«2017թ.-ի օգոստոսին ՀՀԿ-ն կատարեց իր ամենահիշարժան եւ գնահատվող, ճիշտ հրամանը՝ Օրբելյանին նշանակեց մեր թատրոնի ղեկավար»,- Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում այսօր մշակույթի գործիչների հավաքի ժամանակ հայտարարեց Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի մեներգիչ, թատրոնի թատերախմբի ղեկավար Ռուբեն Նուրիջանյանը:
Թատրոնի արտիստներն այսօր հավաքվել էին՝ սատարելու Օրբելյանին եւ բողոքելու նրան թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ: Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Օրբելյանն ազատվել է այդ պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում):
Անդրադառնալով մարտի 29-ին Նազենի Ղարիբյան-արտիստներ հանդիպմանը՝ Ռուբեն Նուրիջանյանը դժգոհեց նախարարի պարտականությունները կատարողի պահվածքից եւ Փաշինյանին կոչ արեց կադրերի ընտրության հարցում ավելի ուշադիր լինել: Այնուհետեւ Ռուբեն Նուրիջանյանը նշեց. «Ծնունդով Աշոցքից եմ, որտեղ հիմա մեկ մետրանոց ձյան շերտ կա: Մտածեցի, որ ես էլ պետք է մշակութային քայլարշավ սկսեմ: Դահուկներով կիջնեմ մինչեւ Գյումրի, բայց դիմում եմ Նիկոլ Փաշինյանին: Խնդրում եմ մեկ ամսով ինձ տալ ձեր ուսապարկը, այն շատ «խերով» է: Վստահ եմ, որ քայլարշավիս արդյունքում տիկին Ղարիբյանն ինձ կասի՝ դուք ճիշտ էիք, պարոն Ռուբեն…»:
Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանն էլ դառնալով նշյալ հանդիպմանը՝ հայտարարեց. «Նա մեզ ասաց, որ կարիք չունի մեր հետ ծանոթանալու: Այսինքն, այդ կինը մեզ չի ճանաչում: Եթե այդպես է, մենք էլ նրան չենք ճանաչում եւ չենք ընդունում իր կարծիքն ու հրամանը: Առաջարկում եմ նրա հետ երկխոսության մեջ չմտնել: Երբ նա կգա թատրոն, կասենք, որ նրան չենք ճանաչում: Նրանց հետ պետք է խոսել իրենց իսկ լեզվով»: Հիշեցնենք, որ թատրոնի նոր տնօրենն աշխատակազմին ներկայացվելու է երկուշաբթի:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/301611300534953/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ