ ուկրաինացիները պետք է հնարավորություն ստանան իշխանության առաջ խնդիրներ դնել հանրաքվեների միջոցով: Պորոշենկոն շեշտը դնում էր ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամակցության վրա:
Ռուսաստանի հարցում երկուսն էլ արտահայտվում էին միանման. Պորոշենկոն բացահայտ հակադրվում էր Վլադիմիր Պուտինին՝ իրեն անվանելով Ռուսաստանի համար ամենաանցանկալի թեկնածու: Զելենսկին խոստովանում էր, որ Ռուսաստանում ելույթ ունենալն իր համար «պարզապես վատ է»:
Շոումենը և կատակերգու դերասանը կդառնա՞ նախագահ
Միխայիլ Զելենսկին, որը քաղաքականության մեջ փորձ չունի, առաջին փուլում հավաքել է ձայների մոտ 30%-ը՝ զգալիորեն առաջ անցնելով Պորոշենկոյից:
Բայց հաղթանակ նրա համար առայժմ երաշխավորված չէ:
Պորոշենկոն լուրջ հաղթաթուղթ ունի՝ աջակցություն նահանգապետերի և խոշոր քաղաքների քաղաքապետերի կողմից: Բացի այդ, գործող նախագահը հմտորեն օգտագործում է պետականամետ հայրենասերի համբավը, որն ուկրաինական բանակը վերափոխել է և երկիրը պաշտպանում է ռուսական ագրեսիայից:
Ընդ որում, հունվարին տեղի ունեցած հարցումների համաձայն՝ ուկրաինաացիների 71%-ը կարծում է, որ այժմ երկրում իրադարձությունները զարգանում են ոչ ճիշտ ուղղությամբ, իսկ 61%-ը համոզված է, որ երկիրը փոփոխությունների կարիք ունի:
Այնպես որ, երկրորդ փուլի համար կանխատեսումները դեռ վաղ են:
Ինչպե՞ս թեկնածուներն արձագանքեցին արդյունքներին
Առաջին փուլի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Պորոշենկոն հայտարարեց, որ իրեն աջակցող ընտրողներն օգնել են «տապալել Ռուսաստանի ծրագրերը»:
«Մենք՝ ուկրաինացիներս, տապալեցինք առաջին փուլի ռուսական սցեները, քանի որ Պորոշենկոյին չէ, որ ուզում էին տեսնել երկրորդ փուլում: Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, բարեկամնե՛ր և ո՛չ բարեկամներ Ռուսաստանից: Ուկրաինացիները ձեր սցենարը կտապալեն նաև երկրորդ փուլում»,- ասել է Պորոշենկոն:
Ոչ պակաս մարտական է արտահայտվել նաև Զելենսկին: Չնայած նրա շախմատային միտքն այնքան էլ հեշտ չէ հասկանալ:
«Եթե ես հանդիպեմ պարոն Պուտինին, ես նրան կասեմ. «Դե, վերջապես դուք վերադարձրիք մեր տարածքները: Որքա՞ն գումար եք դեռ պատրաստ փոխհատուցել այն բանի համար, որ խլել եք մեր տարածքները և օգնել այն մարդկանց, որոնք մասնակից էին Ղրմում և Դոնբասում իրավիճակի սրացմանը իրենց ողջ սարսափելի, զզվելի ճանապարհին»,- ասել է Զելենսկին:
Իսկ ի՞նչ է մտածում Ռուսաստանը
Ո՛չ Կրեմլը, ոչ Ռուսաստանի ԱԳՆ-ն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները:
Մոսկվայից Կրեմլին մոտ կանգնած մեկնաբանները նախընտրում են շեշտը դնել այն բանի վրա, որ գործող նախագահը դժվարությամբ է անցել երկրորդ փուլ:
Եթե Զելենսկին հաղթի երկրորդ փուլում, Մոսկվան ու Կիևը հնարավորություն կստանան վերսկսել երկխոսությունը, կարծում է սենատոր Ֆրանց Կլինցևիչը: Նրա կարծիքով՝ Զելենսկու հաղթանակի պարագայում ավելի վատ չի լինի, որովհետև «էլ տեղ չկա ավելի վատի», իսկ երկխոսության հնարավորություն կարող է հայտնվել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ