Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդի վարկային պատմություն (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Մարտ 30,2019 20:00

Հետևելով Հանրապետության նախագահի հանձնարարականին, բանկերի կառավարիչները գրեցին պատմության դասագրքեր, որովհետև հայ ժողովրդի պատմությունը, որոշ ժամանակից ի վեր, վարկային պատմություն է: Սույնը ծանր ու երկարատև աշխատանք էր, քանզի ֆինանսական գործարքներ իրականացնող օպերատորները նաև պատմական փաստեր էին կորզում փառապանծ անցյալի շտեմարաններից, կառավարիչները շարադրում էին դրանք նոր լույսի ներքո, իսկ մաքրուհիները խմբագրում էին: Ոչ կարճատև այս ժամանակահատվածում Եղիշեն հրկիզեց իր մատյանները, Խաչատուր Աբովյանը չվերադարձավ այլևս, իսկ Միքայել Նալբանդյանը մոզամբիկցի աղջկա սգերգքով հարստացրեց պետության օրհներգը:

Ի դեպ, Սադայելը պոչ ու պոզավոր դևեր էր ուղարկել, և դրանք Եռաժանիներով պարն էին պարում ՆԳՆ նիստերի դահլիճում:

Մարդիկ սարսափ ֆիլմեր նայելու հարկ չունեին այլևս, քանզի նրանցից յուրաքանչյուրի կյանքը հարստացված էր ամենագունագեղ զարհուրանքներով: Օրինակ՝ Սիրանույշ տատը վարկ էր վերցրել դնովի ատամներ պատրաստելու համար, բայց ապաշնորհ մասնագետն այնպիսի ծնոտներ էր պատրաստել, որ խեղճ կինն այլևս ոչ մի բառ չէր կարողանում արտաբերել: Ընդ որում, փող չուներ հետայսու: Շաբաթը մեկ, կանոնավոր հաճախականությամբ, բանկի սպասավորները կալանավորում էին նրան ու տանում-տեղավորում էին՝ վերին ատյաններին ներկայացնելով, բայց խեղճ կինը ծպտուն իսկ չէր կարողանում հանել, իսկ բանկի կառավարիչն ահավոր գազազում էր՝ բզկտվելով այն գիտակցությունից, որ, ահա՛, բարձրաշխարհիկ իր փողերը կորսվում են պլեբեյների ձեռքով:

Սա օրինակ է առ այն, թե ինչպես կարող է փլուզվել բանկային համակարգը:

Սակայն՝ չշեղվենք:

Եթե հանրապետության տարածքում կար մեկը, ով վարկ չէր վերցրել ընդհանրապես, նրան նվաստացնում ու քարկոծում էին՝ բառիս ամենաիսկական իմաստով: Բայց քանի որ յուրաքանչյուր քաղաքացի նաև բանող անասուն կարող է լինել (տե՛ս Ժողովողի իմաստությունը), Առողջապահության նախարարությունն արտադրել էր հատուկ՝ սնամեջ աղյուսիկներ, որոնք անարգանքն էին շեշտում՝ քարկոծվողի մարմինն անվնաս թողնելով:

– Եթե մենք փող ծախսենք և դեղորայք տրամադրենք մեզանում քարկոծվող յուրաքանչյուր քաղաքացու,- մի առիթով ասել էր Առողջապահության նախարարը,- կարճ ժամանակ անց կզրկվենք և՛ դեղորայքից, և՛ պետական մտածողությունից: Որովհետև մեր հաբերն ու սրսկումները, նախ և հետո, ուղեղի աշխատանքն են կարգավորում՝ պետական մտածողություն հարուցելով: Ուստի դավաճան է նա, ով չի պատվաստում իր կողակցին, անկյունում ընկած պապ ու տատերին, կյանքում խոշոր և ընտանի անասուններին, գյուղում անտեղյակ իր մերձավորին, իր որդուն, աղջկան կամ մեկ այլ սեռ ունեցող իր երեխային:

Չեմ կարող չասել, որ համազգային սարսափների ժանրում ոչ պակաս դերակատարում ունեին նաև երեխաները: Վարկ վերցնող յուրաքանչյուր քաղաքացի, հետևելով Սահմանադրական դատարանով հաստատված օրենքներին, պայմանագիր էր ստորագրում առ այն, որ պատանդ կթողնի իր երեխաներից առնվազն մեկին՝ վարկի գումարը չվերադարձնելու դեպքում: Իսկ ժառանգ չունեցողները բանկերից փող էին ստանում մեծ դժվարությամբ ու չտեսնված բարձր տոկոսներով: Ընդ որում՝ չնչին գրոշներ: Բայց քանի որ փողն ու ֆիզիկական կարիքները խորապես փոխկապակցված անեծքներ են, նրանք հապշտապ ամուսնանում էին՝ գեշ, անտրամադիր կնիկներ ճարելով ու ակամա նպաստելով ազգի քանակական աճին: Ապա հասունանում էր վարկ վերցնելու անհրաժեշտությունը, անվճարունակ լինելու իրականությունն ու երեխային պատանդ թողնելու պարտադրանքը, և բազմաթիվ որբեր ողբում էին ճաղավանդակների ետևից՝ ազգային գութ աղերսելով, քանզի բանկերը նաև բանտեր էին կառուցել, որպեսզի պատիժն ու փողը հավասարազոր լծակներ լինեն ողջ հանրապետության մասշտաբով:

Այստեղ առաջնային կարևորություն ունեին Հայ ժողովրդի վարկային պատմության դասագրքերը, որտեղ մանրամասն հիշատակություններ կային այն մասին, թե ինչպես են վարկեր վերցրել, օրինակ՝ Գևորգ Մարզպետունին, Կոմիտասը, Նաղաշ Հովնաթանը, Շուշանիկ Կուրղինյանն ու Թադեոս առաքյալը, որ խիստ նեղության մեջ էր, երբ եկել էր Հայաստան, որպեսզի քրիստոնեություն տարածի: Ամբողջ հավատացյալ հոտը վարկերի տակ ճռռում էր: Սա՝ անցյալում:

Ներկա գործընթացին մասնակից էին անգամ պետական այրերը: Օրինակ՝ հանրապետության վարչապետը վարկով էր վերցրել իր լվացքի մեքենան, և այս մեքենան արդեն քանի-քանի տարիներ անխափան աշխատում էր՝ փող լվանալով: Պատահեց այնպես, որ ազգը երեք օր ողբում էր, իսկ պետության դրոշները փռել էին շուկաների վաճառասեղաններին՝ համազգային սուգը շեշտելով, քանզի Ազգային ժողովի նախագահը վարկով հեռուստացույց վերցնելու ցանկություն էր հայտնել, բայց նրան, Աստված իմ, մերժել էին: Խեղճ մարդը երեք օր շարունակ կախվել էր իր այգու փշալարերից ու հայրենասիրական երգեր էր հնչեցնում ոռնալու տարբերակով, բայց և արտասվում էր այնպիսի նախադասություններ, որոնք պատգամավորական մանդատներ  էին շոշափում:

– Օգնեցե՜ք,- հանկարծ և ժամանակ առ ժամանակ բղավում էր ինչ-որ մեկը՝ մազերը փետելով:

– Ի՞նչ կա, բարեկամ, վա՞րկ չունես, թե՞ ոջիլ ընկճող քսուկդ է սպառվել:

– Ա՜խ,- հառաչում էր բանվորական հեռանկարների մեջ անհեռանկար քաղաքացին,- «Ինձ թաղեք, երբ կարմիր արշալույսն է մարում» (Վ.Տ.):

– Սակայն՝ ինչո՞ւ:

– Կնոջս… Կնոջս բռնել են: Այսինքն՝ գերի են տարել:

– Իսկապե՞ս,- հրճվում էին ամուրիները՝ աղի արցունք թափելով:- Բայց՝ ովքե՞ր:

– Ի՞նչ եք տխմար հարցեր տալիս ու վշտիս շտեմարանները պրպտում,- հանկարծ բռնկվում էր խեղճացած քաղաքացին՝ խեղճ առյուծ դառնալով, պարզ չի՞ ովքեր: Բանկի սրբուհիները:

– Միգուցե՝ մաքրուհինե՞րը:

– Դե՜.. Չգիտեմ: Գոգնոցով տղամարդիկ էին:

– Բայց ի՞նչ պատճառով:

– Վերջին վճարման կտրոնը չէի կցել հայ ժողովրդի վարկային պատմության դասագրքին:

– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- ցնցվում-դիվոտում էին օրինապահ քաղաքացիները:- Դավաճա՛ն: Հիմա տեղն է քեզ նմանին: Խեղճ կինը կխորտակվի բանկի բանտերում՝ նոր կհասկանաս, թե կյանքն ինչ կարող է լինել առանց կտրոն, առանց կողակից, առանց…

Ի դեպ, սա օրինակ է հակապետական անփութության մասին: Քանզի օրենքը պարտադրում էր. «Վարկ վերադարձնող  յուրաքանչյուր քաղաքացի վճարման կտրոնով պետք է հարստացնի հայ ժողովրդի վարկային պատմության իր դասագիրքը, որպեսզի սերունդները կրթվեն ճշգրիտ փաստերով, իսկ ուսուցիչները չմոգոնեն բաներ, որոնք չեն պատկերացրել մինչև իսկ Վասակ Սյունեցին, Ֆրիկն ու Խաչիկ Ստամբոլցյանը»:

– Ովքե՞ր:

– Հիմար հարցեր մի տվեք, խնդրում եմ:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031