Կոնստանտին Օրբելյանը՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» եւ Երեւանի օպերային թատրոնների երիտասարդական ծրագրերի մասին
«Առավոտը» 06.03.2019թ. համարում տեղեկացրել էր «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի տնօրենների խորհրդի նախագահ Անն Զիֆֆի հրավերով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի կայանալիք այցի մասին:
Հանդիպեցինք մաեստրոյի հետ, որը հայտնեց, որ հեղինակավոր այդ թատրոնում ինքը հյուրընկալվել է մարտի 8-18-ը՝ ասոցացված անդամ ներգրավվելու նպատակով, ինչպես նաեւ հանդիպումներ է ունեցել «Մետրոպոլիտեն-օպերայի» տնօրինության եւ ստեղծագործական անձնակազմի հետ, ծանոթացել նրանց ծրագրերին: «Իմ նախաձեռնությամբ քննարկվեցին «Մետրոպոլիտենի» Լինդմանի երիտասարդ արտիստների զարգացման ծրագրերի շրջանակներում համագործակցության եւ «Մետ»-ում (հռչակավոր այդ թատրոնի մասին խոսելիս մասնագետները այդպես են անվանում թատրոնը) հայ մեներգիչների լսումներ կազմակերպելու հետ կապված հարցեր»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ բազմաթիվ երկրներում ինքը ժամանակին ղեկավարել է համերգներ «Մետ»-ի երիտասարդ արտիստների մասնակցությամբ: «Մինչ պաշտոնական հրավերը ճանաչված իմպրեսարիո Մարկ Հիլդրուին, որը աշխարհահռչակ բաս Խվորոստովսկու ագենտն էր, ծանոթացրել եմ մեր թատրոնի հիանալի բարիտոն Գեւորգ Հակոբյանի հետ, այդ կապի միջոցով շուրջ երեք ամիս առաջ Գեւորգը «Մետ»-ում մասնակցել է լսումների: Հուսով եմ, որ երգիչը հեղինակավոր մի շարք թատրոններում ունեցած հաջողություներին շուտով կգումարի նաեւ այս թատրոնում բեմելը: «Մետ»-ը պայմանագիր է կապել նաեւ ճանաչված տենոր Լիպարիտ Ավետիսյանի հետ եւ այլն»,- հավելեց Օրբելյանը: Նշեց նաեւ, որ իր ղեկավարած թատրոնի լավագույն ձայները կարիերա են անում նշանավոր այլ թատրոններում. «Օրինակ՝ տենոր Հովհաննես Այվազյանը առաջիկայում բեմ կբարձրանա Լիտվայի վիլնյուսյան օպերայում՝ Պուչինիի «Տոսկայում» եւ այլն»:
Անդրադառնալով «Մետրոպոլիտեն-օպերայի» Լինդմանի երիտասարդ արտիստների զարգացման ծրագրին, խնդրեցինք զուգահեռներ անցկացնել 2017-ից Երեւանի օպերային թատրոնում հիմնված Երիտասարդական ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) միջեւ: Պարոն Օրբելյանը նախ նշեց, թե «Մետ»-ի երիտասարդական ծրագիրն ունի տասնամյակների պատմություն, հետո պատասխանեց. «Ընդհանրապես թատրոններում, այդ թվում՝ օպերային, երիտասարդական ծրագրերը մեկ նպատակ են հետապնդում՝ նոր-նոր կարիերան սկսող երգիչներին տալ համալիր կրթություն, այդ թվում՝ լեզուների ուսուցանում, դերասանի վարպետություն եւ այլն, եւ այլն: Օրինակ՝ մեր թատրոն հրավիրված էր Փարիզում կրթություն ստացած Սերինե Թադեւոսյանը, որը ոչ միայն Երիտասարդական ծրագրի, այլեւ մեներգիչների հետ անցկացրեց ֆրանսերենի դասեր: Արդյունքում ֆրանսերենի մասնագետներ, որոնք ներկա էին գտնվել անցյալ տարի Բիզեի «Կարմեն», Մասնեի «Մանոն» օպերաների պրեմիերաներին, ինձ փոխանցեցին իրենց հիացմունքը լեզվի ճիշտ հնչողության առիթով: Այսօր թատրոնում է գերմանաբնակ օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը, որը նույնպես աշխատանք է տանում, կասեի՝ մեծ աշխատանք, մեներգիչների, հաճախ էլ երգչախմբի հետ, առաջիկայում, հավանաբար մայիսին, մեր հանդիսատեսին առաջին անգամ ներկայացնելու Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերան համերգային կատարմամբ: Ընդհանրապես, Երիտասարդական ծրագրի շրջանակներում, կարծում եմ՝ պետք է անդրադառնալ կամերային օպերային ստեղծագործություններին, օրինակ՝ Դոնիցետիի «Սիրո ըմպելիք», Մոցարտի «Սեւիլյան սափրիչ», «Թատրոնի տնօրենը» եւ այլ օպերաների: Հանդիսականին, վստահ եմ, կհետաքրքրի Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտը եւ Սոլիերին» օպերան, որը գրված է տենորի եւ բարիտոնի համար… Ի դեպ, անցյալ տարի Չուխաջյանի «Կարինե» օպերայի բեմադրության իրականացումը վստահված էր երիտասարդ վոկալիստներին»:
Կարդացեք նաև
Մենք քանիցս անդրադարձել ենք Երեւանի օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի երգիչների ոչ միայն միջազգային մրցույթներին, այլեւ արտասահմանում կայացած ելույթներին: Երիտասարդական ծրագրից է թատրոնի մեներգիչների կազմ ընդգրկվել Սիրանուշ Գասպարյանը, որը առաջինը հանդես է եկել Տոսկայի դերերգով՝ Պուչինիի համանուն օպերայում կամ Լուսինե Մակարյանը՝ «Մանոնում» եւ այլն: Հիշեցնենք տենոր Տիգրան Օհանյանի մրցելույթը Մոսկվայի «Կուլտուրա» TV-ում անցկացկվող «Մեծ օպերա» հեռուստամրցույթում, որը Երիտասարդականի իր ընկերների, այդ թվում՝ Մարիաննա Մարտիրոսյանի, Ջուլիետա Ալեքսանյանի հետ տարբեր տարիների արժանացել են ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: Ի դեպ, այսօր Դյուսելդորֆի օպերայում է հանդես գալիս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, Իտալիայում՝ Սոֆյա Թումանյանը, Ամստերդամի օպերայում՝ Ջուլիետա Գասպարյանը եւ այլն:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
29.03.2019