Այսօր «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Էրիխ Մարիա Ռեմարկի առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից թարգմանված «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպի շնորհանդեսը։
Ռեմարկի վեպերի հայալեզու տարբերակը ընթերցասերներին հասանելի դարձավ «Էդիթ Պրինտ» հրատարակչության և թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանի համագործակցության արդյունքում։


Թարգմանչուհին վերլուծեց Ռեմարկի ստեղծագործությունները, ներկաների համար ընթերցեց գրքից հատվածներ։
Նրա խոսքով՝ գրքի գույնը՝ դեղինը, պատահական ընտրված չէ.«Գունամտածողությունը առհասարակ բնորոշ է Ռեմարկին։
Այս վեպն ինձ համար դեղնակարմիր գույն ուներ. կարմիրը՝ զինվորների թափած արյունի խորհրդանիշ, դեղինը՝ լույսի։ Գրքում լույսը շատ է, ապրելու ժամանակը՝ գերակա »։ Նրա խոսքով՝ ցանկացած ստեղծագործություն ունի բանալի նախադասություն, որը բացահայտում է վեպի գաղափարը։
Որպես այս վեպի բանալի՝ առանձնացրեց Ռեմարկի հետևյալ տողերը. «Ե՞րբ է սպանություն կոչվելու այն, ինչ սովորաբար հերոսություն են կոչում»։
Գրողի վեպերից Վանուհի Բաղմանյանի թարգմանությամբ հասանելի են նաև «Հաղթական կամար», «Երեք ընկեր» և «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպերը։
Էլինա Ասատրյան