Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է տվել երկու առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և բովանդակային գաղափարների շուրջ:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ:
Հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ընթացքում: Հանդիպման ավարտին մոտ համանախագահները և ԱԳ նախարարները կրկին միացել են երկու երկրների առաջնորդներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ