Լոլիկի ցեցի դեմ գյուղատնտեսները ճիշտ չեն պայքարում, այդ պատճառով էլ ցեցը չի վերանում
6-7 տարի է` Արարատի մարզի մի շարք համայնքներում լոլիկի հարավամերիկյան ցեցը գյուղատնտեսներին մեծ վնասներ է հասցնում: Ցեցը վնասում է հատկապես մորմազգի մշակաբույսերը: Ըստ մասնագետների, ցեցը սնվում է մորմազգի մշակաբույսերի տերեւներով, պալարներով եւ պտուղներով, թիթեռների թռիչքը սկսվում է վաղ գարնանը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջը:
Կառավարության պատասխանատուները պարզել են, որ լոլիկի ցեցի դեմ գյուղատնտեսների պայքարն արդյունավետ չէ, քանի որ նրանք չեն կարողանում ճիշտ որոշել պայքարի իրականացման ժամկետները, ինչի հետեւանքով մեծանում է տնտեսվարողների կողմից իրականացվող քիմիական մշակումների թիվը: Բացի այդ, կատարում են լրացուցիչ եւ անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը: Եվ, որքան էլ գյուղատնտեսների համար կազմակերպվել են դասընթացներ` միջազգային փորձագետների մասնակցությամբ, խորհրդակցություններ են անցկացվել, հրատարակվել են տեղեկատվական թերթիկներ, միեւնույն է, գյուղատնտեսների գիտելիքներն այս առումով չեն բարձրացել: Ուստի, գյուղատնտեսության նախարարությունը գտնում է, որ գյուղատնտեսների համար պետք է հենց լոլիկի դաշտում սեմինարներ կազմակերպել, որն ավելի ուսուցողական ու արդյունավետ կլինի: Նախարարությունը լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագրի վերաբերյալ նախագիծ է դրել քննարկման: Մարտի 20-ից նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում է:
Նախագծի հեղինակները ակնկալում են, որ դասընթացներից հետո հնարավոր կլինի 70 տոկոսով կանխել բերքի կորուստները:
Կարդացեք նաև
Պիլոտային ծրագրով նախատեսվում է Արարատի մարզի լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Ոսկետափ համայնքում, 10 հեկտար տարածքի վրա, իրականացնել ցեցի դեմ պայքարի համալիր ծրագիր` այդ թվում կտեղադրվեն ցեցի երեք հատ ֆերոմոնային թակարդներ:
Ըստ ծրագրի հեղինակների, հողօգտագործողները գիտելիքներ կստանան նաեւ ցեցի կենսակերպի, տարածվածության եւ վնասակարության վերաբերյալ:
Պիլոտային ծրագիրն իրականացնելու համար գումարը` 11 միլիոն 102,880 դրամը, կտրամադրվի պետական բյուջեից:
Ծրագրի շրջանակներում կհրապարակվի տեղեկատվական գրքույկ` 5000 տպաքանակով, որից 4500 հատը կտրամադրվի մարզպետարաններին, համայնքների ղեկավարներին՝ լոլիկի մշակությամբ զբաղվող տնտեսավարողներին, մնացածը` գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին եւ գրադարաններին:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
29.03.2019