«Հայրս առանձնապես կողմ չէր, որ շարունակեմ պատմաբանի իր գործը, բայց արգելք չհանդիսացավ, չնայած որ երազում էր, որ բժիշկ դառնայի: Ես գտել եմ, որ պետք է արդարացնեմ պատմության ֆակուլտետ ընդունվելս, հորս գործը շարունակեմ այնպես, որ որեւէ կասկած չառաջանա, որ հայրիկիս շնորհիվ եմ ընդունվել ու սովորել, դրա համար սովորել եմ շատ աշխատելով»,- Aravot.am-ին պատմեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Թեեւ նրա պնդմամբ, իր մասնագիտական կարիերայում թիկունք ու բարեխոս չի ունեցել, ամեն ինչին հասել է իր ուժերով, այնուամենայնիվ, պատմեց, որ ԵՊՀ- ում աշխատանքի է տեղավորվել հայոց պատմության ամբիոնի վարիչ Լենդրուշ Խուրշուդյանի միջնորդությամբ, վերջինիս շատ վաղուց էր ճանաչում, հոր ընկերներից էր ու իրենց տուն գալիս-գնում էր:
Արամ Սիմոնյանի պատմելով՝ 90-ականներին՝ պատերազմի տարիներին, ուսանողներից շատերը կամավոր գրվեցին ու գնացին ճակատամարտ, մեր հարցին, թե ինչո՞ւ ինքը չմեկնեց, նա պատասխանեց. «Համալսարանականներով համալսարանում ենք շատ մեծ գործունեություն ծավալել, Արցախի ու ՀՀ միացման պահանջով գործադուլներ էինք կազմակերպում: Իմ ուսանողների թվում են եղել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն ու շատ ազատամարտիկներ: Մենք էլ ջոկատ էինք ստեղծել, նրանց օգնում էինք այդ ջոկատի միջոցով՝ պարեն ու ռազմամթերք էինք ուղարկում: Այդ տարիներին Արցախ եմ գնացել երկու անգամ՝ բարոյական ու հոգեբանական աջակցություն ցույց տալու մեր ուսանողներին ու զինվորներին, ինքս չեմ կռվել»:
Կարդացեք նաև
Արամ Սիմոնյանը կարճ ժամանակահատվածում դասախոսից դարձավ ուսումնական վարչության պետ, հետո պրոռեկտոր, հետո ռեկտոր:
Մեր դիտարկմանը, թե ձեր ճանապարհը հարթ է անցել, նա չհամաձայնեց. «Ճանապարհը հարթ չէր, շատ դժվար էր, որովհետեւ տարիները՝ իննսունականները, շատ դժվար էին: Ձմռան ցրտին, երբ համալսարանը փակ էր, չէր ջեռուցվում, ցրտից ուռչում էին մեր մատները, մենք այստեղ նստած գրում էինք համալսարանի կանոնադրությունը եւ այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 90-ականների վերջին համալսարանը դուրս եկավ ճգնաժամից»:
1997-ից Արամ Սիմոնյանը նաեւ կուսակցական գործունեություն է ծավալել՝ անդամակցելով ՀՀԿ-ին: Ի՞նչ տվեց նրան ՀՀԿ-ն. «Հանուն կարիերայի չեմ գնացել այդ կուսակցություն ու չեմ կարծում, որ կուսակցությունն ինձ օգնել է մասնագիտական առաջխաղացումների առումով»:
Արամ Սիմոնյանն իր՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում երկարակեցությունը պայմանավորում է իր լավ աշխատանքով. «Ինձ անընդհատ ընտրել են, եթե վատ աշխատեի, ինչո՞ւ ինձ պետք է ընտրեին: Ես կարծում եմ, որ իմ աշխատած տարիներին հաջողություններն ու ձեռքբերումներն ավելի շատ են եղել, քան՝ թերացումներս: Թերացել եմ մի քան բանում՝ չեմ կարողացել ավելի շատ ֆինանսական միջոցներ բերել համալսարան այլ աղբյուրներից ՝ նկատի ունեմ ոչ պետական եւ ոչ վճարովի ուսուցումից, չեմ կարողացել մինչեւ վերջ ապահովել սերնդափոխությունը, ես միշտ գտել եմ, որ լավագույն տարբերակը ավագ ու կրտսեր սերնդի սինթեզն է, գուցե պետք էր ավելի եռանդուն ներգրավվել երիտասարդներին եւ կարելի էր ավելի արդյունավետ լինել մեր գիտական արդյունքների ներդրման հարցում»:
Մեր հարցին, թե ընդունո՞ւմ եք, որ կուսակցականացրել եք կրթական համակարգը, ձեր լծակներն օգտագործել եք հօգուտ ՀՀԿ-ի, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Կտրուկ մերժում եմ, առասպել է, որ հրապարակ է նետվել ինչ-ինչ քաղաքական նպատակներով: Ես ունեցել եմ հստակ դիրքորոշում՝ բացառել որեւէ քաղաքական ուժի ներգործություն համալսարանի վրա, կուսակցական որեւէ խմբավորման ստեղծում, չեմ խրախուսել, թե այս կամ այն մարդուն համոզենք՝ դառնան հանրապետական, ես որեւէ ճնշում չեմ գործադրել որեւէ մեկի վրա»:
Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հանրահավաքներին դասախոսապրոֆեսորական կազմին հանձնարարում էիք պարտադիր մասնակցել, ռեկտորը չհամաձայնեց. «Չէ նման բան չի եղել, եղել է, որ մեզ ուղարկել են հրավերներ որեւէ միտինգի, ես աշխատանքից հետո գնացել եմ որպես կուսակցական, բայց որ պարտադրենք, նման բան չեմ հիշում»:
Մեր հարցին, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ ձեր պաշտոնավարման վերջնաժամկետը ապրիլի տասնհինգն է, այդ օրը հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվելու, քննելու են Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումը ձեր պաշտոնավարման վերաբերյալ, տեղյա՞կ եք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իմ ժամկետը լրանում է 2020 թվականի մայիսին, հոգաբարձուների խորհուրդը կարող է քննարկել ռեկտորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը, դա իր իրավասությունների շրջանակում է, բայց տրամաբանված չէ, որովհետեւ հունվարի վերջին հոգաբարձուների խորհուրդը լսել է իմ հաշվետվությունը, քննարկել, ռեկտորի գործունեությունը համարել բավարար շարունակելու համար, դրական կարծիք հայտնել. ինչ է փոխվել այս մեկուկես ամսվա ընթացքում, նշանակում է, որ դա քաղաքական որոշման արդյունք կարող է լինել, պարտադրանք նաեւ: Նման շշուկներ ինձ հասել են, հասկանում եմ, որ համալսարանի ռեկտորի պաշտոնում իմ լինելը ձեռնտու չէ նախարարին ու վարչապետին, կուզեին ուրիշին տեսնել, բայց օրենք ու կարգ գոյություն ունի, օրենքի խախտումով նման բան անել նշանակում է հարված հասցնել համալսարանի ինքնավարությանը»:
Մեր հարցին՝ իսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք համալսարանի ինքնավարություն կա՞ր, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որոշակի առումով, այո, ինքնավար էր, բայց գտնվում էր նաեւ պետական ապարատի որոշակի վերահսկողության տակ»:
Մեր հարցին՝ իրեն վերագրե՞լ է վարչապետի հայտարարությունը, թե բարձրագույն կրթական համակարգը դարձրել է կուսակցական բջիջ, ուսանողների վրա դռներ է փակել, աթոռն էլ ճանկռում է պաշտոնը պահելու համար, ի պատասխան. «Իհարկե, չէ. երեւի բազկաթոռիս այս մաշվածությունն են տեսել, կարծել են՝ ճանկռում եմ, այս պաշտոնից կառչած չեմ, 13 տարի է՝ ինչ ռեկտոր եմ, բայց գտնում եմ, որ ամեն ինչ օրենքի սահմաններում պետք է լինի, եթե մարդը ընտրված է հինգ տարի ժակետով ու մեկ տարի է մնացել նրա պաշտոնավարման ավարտին, անունը ինչ դնել ու նրան հանել»:
Դուք համաձայն եք, որ ձեր պաշտոնավարման ընթացքում ԵՊՀ-ում դեգրադացիա ու հետընթաց է գրանցվել մեր հարցին ԵՊՀ ռեկտորը պատասխանեց. «Բացարձակ համաձայն չեմ, համարում եմ մտացածին, գտնում եմ, որ նախարարը լավ չի տիրապետում համալսարանի անցուդարձին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ