Վերջերս Ազատության հրապարակում ազատամարտիկները հանրահավաք էին կազմակերպել «ոչ մի թիզ հող» թեմայով, որի ընթացքում «դուխով» ու բավական խրոխտ ոճով Նոր Հայաստանի իշխանություններից պահանջում էին ոչ մի դեպքում Արցախի հարցում զիջման չգնալ: Ելույթների մեծ մասից կարելի էր ենթադրել ու եզրակացնել, որ ելույթ ունեցողները Ղարաբաղի հարցում չեն վստահում Նոր Հայաստանի իշխանություններին: Համենայն դեպս, նրանց խրոխտ ու ինքնավստահ ելույթները ներկայիս իշխանության հանդեպ որոշակի «հաթաթա» էին պարունակում:
Ընդդիմությունը միշտ էլ Հայաստանի ղեկավարներին մեղադրել է Ղարաբաղի հարցում սխալների մեջ: Ամենից ավելի Ղարաբաղի հարցում քննադատության է արժանացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում իշխանության օրոք, փաստորեն, կերտվեց Ղարաբաղյան հաղթանակը, և քանի որ դժվար էր Ղարաբաղի հարցում մեղադրել հաղթած նախագահին, ընդդիմադիրները Տեր-Պետրոսյանի խաղաղասիրական հակումներն ու հորդորները ներկայացնում էին իբրև պարտվողականության դրսևորումներ:
Այսինքն, Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսների համար կոնկրետ փաստեր հարկավոր չէին. կարևորը առաջին նախագահի դեմ նրանց տրամադրվածությունն էր, և առ այսօր էլ մեր «քաղաքական գործիչների» մեջ մարդիկ կան, ովքեր Հայաստանի առաջին՝ հաղթած նախագահին մեղադրում են «Ղարաբաղը ծախելու» մեջ, և, ամոթ էլ է ասել, մեր լրատվական կայքերից մեկում մեր էդ վայ քաղաքական գործիչներից մեկը, ով ժամանակին նաև Ազգային ժողովի պատգամավոր է եղել, Արցախյան պատերազմում հաղթած նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին անպատկառորեն անվանում է «ադրբեջանամետ», և չնայած առաջին նախագահի դեմ նրա հակառակորդների այսօրինակ բացասական տրամադրվածությունն արդեն տգեղ ավանդույթ է դարձել և արդեն մեզ չի զարմացնում, բայց այս «ադրբեջանամետ» պիտակը բոլոր սահմաններն էր անցնում և ինձ իսկապես զարմացրեց, և առաջին նախագահին «ադրբեջանամետ» անվանած այս չակերտավոր քաղաքական գործչին ես հանգիստ խղճով կարող եմ «ադրբեջանամետ» անվանել և իր հույժ բացասական կերպարին ավելի հանգամանալից անդրադառնալ, բայց իր անունը հատուկ չեմ ուզում նշել ու շեշտել, որպեսզի էս ասածներս չանձնավորվի, որովհետև մեր հասարակության մեջ կան շատ ավելի դրական քաղաքական գործիչներ ու նաև շարքային քաղաքացիներ, ովքեր խաղաղասիրության ու հատկապես Տեր-Պետրոսյանի խաղաղասիրության մեջ պարտվողականության նշաններ են տեսնում, և դա իսկապես զարմանալի է, և զարմանալով մտածում եմ, թե այդ ե՞րբ դարձանք էսքան պատերազմասեր, որ էսպես, գրեթե ազգովի, քամահրանքով ենք վերաբերվում խաղաղությանն ու խաղաղության ջատագովներին, և էս ասածս տեղին է հատկապես այսօր՝ մեծն Թումանյանի 150 ամյակի այս օրերին, քանի որ մեծ լոռեցին ոչ միայն բացառիկ մեծ գրող էր, այլև՝ բացառիկ մեծ խաղաղասեր, ու նաև տեղին եմ համարում նշել, որ ժամանակին մեր ազգի մեջ Թումանյանի խաղաղասիրությանը քամահրանքով վերաբերվողներ էլ են եղել, և հետաքրքիրն էն է, որ մեզանում պատերազմի ջատագովներն ու խաղաղասիրությունը պարտվողականություն համարող ու ներկայացնող այս ագրեսիվները հիմնականում ու մեծամասամբ նրանք են, ովքեր ոչ միայն Արցախյան պատերազմին չեն մասնակցել, այլև խուսափել ու ճողոպրել են բանակում զինվորական պարտադիր ծառայությունից, և չնայած մշտապես ագրեսիվ են ու մշտապես խաղաղությանը դեմ, համոզված ենք, որ եթե, Աստված մի արասցե, վերստին լայնածավալ պատերազմ սկսվի, այս պատերազմասերները վերստին մկան ծակն են մտնելու, ճողոպրելու ու հնարավորինս հեռու են գտնվելու ռազմաճակատից ու պատերազմական իրադարձություններից:
Այսուհանդերձ, էս ասածներս ամենևին չեն նշանակում թե՝ հանուն խաղաղության մենք պետք է Արցախի հարցում զիջումների գնանք: Չնայած մենք խաղաղությունը հույժ կարևորել ու կարևորում ենք, բայց հանուն խաղաղության Արցախի հարցում զիջումների չենք գնացել և ոչ էլ առաջիկայում ենք մտադիր զիջումների գնալ: Չնայած վերջերս Ազատության հրապարակում տեղի ունեցած ազատամարտիկների հանրահավաքին ազատամարտիկները Նոր Հայաստանի իշխանություններից խստիվ պահանջում էին Արցախի հարցում զիջողությունների չգնալ և «ոչ մի թիզ հող» չզիջել, չենք կարծում թե՝ Նոր Հայաստանի իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տրամադրված ու հակված են Արցախի հարցում զիջումների գնալ և «մի թիզ հող» զիջել:
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, կարծում ենք, որ Հայաստանի նոր իշխանություններն էլ են խաղաղությունը հույժ կարևորում: Խաղաղությունը կարևորում են, բայց, կարծում ենք, որ խաղաղության հարցին էլ են վերաբերվում «դուխով»: Ինչպես նաև՝ խելքով: Առանց փոքր-ինչ զիջումների:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ