Այսօր Վասակ Դարբինյանի հեղինակած «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի շնորհանդեսին ներկա էին Վանո Սիրադեղյանին ճանաչած ու չճանաչող մարդիկ, նրա ընկերները, քաղաքական գործիչներ, գրողներ:
Վանո Սիրադեղյանի վերադարձի համար նախկինում ստորագրահավաք էին կազմակերպել, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում հարցին՝ հիմա դուք Վանո Սիրադեղյանի վերադարձն ինչպե՞ս եք պատկերացնում, ստորագրահավաքի անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա, պատասխանեց. «Չէ, կարծում եմ ստեղծվել են բոլոր հնարավոր նախադրյալները, պայմանները, որպեսզի ինքը գա: Կարծում եմ, երեւի ինչ-որ բարդություններ կան, բայց այսօրվա Հայաստանում չկա այն թշնամությունը, որ կար ընդամենը մի քանի ամիս առաջ»:
Հարցին՝ սպասելի՞ է Վանո Սիրադեղյանի վերադարձը, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ցանկալի է, շատ ցանկալի: Ինքը պետք է ցանկանա, ինձ համար գոնե շատ ցանկալի է, ես կարծում եմ, իմ պես մտածողներ շատ կան: Ցանկալի է նրա վերադարձը, ինչ-որ տեղ պարտադիր»:
Վարդան Հարությունյանն ասաց, որ Վանո Սիրադեղյանը չհեռացավ Հայաստանից, նրան հեռացրեցին, ստեղծեցին բոլոր պայմանները, որ նա հեռանա. «Նա արտաքսվեց, վտարվեց, դրա համար էլ մենք ասում ենք՝ վտարանդի գործիչը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Վասակ Դարբինյանի գիրքը կոչվում է «Վանոյի հետ եւ առանց Վանոյի», առանց Վանոյի կյանքն ինչպիսի՞ն է, ի՞նչ ենք մենք կորցրել այս տարիներին՝ առանց նրա՝ ըստ ձեզ, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Պետք է թերթել նրա պատվածքները, նրա գրքերը եւ տեսնել, թե ինչ կարող էր գրվել, եթե նա լիներ, նրա հրապարակախոսությունը, այդ ամեն ինչը մենք կարող էինք ունենալ եւ չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ