Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Խոշոր վթար «Արզնի 2 – Երեւան» ջրատարի վրա․ Արաբկիրի որոշ վայրերում ջրամատակարարումը կդադարեցվի

Մարտ 30,2019 14:53

Այսօր, առավոտյան ժամը 7.30-8.00-ին Վեոլիա Ջրի Կենտրոնական կարգավարական ծառայությունում գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 – Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա: Մայրաքաղաքի մուտքին տեղադրված էլեկտրոնային հոսքաչափը ցույց է տվել վայրկյանում շուրջ 130 լիտր ջրի կորուստ:

Պարզ է դարձել, որ վթար է տեղի ունեցել, այն էլ խոշոր: Տագնապով ոտքի հանված 2 վթարային բրիգադ մեկնել է դեպքի հնարավոր վայր ու հայտնաբերել վթարը Գետամեջ գյուղին հարակից այսպես կոչված գազի պահեստարանների շրջանում: Ջուրը հզոր ցայտով դուրս էր հորդում ինչ-ինչ պատճառներով խողովակի բացված կարից: Գործին ձեռնամուխ են լինում անմիջապես:

Ինչպես աշխատանքների վայրից տեղեկացրեց «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Արաբկիր» տեղամասի պետ Դավիթ Սահակյանը, անհրաժեշտ նախապատրաստությունից հետո, եռակցողներն արդեն ձեռնամուխ են եղել վթարի վերացմանը: Աշխատանքներում ներգրավված են բավարար քանակությամբ եւ մասնագետներ, եւ տեխնիկա, եւ ծախսանյութեր: Գործն առաջ է գնում անխափան:

Նշված խողովակաշարից սնվող տարածքների մեծ մասի ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է համաձայն գրաֆիկի՝ ջրամբարներում կուտակված ջրի շնորհիվ: Այնուամենայնիվ, Արաբկիրի որոշ վայրերում ժամը 13:30-24:00 դադարեցվում է ջրամատակարարումը: Դրանք են Ղափանցյան, Գրիբոյեդով, Արծրունի, Արղության, Ռիգա, Փափազյան, Ա. Խաչատրյան, Կոմիտաս, Վաղարշյան, Սունդուկյան, Ադոնց, Վրացական, Հ.Քոչար, Զարյան, Արաբկիրի 17-27 փողոցները, ինչպես նաեւ Գետամեջ գյուղը:

Ըստ Դավիթ Սահակյանի, եթե չլինեն անկանխատեսելի խոչնդոտներ, ապա «Արզնի 2 – Երեւան» ջրատարի շահագործումը կվերսկսվի նշված ժամկետին: Ցավոք, դրանից հետո եւս որոշ ժամանակ կպահանջվի այդ խոշոր ջրատարը, ինչպես նաեւ ներքաղաքային բաշխիչ ցանցը մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջրով լցնելու ու այնտեղ բավարար ճնշում ապահովելու համար՝ սպառողների լիարժեք ջրամատակարարումը վերականգնելու նպատակով:

Տարվող աշխատանքների մասին՝ նաեւ լուսանկարներով, որոնք հենց նոր ստացվեցին վթարի վայրից:

 

ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031