Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը կամ «թողեք թող աշխատեն»

Մարտ 31,2019 15:58

Ի՞նչ էր արել Կոնստանտին Օրբելյանը, որ մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող անձը (նկատենք, որ մշակույթի նախարարությունից եկած հաղորդագրության մեջ Նազենի Ղարիբյանը ներկայացված էր որպես մշակույթի նախարար) հանկարծ (հանկա՞րծ) որոշեց նրան ազատել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Չարաշահումնե՞ր էր արել, բյուջեից փո՞ղ էր կերել, օպերայի վարկանի՞շն էր գցել, աշխատանքում թերացումնե՞ր ուներ, կոլեկտիվը բողոքո՞ւմ էր, հանդիսատեսը դժգո՞հ էր… Պարզվում է՝ ոչ:

Իսկ ինչո՞ւ հանկարծ (հանկա՞րծ) նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը (ԺՊ) որոշեց, որ իր ոլորտի բոլոր խնդիրները լուծել է, մշակույթի հետ կապված ամեն պրոբլեմ այլեւս անցյալում է, եւ, չնայած չկա որեւէ բողոք, որեւէ թերացում, որեւէ դժգոհություն, եւ, կարելի է ասել՝ նույնիսկ հակառակն է՝ օպերայում պարբերաբար պրեմիերաներ են, որոնցից ոչ մեկին տիկին ԺՊ-ն չի բարեհաճել ներկա լինել, եղել են նաեւ հյուրախաղեր, կոլեկտիվից եւ հանդիսատեսից դժգոհություն չկա, տնօրենն իր կապերի միջոցով է գումարներ գտնում՝ օպերայի նոր ներկայացումների համար եւ ոչ թե «ուտում է» բյուջեի փողեր,  սակայն, ի հեճուկս այս ամենի, պետք է փորփրել, քրքրել, հետաքրքրվել, արդարադատության նախարարությունից եւ այլ տեղերից ճշտել՝ ինչպե՞ս ազատվել Կոնստանտին Օրբելյան-տնօրենից:

Ինչո՞ւ, որովհետեւ Օրբելյանին օպերայի ղեկավարի պաշտոնում հրավիրել էին նախորդ իշխանություննե՞րը: Որովհետեւ նա հայերեն չի՞ խոսում: Ի՞նչ է նա արել, որ մշակույթի նախարարությունը՝ այլ նախարարությունների օգնությամբ, ի վերջո գտել է ՊՈԱԿ-ների մասին օրենքում եղած մի դրույթ եւ բացականչել՝ էվրիկա՜, գտա՜նք, ահա՛ այն կետը, որը մեզ թույլ կտա նրանից ազատվել…

Չէ՞ որ օպերան նախարարություն, կամ համալսարան չէ, որ հանկարծ «հին Հայաստանից» մնացած նախարար կամ ռեկտոր չղեկավարի: Օպերայի՝ հասարակության վրա ազդեցությունը չափազանց փոքր է, այն Հանրային հեռուստաընկերություն չէ: Օպերա հաճախողների թիվը 1000-ի սահմաններում է, եւ դրանք հիմնականում մարդիկ են, որոնց քաղաքականությունն առանձնապես չի հուզում, օպերայում չեն հնչում հակահեղափոխական կոչեր, ոչ էլ բալետի արտիստները կարող են որեւէ հակահեղափոխական «պա» անել:

Գուցե խնդիրը Օպերայի դահլի՞ճն է, որը նոր տնօրենը հաճույքով կտրամադրի կուսակցական հավաքների, կամ, օրինակ, Հրագի համերգներին: Գուցե կա ինչ-որ մե՞կը, որին շտապ պետք է նշանակել որեւէ պաշտոնի եւ չեղած տեղից՝ օպերայի տնօրենն էլ վատ միտք չէ: Գուցե իշխանամերձ շրջանակներից եկող մանր քինախնդրության դրսեւորում էր: Իսկ գուցե պարզապես ինչ-որ իշխանավոր ինքնահաստատման այլ եղանակ չունի, քան սա էր…

Ինձ համար օրինապաշտությունը կյանքի նորմ է: Բայց անգամ ես՝ կույր օրինապաշտս, հասկանում եմ, որ եթե օրենքի պահանջը չկատարելու արդյունքում չկա ոչ մի տուժող կողմ, այլ հակառակը՝ բոլորը շահած են, ուրեմն օրենքն է անկատար: Նաեւ, լինելով հայերենը ամեն ինչից վեր դասող մեկը, հասկանում եմ, որ երաժշտությունը լեզվական կաղապարներ չճանաչող ոլորտ է: Դասական երաժշտության աշխարհը մեկ այլ հարթություն է, երաժիշտները ազգային, աշխարհագրական եւ լեզվական սահմաններ չեն ընդունում, ազգությամբ հնդիկը կարող է ղեկավարել Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ազգությամբ հրեան՝ Բեռլինի սիմֆոնիկը, իտալացին կարող է ղեկավարել Անգլիայի թագավորական օպերան եւ այսպես շարունակ…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ.- Կտրականապես անթույլատրելի եմ համարում տիկին Նազենի Ղարիբյանի անձնական որակների քննարկումը: Քննադատության ենթակա են արարքները կամ մտադրությունները, եւ ոչ թե անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031