2019 թ. մարտի 18-22-ը ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանը, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, Որակի ապահովման ու բարեփոխումների կենտրոնի ղեկավար Ռ. Խաչատրյանը և Մանկավարժության ու լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լ. Միլիտոսյանը մեկնել էին Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի «Աջակցություն կրթությանը հանուն զարգացման (READ 2), ՀՀ-ում կրթության գնահատման կարողությունների հզորացում կրթական վերջնարդյունքների բարելավումը խթանելու նպատակով» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված հանդիպումներին:
ԵՊԼՀ ներկայացուցիչները մասնակցել են կրթության գնահատման, կրթության չափման, կրթության կառավարման ու որակի ապահովման թեմաներով հանդիպում-քննարկումների Մոսկվայի հասարակական և տնտեսական գիտությունների ինստիտուտում, Կրթության ինստիտուտում և Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանում ռեկտորների, դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ասպիրանտուրայի ղեկավարների, ասպիրանտների ու մագիստրանտների հետ:
Հանդիպումների ժամանակ հյուրընկալող հաստատությունները ներկայացրել են ՌԴ բուհերի կողմից ներդրված «Կրթության գնահատում» կրթական ծրագրերի ազգային փորձը, ինչպես նաև միջազգային համեմատական վերլուծությունների արդյունքները նմանատիպ կրթական ծրագրերի վերաբերյալ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են վերոնշյալ մագիստրոսական կրթական ծրագրերի ներդրման առանձնահատկությունները, ռեսուրսների ապահովվածությունը, լիցենզավորման և հավատարմագրման հիմնախնդիրները, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացման կառուցակարգերը, որոնք կարող են հանդիսանալ որպես ուղղորդում ԵՊԼՀ-ում «Կրթության գնահատում» մագիստրոսական ծրագրի իրականացման համար:
Քննարկվել են ուսանողներին գիտահետազոտական աշխատանքների մեջ ներգրավելու արդյունավետ մեխանիզմներն ու կրթական գործընթացում նրանց ներառման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում ԵՊԼՀ մասնակիցները փորձի փոխանակում են իրականացրել, և քննարկվել է երեք փոխըմբռնման հուշագրերի կնքման հեռանկարը:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում ԵՊԼՀ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ և Որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի ղեկավար Ռ. Խաչատրյանը մանրամասնեց, որ ԵՊԼՀ-ի կողմից իրականացվող «Կրթության գնահատում» մագիստրոսական կրթական ծրագիրը միակն է ՀՀ-ում, որն իրականացվելու է 1.5 տարում 90 ԿՓԵՀ կրեդիտների շրջանակում. «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության գնահատում» կրթական ծրագիրը նախատեսված է մագիստրատուրայի ուսանողների համար, ովքեր ցանկանում են խորը գիտելիքներ ձեռք բերել և հմտանալ հատկապես այնպիսի գիտակարգերում, ինչպիսիք են կրթության գնահատում, չափում, թեստերի ձևավորում, կրթության քաղաքականության մշակում ու վերլուծություն և հարակից այլ գիտակարգերում:
Տվյալ կրթական ծրագիրն իրականացվելու է ինչպես ԵՊԼՀ ամբիոնների, այնպես էլ Գնահատման թեստավորման կենտրոնի և այլ հնարավոր գործատուների կողմից: «Կրթության գնահատում» մագիստրոսական կրթական ծրագրի առավելություններից են՝ թեստեր մշակելու գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստում, ովքեր թեստերը ճիշտ մշակելուց ու կիրառելուց բացի կկարողանան նաև վերլուծել դրանց արդյունքները, այնպիսի մասնագետների պատրաստում, ովքեր ունակ են գնահատելու գիտելիքը՝ կիրառելով գնահատման բազմազան գործիքներ ու մեխանիզմներ, այնպիսի մասնագետների պատրաստում, ովքեր ունեն որակական ու քանանական վերլուծություններ կատարելու ունակություններ»:
ԵՊԼՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ