«Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկը, որի հետ մենք բախվել ենք շատ երկար տարիներ, դա հարաբերությունների այնպիսի կերպն է, որը փոխառված է այսպես կոչված հանցավոր աշխարհից: Հեղափոխությունը արդյունք էր նրա, որ այդ մտածողությունը Հայաստանում ջարդվել է: Ցավոք, հարաբերությունների այդ կերպը շատ հաճախ հանդիպում է մեր բանակում ու դա մեր ամենամեծ խնդիրներից մեկն է: Պատկերացնո՞ւմ եք, ծառայակիցները կարող են իրար հետ նստած հաց ուտել, հաց ուտելու ընթացքում սկսվի մի խոսակցություն, որը ավարտվի նրանով, որ մեկը վերցնի ավտոմատն ու մյուսին գնդակահարի»,- այսօր Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ մեր զինված ուժերում խորը խնդիրներ կան, ու պետք է այդ երեւույթը որեւէ կերպ չհանդուրժենք. «Պետք է պրոբլեմը խորությամբ նախ հասկանանք: Մի ժամանակ ասում էին՝ բանակը մեր սրբությունն է, պիտի բանակի թեմաները չբարձրացնենք: Ո՛չ, ընդհակառակը, բանակը մեր սրբությունն է, հենց դրա համար պետք է սրբենք էդ մարմինը ոչ տեղին ու ոչ մաքուր երեւույթներից: Մենք ինչի՞ց ենք վախենում, որ չենք խոսում մեր երեխեքի հարաբերությունների մասին: Օրինակ, մի գաղտնիք ասեմ, ինձ համար հետաքրքիր էր, իմ տղան, որ բանակում ծառայել է, ինքը ո՞նց է ծառայել, ինքը արդյոք ծառայո՞ւմ է այնպես, ոնց որ մյուսները: Ինքը արդյոք ծառայո՞ւմ է այն արժեքային համակարգի համապատասխան: Ես, անկեղծ ասած, էս վերջերս հանձնարարեցի ինձ մի գաղտնի տեղեկանք տալ, թե ո՞նց է այդ ծառայությունը տեղի ունենում: Ես, անկեղծ ասած, շատ ուրախացա՝ տեսնելով էդ զեկույցը, որ նա, առանց բացառության, բոլոր աշխատանքներին մասնակցում է, այդ թվում նաեւ զորամասի տարածքը մաքրելու աշխատանքներին, որովհետեւ, եթե ես կռանում եմ Երեւան քաղաքի կենտրոնում եւ ծնկաչոք ծխուկներ եմ հավաքում՝ լինելով ՀՀ վարչապետ, իմ տղան ծառայելիս պետք է, այո՛, ավելը վերցնի եւ մաքրի իր զորամասի տարածքը, եւ դա իր համար պետք է լինի ոչ թե նվաստացուցիչ, դա իր համար պետք է լինի հպարտանալու առարկա, որովհետեւ այդ կեղծ արժեքը, որ ծխախոտը ծխեն, շպրտեն…»:
Վիեննայի հայերից մեկը հորդորեց տուգանքներ կիրառել ծխախոտի մնացորդը գցողներին, վարչապետը պատասխանեց, որ մենակ տուգանքներով չի, պետք է հարգել իրար, որովհետեւ «մենք մի ընտանիք ենք»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հույս ունի, մյուս զորամասերում կլսեն, որ վարչապետի որդու համար «կարտոֆիլ կլպելը զապադլո չի, ավել անելը զապադլո չի, կոկիկ լինելը, ուրիշների նկատմամբ հարգանքով վերաբերվելը, ծառայել որպես ամենաշարքային զինվոր ամոթ չի» ու կհասկանան, որ իրավիճակ է փոխվել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ