Բանակցային գործընթացում չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց սկսում է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները, օրակարգերը: Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանն այդպես է գնահատել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, թե կարևոր է այդ պրոցեսում հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է պահպանել սահմանի կայունությունը, թույլ չտալ զոհեր, արդյո՞ք սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են ապրել իրենց բնականոն կյանքով, հնարավո՞ր է խոսել ու պայմանավորվել այդ ամենի մասին՝ ստեղծելով բանակցության համար նպաստավոր մթնոլորտ:
Ինչ է սա նշանակում, դեռ պարզ չէ: Այսինքն՝ պարզ է, թե ինչ է նշանակում մարդասիրական, սակայն պարզ չէ, թե հատկապես ինչ միջոցառման մասին է խոսքը: Այդ իմաստով, իհարկե, առաջին թիրախային հասցեատերը Ադրբեջանն է, քանի որ հայկական կողմը ամենևին չի տվել մարդասիրության հարցում կասկածի տեղիք: Արդյո՞ք Ադրբեջանն, ի վերջո, դրական կարձագանքի Հայաստանի վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը, որին միանալը Ադրբեջանի նախագահի կինը ամիսներ առաջ մերժել էր, թե՞ մարդասիրական միջոցառում ասելով նկատի է առնվում գերիների փոխանակումը:
Մարդասիրական նախաձեռնությունների հանգամանքն, անշուշտ, հետաքրքիր է, սակայն առաջին հերթին նաև նրանով, թե Ադրբեջանը որքանով է համարժեք լինելու այդ խնդրին և հավատարիմ լինելու այդ պայմանավորվածություններին, որովհետև այդ պարագայում գործնականում անհամատեղելի են թվում մարդասիրությունն ու հայատյացության պաշտոնական քարոզը: Ինչպե՞ս է Ադրբեջանը «համատեղելու» դրանք, կամ որի՞ց է հրաժարվելու: Իր հերթին այս հանգամանքը հիմք է տալիս գնահատել իրողությունը նաև այն տեսանկյունից, որ պայմանավորվածությունը որոշակի պատասխանատվության շրջանակ է սահմանում Բաքվի համար: Իհարկե, այստեղ խնդիրը պատրանքները չեն, այլ այն, որ հայկական կողմը կարող է այդպիսով տնօրինել խաղաքարտ, որը կօգտագործի Բաքվի հակամարդասիրական քաղաքականության շարունակության դեպքում:
Ընդհանուր առմամբ, Վիեննայի հանդիպման դրական տոնայնությունն ու զուսպ տեղեկատվությունը ողջունելի է, որովհետև կարևոր է, երբ կողմերը խոսում են միմյանց հետ, թեկուզ իրարամերժ օրակարգերով: Այստեղ առանցքայինն այն է, որ հայկական կողմը նկատելիորեն ձևավորել է իր օրակարգը, և զուսպ ու դրական մթնոլորտը հենց դրա հետևանքն է, քանի որ հակառակի դեպքում որոշակի փաստի առաջ կանգնելու է Ադրբեջանը: Իհարկե, սրանով հանդերձ, կասկածից վեր է և թերևս հիշեցման համար ավելորդ, որ այդուհանդերձ, Երևանը չպետք է ձեռքից ցած դնի փայտը՝ ռազմական առումով փաստի առաջ չկանգնելու համար: Զգոնությունը չպետք է թուլացնել: Ավելին՝ հենց դա է նաև, որ Ադրբեջանին ստիպելու է մնալ զսպվածության շրջանակի մեջ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում