Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ «տարածքներ անվտանգության դիմաց» ձևաչափն այսուհետև փոխարինվում է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» ձևաչափով, մեծ արձագանք է առաջացրել Ադրբեջանում:
Ինչպես հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է, որ Տոնոյանի այդ հայտարարությունը «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առ այն, որ երկիրը վարում է թշնամական և նվաճողական քաղաքականություն»:
Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ նշվում է, որ այդ հայտարարությունը հնչել է անմիջապես Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումից հետո: Գերատեսչությունը հիշեցնում է, որ բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել խաղաղության համար և հստակ արդյունքների ուղղված քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացում՝ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար:
Ադրբեջանի ԱԳՆ-ից եզրակացնում են, որ Տոնոյանի այդ հայտարարությունը կրում է «ակնհայտ սադրիչ բնույթ» և ուղղված է «միջազգային հանրության՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի դեմ»:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշում է, որ «Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես չի գալիս այլ պետությունների նկատմամբ տարածքային հավակնություններով և նպատակ չունի օկուպացնել որևէ տարածք»: Հետո սպառնում է.
«Հայկական կողմի գիտությանն ենք հասցնում, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը աշխարհի ամենահզոր բանակների թվին են դասվում և ունակ են ամենակարճ ժամկետներում ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները՝ համաձայն ինքնապաշտպանության ապահովման միջազգային իրավունքի համապատասխան դրույթի:
Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգությնա խորհրդի բանաձևերի՝ Ադրբեջանը պահանջում է հայկական զորքերի անհապաղ, լիարժեք և անվերապահ դուրսբերում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից: Ադրբեջանի բոլոր ջանքերը միջազգային հանրության աջակցությամբ ուղղված են այդ նպատակի իրականացմանը: Հակառակ դեպքում Ադրբեջանը պատրաստ է ազատագրել իր տարածքները հայկական շրջափակումից ցանկացած այլ միջոցներով՝ առաջնորդվելով միջազգային իրավունքի համապաասխան նորմերով ու սկզբունքներով, ինչպես նաև ՄԱԿ կանոնադրությամբ, և Հայաստանին դա քաջ հայտնի է»:
Հայտարարության մեջ նաև հարցադրում է արվում՝ արդյո՞ք Տոնոյանի հայտարարությունը համաձայնեցված է եղել երկրի վարչապետի հետ, թե եղել է «նախարարական իմպրովիզացիա՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել բանակցությունների էությունը և դրանց արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը»:
Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Դրանում նշվում է, որ Վիեննայում Ալիև-Փաշինյան բանակցությունների ֆոնին Հայաստանի պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը «վկայում է Հայաստանի իշխանական կառույցներում տիրող քաոսի, տարաձայնությունների և ամենաթողության մասին»:
«Տոնոյանը, որը քաջատեղյակ է հայկական բանակի ողբերգական վիճակին, փորձում է տարբեր միջոցներով իր ղեկավարությունից և հանրությունից թաքցնել դա: Միաժամանակ Փաշինյանը, փակ հանդիպում անցկացնելով բանակի ղեկավարության հետ, խոստովանում է, որ Հայաստանի զինված ուժերը ղեկավարվում են գողական օրենքներով, ինչը լուրջ խնդիր է երկրի համար»,- ասել է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգյալխլըն:
Նրա խոսքով՝ Տոնոյանի նման հայտարարությունը «ևս մեկ անգամ պաշտոնապես ցույց է տալիս Հայաստանի օկուպացիոն էությունը, որը գնահատվում է որպես պաշտոնական Երևանի կողմից փորձ՝ սպառնալու Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»:
Ադրբեջանի ՊՆ-ում համոզված են, որ Նյու Յորքի հայ համայնքի առաջ հանդես գալով նման հայտարարությամբ՝ Տոնոյանը նպատակ է ունեցել «մոլորեցնել նրանց և լրացուցիչ գումար հավաքել հայակական սփյուռքից՝ ծածկելու համար գողացված և թալանված ֆինանսական միջոցները»:
Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը նույնպես իր խոսքն ամփոփել է սպառնալիքով՝ նշելով, որ Ադրբեջանի բանակն «ի վիճակի է և պատրատ է ունեցած ամբողջ ուժն ու հզորությունը թափել օկուպանտների գլխին՝ իր տարածքներն ազատագրելու նպատակին հասնելու համար»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ