Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, բանակցություններում առաջընթաց կա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վիեննայում տեղի ունեցած բանակցություններից հետո:
«Բանակցային գործընթացը նաև պետք է աջակցություն ստանա մարդասիրական ակցիաներով: Կարևոր է, որպեսզի բանակցությունների ձևաչափը մնա անփոփոխ, բանակցություններն ընթանան Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես որ եղել է երկար տարիներ,- ասել է Ալիևը:- Բանակցային գործընթացին նոր խթան է հաղորդվել, մենք շատ դրական ենք գնահատել մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում ասվում է, որ բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխությունը կարող է լինել միայն կողմերի համաձայնությամբ»:
Նրա խոսքով, սակայն, Բաքուն դրան համաձայնություն չի տվել: «Մենք վերադարձել ենք մի իրավիճակի, երբ պետք է շարունակել էական բանակցություններ վարել: ԱԳՆ ղեկավարներին հրահանգվել է ամենայն հավանականությամբ մոտ ապագայում հանդիպել՝ բանակցային գրծընթացը շարունակելու համար»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, ր «բանակցային գործընթացը պետք է ուղղված լինի արդյունքի»: Ալիևը հերթական անգամ կրկնել է, որ Ադրբեջանի համար առաջին տեղում է «Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ապաշրջափակումը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով բանակցությունների ընթացքին՝ Ալիևը նշել է, որ դրանք անցել են կառուցողական մթնոլորտում: «Բանակցությունները մենք գնահատում ենք դրական, դրանք անցել են կառուցողական մթնոլորտում: Սա առաջին պաշտոնական հանդիպումն է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկար ընդմիջումից հետո. նախորդ հանդիպումները կրել են ավելի շուտ ճանաչողական բնույթ և անցել են միջազգային միջոցառումների շրջանակում,- ասել է նա:- ԱԳՆ ղեկավարները խնդրել են բանակցությունների մի քանի փուլ: Հանդիպումը կարևոր է այնքանով, որ նոր սկիզբ է տրվել բանակցային գործընթացին հարցի էության շուրջ»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ