Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վանոյի հետ ավելի հարուստ էր Հայաստանը, առանց Վանոյի՝ մի քիչ որբացած». Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գիրքն արդեն լույս է տեսել (ֆոտոշարք)

Մարտ 29,2019 21:22

Այսօր Վասակ Դարբինյանի հեղինակած «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի շնորհանդեսն էր: Գիրքը լույս է ընծայել «Մագաղաթ» հրատարակչությունը, 5 գլխից է բաղկացած՝ «Գրողը», «Շարժման ասպետը», «Պետական պաշտոնյան», «Ամբաստանյալը», «Վտարանդին»: Այստեղ ամփոփված են հարցազրույցներ այն մարդկանց հետ, ովքեր Վանո Սիրադեղյանին ճանաչել են ուսանողական տարիներից, ովքեր տեսել են Վանո Սիրադեղյանին շարժման ժամանակ, պաշտոնավարել են նրա հետ, երբ եղել է Ներքին գործերի նախարար, քաղաքապետ:

«Ամբաստանյալը» գլխում, օրինակ, նկարագրվում է հարուցված քրեական գործից հետո ինչպես է Վանո Սիրադեղյանը մի անգամ լքում Հայաստանը, հետո վերադառնում ու ինչպես են նրան դիմավորում «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասել՝ ասես Քրիստոսին են դիմավորում:

Քանի որ Վանո Սիրադեղյանի մասին հակասական տեղեկություններ կան, ու նրան չճանաչողները դժվար կողմնորոշվեն՝ որն է ճիշտ, որն է սուտ, Վասակ Դարբինյանը ժամանակագրական ճշգրտությամբ ներկայացրել է իրական «Վանոյին»՝ նպատակ ունենալով ներկայացնել նրա կերպարը ու այն, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ երկրում: Վասակ Դարբինյանը գրքի շնորհանդեսին շնորհակալություն հայտնեց իր զրուցակիցներին, որոնք անկեղծ, շիտակ, անմիջական իրենց խոսքով գիրքը դարձրել են չափից դուրս հետաքրքիր. «Ես աշխատել եմ իմ կարծիքն ու վերաբերմունքը շատ չարտահայտել գրքում: Ընտրել եմ մարդկանց, որոնք հրաշալի ճանաչել են իրեն, գրող ընկերները՝ գրական գործունեության շրջանում, քաղաքական գործիչները՝ քաղաքական, նաեւ իրավաբաններ, իրավապաշտպաններ եւ այլն»:

Aravot.am-ը Վասակ Դարբինյանին հարցրեց՝ նախկինում ստորագրահավաք էր կազմակեպվել Վանո Սիրադեղյանի վերադարձի համար եւ գրքում այդ մասին նույնպես կա, հիմա, ըստ ձեզ, ի՞նչ է անհրաժեշտ անել՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար, կա՞ էլի ստորագրահավաքի կարիք, թե՞ չկա: Նա պատասխանեց. «Այդ ստորագրահավաքին վերաբերմունքը երկակի է եղել, ես հիմա շատ չեմ կարող ծավալվել, առանձին թեմա է դա, բայց թե ինչէ պետք իր վերադարձի համար՝ երեւի իր ցանկությունը»: Նա ասաց, որ շուրջ 20 տարվա բացակայությունը մարդու վերաբերմունքը փոխում է. «Իր կամքն է անհրաժեշտ վերադառնալու համար, կարծում եմ, այսօրվա իշխանության լայնախոհությունը նաեւ»:

Մեր հարցին՝ եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր Հայաստանն առանց Վանոյի եւ Վանոյի հետ՝ Վասակ Դարբինյանը պատասխանեց. «Վանոյի հետ ավելի հարուստ էր Հայաստանը բնականաբար, առանց Վանոյի՝ մի քիչ որբացած»:

Վասակ Դարբինյանը հույս ունի, որ գիրքը հասանելի կլինի նաեւ Վանո Սիրադեղյանին, եւ նա կկարդա այն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուկ says:

    Ես Քլինտոնի մերը …..

    «ամենայն հայոց բանաստեղծ»՝
    Վանիկ Սմբատիչ Սիրադեղյան
    գյուղ Արշալույս, 1996 սեպտեմբեր

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031