Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վիճակում է Երեւանի 38-ամյա մետրոն

Մարտ 30,2019 12:00

Այն, ինչ փակ է, գետնի տակ ու աչքից հեռու, միշտ հետաքրքիր է։

Ամբողջ աշխարհում մետրոպոլիտենը դիտարկում են որպես տրանսպորտային համակարգի ողնաշար։ Երեւանի մետրոպոլիտենն արդեն 38 տարի անմասն չի մնում միջազգային այս նորմերից։ Այն բացվել է 1981թ. մարտի 7-ին, կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք եւ նրա անմիջական հովանավորությամբ, որի անունով էլ կոչվել է՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»։

«Արագ, անվտանգ, անխափան». այս կարգախոսով է աշխատում Երեւանի մետրոպոլիտենը օրական 24 ժամ։

Բոլոր հնարավոր եւ նույնիսկ անհնար միջոցները ներդրում եւ կիրառվում են ուղեւորների անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար։ Գիշերային ժամերին, երբ էլեկտրագնացքներով ուղեւորափոխադրումը դադարում է, դրանց փոխարինում են ներքին այրման շարժիչով բեռնատար գնացքները՝ բարձված ցեմենտով, ավազով, շինանյութերով: Դրանք բեռը հասցնում են թունելի հարկ եղած վայր, եւ բանվորները անհրաժեշտ վերանորոգման տարբեր աշխատանքներ են իրականացնում, որպեսզի առավոտյան մետրոն անխափան ընդունի իր ուղեւորներին։

Վիճակագրությունն էլ փաստում է աշխատանքի արդյունքը. 2014թ. եղել է 224, 2015 թ՝ 142, 2016-ին՝ 86 տեխնիկական անսարքություն։

Օրվա ընթացքում տարբեր կայարաններից օգտվում են տարբեր տարիքի, սեռի եւ խառնվածքի մարդիկ։

Այն հարցին, թե ինչ խնդիրներ ունի այսօր մետրոպոլիտենը, մամուլի խոսնակ Տաթեւիկ Խաչատրյանը պատասխանեց. «Տարիներ շարունակ քաղաքացիները բողոքել են Երեւանի տրանսպորտի վատ վիճակից ու խցանումներից՝ անընդհատ շեշտելով մետրոյի նոր կայարանների անհրաժեշտության մասին։

Մետրոն մեծ կարեւորություն եւ նշանակություն ունի երեւանցիների համար: Շահագործվելով 1981 թվականից՝ այն ունեցել է հինգ կայարան Հետո 1983-ին վեցերորդ կայարանը շարք մտավ, երկու տարի հետո՝ Շենգավիթ կայարանը: Այսպես ամեն երկու տարին մեկ՝ նոր կայարան: Վերջինը մեզ մոտ Չարբախ կայարանն էր, որը 1996 թվականին է մտել շահագործման։ Այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք՝ տասը կայարան: 1996-ից մինչ այսօր մենք ոչ մի կայարան չենք կառուցել: Նման նախադեպ, նման պրակտիկա չկա ու չի եղել աշխարհի ոչ մի մետրոպոլիտենում»:

Երեւանի մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը Չարբախում բացելուց հետո, Աջափնյակում եւս երկու կայարանների գործարկման մասին մշակված նախագծերը տասնամյակներ շարունակ թղթի վրա են մնացել։ Քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանները կառուցելու եւ մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ ներկայացվել է հանրությանը։ Մետրոպոլիտենում աշխատակիցների թիվը հասնում է հազարի, իսկ ուղեւորների հոսքը՝ տասնյակ հազարի։

«Մետրոպոլիտենում կադրերի հարցը մշտապես գտնվում է ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Երբ 38 տարի առաջ շահագործման հանձնվեց Երեւանի մետրոպոլիտենը, մեր աշխատակիցները վերապատրաստվեցին հարեւան երկրներում։ Այսօր կադրերի մեծ մասն արդեն ավելի քան 35 տարի աշխատում է մեզ մոտ եւ առաջիկայում իրոք կադրերի հետ կապված խնդիրներ հաստատ կծագեն: Մենք այս հարցում հույսներս դրել ենք մեզ վրա եւ կադրային բացերը լրացնում ենք ինքներս՝ վերապատրաստելով մասնագետներին տեղում։ Պատվիրվել էին հատուկ ուսումնավարժական սարքեր մեքենավարների համար: Այդ սարքերով մեքենավարները սովորում են վարել: Բարդ մեխանիզմը իր մեջ ներառում է մետրոյի ողջ ցանցը իր ոչ սովորական իրավիճակներով: Սարքերը նախատեսված են ոչ միայն սկսնակների, այլեւ փորձառու կադրերի վերապատրաստման համար: Կենտրոնում պատրաստություն եւ վերապատրաստում են անցնում նաեւ այլ ուղղությունների մասնագետներ, օրինակ՝ կենտրոնացման եւ արգելափակման համակարգի, ավտոմատացման, գծային տնտեսության, արագության ավտոմատ կարգավորման համակարգի աշխատակիցներ», -հավելեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակը։ Երեւանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային եւ Չարբախ, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա:

ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

29.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031