Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականության իրավունք էր բռնագաղթվածին հասանելիք բնակելի տարածքի նկատմամբ

Մարտ 30,2019 13:30

Հայցվոր Էռնեստ Մովսեսյանը մոր՝ Ելենա Մովսեսյանի հետ 1988 թվականից հաշվառված են՝ որպես Ադրբեջանից բռնագաղթված անձինք: Նրանք մի քանի ընտանիքներով բնակություն են հաստատել Երեւան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 30 շենքում, յուրաքանչյուրը զբաղեցնելով մեկ սենյակ:

Հայցվորը զբաղեցրել է այդ հասցեում գտնվող շենքի թիվ 4 սենյակը: 2003 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների նախկին վարչության կողմից իրականացված հաշվառման ժամանակ արձանագրվել է այն, որ հաշվառվել եւ բնակվում է (հայցվորը մինչեւ մահը, իսկ իրավահաջորդը մինչ օրս էլ հաշվառված բնակվում է) Երեւան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 30 շենքի թիվ 4 սենյակում: Հայցվորի մայրը Մոսկվա-Երեւան ավտոբուսում վթարի է ենթարկվել երեք տարի առաջ:

2000 թվականից սկսած՝ հայցվորը բազմիցս դիմել է իրավասու մարմիններին նշված բնակարանը սեփականաշնորհելու պահանջով, սակայն հայտնել են, որ տվյալ ժամանակահատվածում սեփականաշնորհման գործընթաց առկա չէ, հետեւաբար նման ծրագրի առկայության դեպքում կհայտնեն վերջիններին:

ՀՀ-ից կարճ ժամանակով բացակայելուց հետո կրկին 2016թ. մարտին Հայաստան վերադառնալուց հետո հայցվորը պարզել է, որ իր սենյակի հարեւանությամբ գտնվող՝ Մ. Անտոնովան քանդելով թիվ 4 համարի սենյակի եւ իր՝ 5/1 համարի սենյակը առանձնացնող միջնապատի մի մասը, ապօրինի ներխուժել է հայցվորի սենյակ (նշված փաստն առկա է. ՀՀ ոստիկանությունում գործ է նախապատրաստվել):

Կողմների միջեւ ծագած վիճաբանություններից հետո՝ քանդված պատը փակվել է որոշ «հարմարանքներով» եւ հայցվորը շարունակել է բնակվել այնտեղ:

Երբ հայցվորը տեղեկացել է, որ Երեւանի քաղաքապետարանը սկսել է նշված տարածքների սեփականաշնորհման գործընթաց, 2016թ. մարտի 12-ին դիմել է Երեւանի համայնքի ղեկավար Տ. Մարգարյանին, խնդրելով հայտնել, թե ինչ կարգավիճակում է նրա կողմից զբաղեցված թիվ 4 սենյակը: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետների կողմից հարցն ուսումնասիրվել է, եւ 2016թ. մարտի 21-ի թիվ 20/1Մ-1760 գրությամբ Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա. Ամյանը հայտնել է, որ հայցվորի կողմից զբաղեցված թիվ 4 սենյակի վերաբերյալ որեւէ գործառույթ չի կատարվել: Ուշադրություն դարձրեք, 2016թ. մարտի 21-ի գրությամբ:

Քաղաքացին սեփականաշնորհելու պահանջով 2016թ. ապրիլի 1-ին դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, ստացել է մայիսի 4-ին թիվ 23/35-Մ-2395 գրությունն այն մասին, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 30 շենքի թիվ 4 սենյակը 25.03.2015թ.-ին չափագրվել է 5/1 սենյակի հետ եւ Երեւանի քաղաքապետի 12.08.2015թ. թիվ 2487-Ա որոշմամբ սեփականաշնորհվել է Մարինե Անտոնովայի անվամբ: Այսինքն, քաղաքապետարանը չէր կարող չիմանալ քաղաքապետի 12.08.2015թ. որոշման մասին:

«Պարզվում է, որ այն բնակարանը, որի նկատմամբ պետք է ծագեր հայցվորի սեփականության իրավունքը, վերջինիս բացակայության ժամանակահատվածում, հայցվորի սենյակի հարեւանությամբ գտնվող թիվ 5/1 սենյակում բնակվող Մարինե Անտոնովան իր եւ հայցվորի սենյակը առանձնացնող միջնապատը քանդելուց եւ ապօրինի տարածք ներխուժելուց հետո՝ չափագրման աշխատանքների կատարման ընթացքում ներկայացրել է իբրեւ իր կողմից զբաղեցված տարածք եւ նշված կեղծ տեղեկությունները Երեւան համայնքին ներկայացնելու միջոցով տիրացել հայցվորին հասանելիք անշարժ գույքին»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Թորոսյանը:

Ըստ նրա էլ, այդ կեղծ տեղեկությունների հիման վրա Երեւան համայնքի ղեկավարը 12.08.2015թ. թիվ 2487-Ա որոշմամբ որոշել է Երեւան համայնքի սեփականություն համարվող Տիգրան Մեծի պողոտայի վիճելի բնակարանի 50,68 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ Մարինե Անտոնովային, եւս երկուսին, որպես համատեղ սեփականություն:

Ի դեպ, այս ընտանիքն էլ ունեցել է դիմում 50,68 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին։

2015թ. օգոստոսին Երեւան համայնքի՝ որպես նվիրատուի եւ Մարինե Անտոնովայի, նրա ընտանիքի՝ որպես նվիրառուների միջեւ կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով նվիրառուների սեփականությանն է հանձնվել Տիգրան Մեծի պողոտայի 50,68 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը, որի մեջ ներառված էր հայցվորի թիվ 4 սենյակը:

Փաստաբանն ասում է. «Սեփականաշնորհման գործընթացի հիմնական սկզբունքը կայացել է նրանում, որ յուրաքանչյուր անձ պետք է ստանա այն անշարժ գույքը՝ սենյակը, որտեղ հաշվառված եւ բնակվում է: Մինչդեռ, Մ. Անտոնովան սեփականության իրավունք է ձեռք բերել ոչ թե միայն իրեն պատկանող սենյակի նկատմամբ, այլ նաեւ հայցվորին հասանելիք բնակելի տարածքի՝ թիվ 4 սենյակի նկատմամբ»:

Պարզաբանում ստանալու նպատակով կողմը 2016թ. մայիսի 25-ին դիմել է Երեւանի քաղաքապետին, եւ նույն՝ Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա. Ամյանը 16թ. հունիսի 7-ի թիվ 20/1-Կ-1469 գրությամբ պատասխանել է, որ հարցը ենթակա է կարգավորման դատական կարգով:

Վարչական դատարանում կողմը հղում էր կատարել Վճռաբեկ դատարանի 04.10.2013թ. թիվ ՎԴ/2603/05/10 դատական ակտին, որով մեկնաբանվել է «կեղծ փաստաթուղթ» եւ «կեղծ տեղեկություններ» հասկացությունները:

Մասնավորապես, ըստ Վճռաբեկ դատարանի՝ վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացած փաստաթուղթը կեղծ է, եթե այն որպես այդպիսին (բովանդակությամբ, վավերապայմաններով եւ այլ հատկանիշներով) իրականության մեջ երբեւէ գոյություն չի ունեցել (օրինակ` փաստաթուղթը կազմված չէ այն անձի կողմից, ում կողմից այն ստորագրված է, ներկայացվել է մի փաստաթուղթ, որն իրականում չի կազմվել, փաստաթղթում առկա են ուղղումներ, լրացումներ, ջնջումներ եւ այլ փոփոխություններ, որոնց արդյունքում փոխվել է փաստաթղթի նախնական բովանդակությունը եւ այլն): Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացած տեղեկությունը կեղծ է, եթե տեղեկությունն ամբողջությամբ կամ դրանում պարունակվող առանձին տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կեղծ փաստաթուղթը կամ կեղծ տեղեկությունը կարող են հանգեցնել վարչական ակտի անվավերության, եթե վճռորոշ ազդեցություն են ունեցել վարչական ակտի` նման բովանդակությամբ ընդունվելու համար, այլ կերպ ասած` առանց այդ փաստաթղթի կամ տեղեկության վարչական ակտը չէր ունենա այնպիսի բովանդակություն, որն ունի դրա առկայության պայմաններում:

Ըստ փաստաբանի, Երեւան քաղաքի ավագանին իր 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ N 270-Ն որոշմամբ հաստատել է «Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարման 2015 թվականի» ծրագիրը, ըստ որի՝ Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքի (հողամասեր, բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ, շենքեր եւ շինություններ, ինքնակամ կառույցներ եւ այլ անշարժ ու շարժական գույք, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակցություն) օգտագործման տրամադրելու եւ օտարման 2015 թվականի ծրագիրը: Այդ ծրագրի 6-րդ կետի համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած այն անձանց, ովքեր բնակարաններում, բնակելի տներում եւ բնակելի տարածքներում բնակվում եւ հաշվառված են (այդ թվում՝ փաստացի) 10 տարվանից ավելի: Վերոգրյալ ծրագրի 6-րդ կետի պահանջներին համապատասխանում է բացառապես հայցվորը, քանզի հանդիսանում է ՀՀ քաղաքացի եւ 1988 թվականից հաշվառված բնակվում է նշված հասցեում՝ շուրջ 28 տարի:

Մ. Անտոնովայի ընտանիքը վիճարկվող վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ տեղեկություններ տրամադրելու միջոցով, հետեւաբար, քաղաքապետի նվիրատվության որոշումը ենթակա է անվավեր ճանաչման:

Բռնագաղթվածը խնդրել է անվավեր ճանաչել քաղաքապետի՝ վիճելի բնակարանն անհատույց օտարելու մասին որոշումը:

Վարչական դատարանը մերժել էր հայցվորին, իսկ վարչական վերաքննիչում, ուր երեկ դատական նիստն էր, փաստաբանը պահանջեց ամբողջությամբ բեկանել վարչական դատարանի վճիռը եւ գործն ուղարկել ստորադաս դատարան այլ կազմով նոր քննության: Պատասխանող կողմը չէր ներկայացել դատարան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

29.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031