Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյանը հուզմունքից լաց եղավ. «Ինձ միայն մեկ բան է հետաքրքրում»

Մարտ 30,2019 22:10

«Շատերը երեւի չգիտեն, թե Օրբելյանը որքան գումարներ է թատրոնի համար ներդրել անձնական միջոցներից, դրսից հրավիրել լավագույն մասնագետներին՝ կրկին իր միջոցներով: Նա նաեւ թատրոնին է նվիրել թանկարժեք տեխնիկա»,- Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում այսօր թատրոնի արտիստների եւ մշակույթի գործիչների հավաքի ժամանակ հայտարարեց Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալլաքյանը՝ ցանկանալով մատնանշել, թե որպես տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ինչպիսի ներդրում է ունեցել թատրոնի զարգացման համար:

Թատրոնի արտիստներն այսօր հավաքվել էին՝ սատարելու Օրբելյանին եւ բողոքելու նրան թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ: Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Օրբելյանն ազատվել է այդ պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում):

Թատրոնի ռեժիսոր Հարություն Արզումանյանն էլ շեշտեց՝ Նազենի Ղարիբյանը թատրոնի խաղացանկից տեղյակ չէ, մեներգիչներին չի ճանաչում. «Որեւէ բանից տեղյակ չէ, անգամ չգիտի, թե «Արտավազդ» մրցանակաբաշխությունն ինչ է»: Ըստ ռեժիսորի՝ Օրբելյանի շնորհիվ թատրոնում աշխատանքային մթնոլորտը բացառիկ մակարդակի է: Կոնստանտին Օրբելյանին աջակցություն հայտնեցին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մշակույթի տասնյակ գործիչներ: Նրանք Նազենի Ղարիբյանի հրամանը «խայտառակություն» որակեցին: Ռուզան Սարյանն ընդգծեց. «Այդ որոշումը համաշխարհային երաժշտական հանրության առաջ ՀՀ-ին խայտառակ անող որոշում է»:

Հավաքի ավարտին ցանկացավ ելույթ ունենալ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: Լեցուն դահլիճը նրան տեւական ժամանակ ծափահարեց. Օրբելյանը հուզմունքից լաց եղավ, ապա հայտարարեց. «Ես սիրում եմ Հայաստանը: Ես քաղաքական գործիչ չեմ: Ինձ միայն մեկ բան է հետաքրքրում՝ հայկական օպերայի եւ բալետի միակ թատրոնի զարգացումը: Շնորհակալ եմ այս թատրոնի բացառիկ անձնակազմին: Մեծ ծրագրեր ունեմ, եւ շատ տխուր կլիներ ընդհատել այն ճանապարհը, որը բռնել է մեր թատրոնը: Շատ կափսոսեմ»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/301611300534953/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    “որքան գումարներ է թատրոնի համար ներդրել”…. Հաաա հիմա ամեն ինչ պարզ է: Ուղղակի չէի կարող հասկանալ թե ինչու են սենց պայքարում այս ռուսախոս մարդու համար: Բայց անհանստանալու բան չկա: Պարոն Օրբելյանը միակը չէ ով փող ունի: Ի դեպ կեցցե Հայաստանը որ վերջապես պաշտպանում է օրենքներն ու հատկապես լեզվի մասին օրենքը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031