Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Ղարաբաղ 1988» գիրքը ներկայացվեց ընթերցողին: Գրքի շնորհանդեսն անցկացվեց Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում:
Շնորհանդեսին ներկա հյուրերը, որոնցից շատերը հեղինակի հետ երկար ճանապարհ էին անցել, հատուկ նշեցին այս գրքի կարևորությունը՝ ներկա և ապագա սերունդների համար:
Գրքում նկարագրվում են ութսունականների վերջի իրադարձությունները, որոնք առավել հայտնի էին որպես «Ղարաբաղյան շարժում»: Հեղինակը ոչ միայն գտնվել է այդ իրադարձությունների էպիկենտրոնում, որոնք հիմնավորապես փոխել են հայ ժողովրդի կյանքը, այլև եղել է այն մարդկանց թվում, որոնք ղեկավարել են շարժումը, որն էլ Խորհրդային Միության փլուզման հիմք է դարձել և ծնունդ է տվել սոցիալիստական հանրապետություններում հանուն ազատության ու անկախության մղվող կենտրոնախույս շարժումների: «Ղարաբաղ 1988» վեպ-էպոպեան հագեցած է ժողովրդական բանահյուսությամբ, արցախյան բնության հրաշալի նկարագրություններով և սովետական իրականությունը ներկայացնող նկարներով… Այս գիրքն այն սերնդի մասին է, որն ամեն գնով պայքարել է իրենից հետո եկողներին ազատություն ու արժանավայել կյանք փոխանցելու և նրանց առաջ պարզ ճակատով ներկայանալու համար:
Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է. հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է: 2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում(Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար:
Կարդացեք նաև
Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: