Ասում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Ալի մեջլիսի Մարդու իրավունքների եւ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Անար Իբրահիմովը
Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Ալի մեջլիսի Մարդու իրավունքների եւ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, CORLEAP բյուրոյի անդամ Անար Իբրահիմովը վստահ է, որ խաղաղության հաստատման դեպքում շփման գիծը կդառնա իսկական սահման, որը կմիավորի հայ եւ ադրբեջանցի հասարակություններին: Եվ դրանից հետո կգա ժամանակը, երբ անելիք կունենան տեղական իշխանությունները:
«Առավոտը» Անար Իբրահիմովից հետաքրքրվեց ի՞նչ են մտածում խաղաղության հաստատման մասին Ադրբեջանում, քանի որ վերջին ժամանակահատվածում հայ հասարակության շրջանում շատ են այդ թեմայով քննարկումները: Նա պատասխանեց. «Ադրբեջանական հասարակությունը սպասում է կոնկրետ քայլերի, որպեսզի ավելի իրատեսական տեսանկյունից մոտենա խաղաղության հարցին: Մեր հասարակությունը սպասում է, որ խաղաղության գործընթաց կգնա, որին կհետեւի գրավյալ տարածքների դեօկուպացիան: Իսկ հաջորդ քայլը կլինի փախստականների վերադարձն ու կապը: Ըստ էության մենք այսօր չունենք սահման. դա շփման գիծ է, ինչը մեզ ավելի շատ բաժանում է, քան մոտեցնում: Այն չի նպաստում երկու հասարակությունների մերձեցմանը»:
Հետաքրքրվեցինք՝ ներկայումս խաղաղության թեմայով քննարկումներն իրատեսակա՞ն են հակամարտության լուծման տեսանկյունից, Անար Իբրահիմովը պատասխանեց. «Փաստ է այն, որ ադրբեջանական հասարակությունը պատերազմ չի ուզում: Պատերազմ ոչ ոք չի ուզում. այն վերջին գործիքն է, որը կա քաղաքական գործիչների եւ ազգերի զինանոցում: Ադրբեջանական հասարակությունը հոգնել է այս անորոշությունից՝ 25 տարվա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակից: Եվ այս քսանհինգ տարիներն ըստ էության հասարակությունների համար կորած ժամանակահատված էին ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական առումով: Ադրբեջանական հասարակությունն, իմ տպավորությամբ, միտված է խաղաղության եւ ցանկանում է հակամարտության լուծում: Մենք ունենք հստակ մոտեցում, որ հակամարտությունը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, կարծում եմ հայ հասարակության շրջանում եւս այս ընդհանուր մոտեցումն է գերիշխողը»:
Կարդացեք նաև
Ըստ CORLEAP բյուրոյի անդամի՝ քաղաքական գործիչները պետք է նպաստեն, որ այս գործընթացը գնա: Դառնալով հայ քաղաքական գործիչներին՝ Անար Իբրահիմովն ասաց. «Մեր կողմից հաճախ թվում է, թե հայ քաղաքական գործիչները ցանկանում են շարունակել ներկայիս գիծը եւ ուղղակի հակամարտությունը սառեցնել: Սակայն իմ կարծիքով՝ դա չի ստացվի, քանի որ մարդիկ արդեն հոգնել են, եւ նաեւ երկու-երեք տարի առաջ եղած ռազմական էսկալացիան լրացուցիչ առիթ էր նրա համար, որ այդ խնդիրը պետք է լուծել»:
Անար Իբրահիմովի տպավորությամբ՝ ադրբեջանական հասարակությունում խաղաղության հետ կապված քննարկումներից մեծ սպասելիքներ չունեն: Նրա կարծիքով՝ խնդիրների լուծումը հիմա ավելի շատ կախված է երկու երկրների ղեկավարներից. «Քաղհասարակությունից հիմա շատ քիչ բան է կախված, քանի որ գնում են բանակցություններ ամենաբարձր մակարդակով»:
Դառնալով հակամարտության լուծման եւ խաղաղության հաստատման՝ ադրբեջանական հասարակության ընկալումներին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ադրբեջանական հասարակությունն այս համատեքստում ունի միասնական մոտեցում: Սա այն միակ հարցն է, որի շուրջ համախմբված է ողջ ադրբեջանական հասարակությունը՝ քաղհասարակություն, ընդդիմություն, իշխանություն: Ադրբեջանական հասարակությունը սպասում է գրավյալ տարածքների դեօկուպացիայի: Այն տարածքների, որտեղ չի ապրել հայ բնակչություն: Խաղաղությունը պետք է հիմնված լինի այն սկզբունքների վրա, որոնք եղել են եւ կան հիմնական միջազգային փաստաթղթերում, որոնք ընդունված են միջազգային հանրության կողմից»:
Անար Իբրահիմովը հիշեցրեց՝ ադրբեջանական հասարակության մի բավականին մեծ հատված ներգաղթյալներն են, որոնք, նրա ձեւակերպմամբ, գրավյալ տարածքներից են ներգաղթել: Նրանք էթնիկական զտումների պատճառով են հայտնվել այդ իրավիճակում՝ մասնավորապես դա տեղի է ունեցել 20-րդ դարում՝ Եվրոպայում. «Մեր բնակչության հենց այս հատվածն է ամենից շատ խաղաղությանը սպասում: Նրանց համար խաղաղությունը ոչ միայն եվրոպական սկզբունքներով ապրելու իրավունքն է, այլեւ ամենօրյա կենսական անհրաժեշտությունն ապրել իրենց տանը, նաեւ օգտվել մարդու իրավունքներից ավելի լայն իմաստով, քանի որ մարդու իրավունքները ոչ միայն հռչակագրերն են, այլեւ այն, որ մարդն ապահով ապրում է իր տանը»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
29.03.2019