Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «2 տարի անց ակնհայտ կլինի՝ ինչպե՞ս ենք դիտարկում Արցախը՝ որպես Հայաստանի մաս, թե՞ որպես հայկական 2-րդ պետություն»

Մարտ 31,2019 15:39

Այսօր «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարն է: Կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին ելույթից առաջ ներկայացրեցին Պարույր Սեւակի խոսքերով․ «Թե նոր զոհ է պետք ընդհանուր գործին, այդ ո՞ւմ եք փնտրում, ես արդեն հո կամ»։  Ապա շարունակեցին Հովհաննիսյանին ներկայացնելը. «Նա անկախ Հայաստանի զարգացման ընթացքի մեջ բեկում մտցրեց, փոխեց ֆեոդալական մտածելակերպը, քաղաքական դպրոց ստեղծեց, սովորեցրեց քաղաքական մշակույթ, միշտ բերեց ու ոչինչ չտարավ: Տակավին պատանի դարձավ ՀՀ ԱԳ նախարար եւ նորանկախ պետությունը ներկայացրեց աշխարհին…»:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց․ «Մարդիկ ուզենան, թե՝ չէ, քաղաքացիական գիտակցություն ունենան, թե՝ չէ, տղամարդություն տիրապետեն, թե՝ չէ՝ ընդունելու համար, որ «Ժառանգությունը» մեր ազգի նվիրյալ մասն է: Մի բան ակնհայտ է՝ «Ժառանգությունն» իր ներդրումը ունի ամեն տեղ՝ հասարակության մեջ, քաղաքացիական պայքարում, մեծ գործի համար մեկ կաթիլը ուրիշների համար ծառայության ճանապարհ է հարթել, եւ այդտեղ է հպարտությունը, արժանապատվությունը եւ բուն «ժառանգությունը»:

Ըստ Հովհաննիսյանի, մինչեւ այս կուսակցության հաջորդ՝ 13-րդ համագումարը, անկյունադարձային շրջան է լինելու. «Արդեն հստակ կլինի՝ արդյոք նոր Հայաստանը, որը բանաձեւեց 2012 թվականին, երդում տվեց 2013-ին եւ ժայթքեց 2018-ին, նոր Հայաստան է ոչ միայն անվամբ, ընթացակարգով, այլ նաեւ ազգային ժողովրդավարական բովանդակությամբ: 2 տարի անց, մինչեւ հաջորդ համագումարը, նոր Հայաստանը հնից ինչպե՞ս է տարբերվելու՝ իր քաղաքական եւ քաղաքացիական գործընկերների հետ, նոր վարչության  ուղեկցությամբ պիտի գիտակցի՝ արդյո՞ք գործող իշխանությունը իրականացնելու է համազգային օրակարգ, համազգային ուժերով, արդյո՞ք պիտի շարունակենք նախորդից ստացած սուպերկուսակցության հոռի երեւույթի խորացումը, մի երեւույթ, որ եթե շարունակվի՝ բումերանգի նման խփելու է մեր պետությանն ու բոլորին անխտիր եւ ճամփա է բացելու նորանոր հեղափոխության, եւ ոչ միայն հակահեղափոխության համար»:

Հովհաննիսյանի խոսքերով՝ այդ շրջադարձային փուլում, 2 տարի անց պետք է պարզ լինի՝ արդյոք «Ժառանգությունում» ու քաղաքական դաշտում կուտակել են բավարար հեռատեսություն,  ինքնավստահություն՝ ի մի բերելու մի նոր ինտեգրալ միացյալ քաղաքական ուժ, քաղաքացիական եւ քաղաքակրթական մի այլընտրանք, որն ի հեճուկս մանր-մունր եւ փոքրիկ նախաձեռնությունների,  հայ ժողովրդին ամբողջովին եւ վերջնականապես վերադարձնելու է իշխանությունը:

«2 տարի անց մեր խոսքով ու գործով արդեն ակնհայտ կլինի, թե Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողվուրդն  ինչպե՞ս է դիտարկում Արցախն ու տարածքային ամբողջականությունն որպես Հայաստանի մաս, թե՞ որպես հայկական 2-րդ պետություն, որն արժանի է ՀՀ-ի եւ միջազգային ճանաչման: Մի հարց, որը 28 տարի է՝ անպատասխան է: Եվ այսպես կհասկանանք, թե ինչպե՞ս են ՀՀ քաղաքացի մեր երիտասարդ հերոս զինվորները, միանալով Արցախի երիտասարդ հերոսներին, ծառայում են առանց Արցախի քաղաքացի լինելու: Ինչպե՞ս է լինում, որ Արցախի քաղաքացին Հայաստանում կարող է լինել պետական ղեկավար, բայց շարքային քաղաքացին Արցախում չի կարող քվեարկել որպես ՀՀ  քաղաքացի: Ինչի՞ հիման վրա է, որ մենք Ստեփանակերտում, Երեւանում, թե այլ տեղ, ունենում ենք ազգային անվտանգության խորհուրդների միացյալ նիստեր: Որպես ի՞նչ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա ներկայացմամբ՝ հետայսու ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի միջազգային իրավունքից եւ ազգային պետական շահից բխող:

Հովհաննիսյանի կարծիքով՝ «Անհրաժեշտ է հայ ժողովուրդը հրավիրի սահմանադիր կամ դրան համարժեք ժողով՝ ժողովրդի հավանությանը ներկայացնելու արդի հայոց պատմության առաջին իրավակարգ Սահմանադրությունը: Առանց դրա, սիրենք, թե՝ չէ, գործող իշխանությունը, բոլորի քաղաքացիական, քաղաքական կյանքը կշարունակի  մնալ «դե ֆակտո», բայց ոչ երբեք «դե յուրե»»:

Մանրամասն՝՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Ուրեմն ենթադրենք Ալիևի հետ նստած բանակցում եք ու վերջինս ասում է- Ի՞նչ ինքնորոշման մասին է խոսքը եթե դուք Արցախը համարում եք Հայաստանի մաս: Եվ ի՞նչ ժողովրդի մասին է խոսքը եթե դուք Արցախի ժողովրդին անվանում եք “Ղարաբաղի հայություն”:

    Ես իրոք չեմ հասկանում ինչ վատ բան կա որ ունենանք 2 հայկական պետություն, կամ հայաստանցի ու արցախցի ժողովուրդ: Նույնն է ոնց որ Թուրքիան դեմ լինի Ադրբեջանին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031