Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 30-ը` Համահայկական թելադրության օր

Մարտ 29,2019 19:08

Մարտի 29-ին  «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին «Համահայկական թելադրություն» նախագծի կազմակերպիչ, «Բաց կրթություն» ՀԿ-ի տնօրեն Հայկ Դավեյանը, Երևանի Հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը և «Զանգակ» հրատարակչության խմբագիր Հովհաննես Զաքարյանը։

Նրանք հայտնեցին, որ մարտի 30-ին կիրականացվի Համահայկական թելադրություն։ «Բաց կրթություն» ՀԿ -ն արդեն երկրորդ անգամ իրականացնում է այս նախագիծը։ Այս տարի նախագծին  իրենց աջակցությունն են հայտնել Կրթության և գիտության նախարարությունը և Լեզվի կոմիտեն։

«Նախագիծն իրականացնում ենք ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև արտասահմանյան 8 երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ։ Մեր նպատակն այն է, որ մարդիկ հասնեն ավելի գրագետ հայերենի և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքում»,-ասաց նախագծի կազմակերպիչ Հայկ Դավեյանը։

Նաև նշեց, որ անցած տարվա համեմատությամբ հետաքրքրությունը նախագծի հանդեպ մեծացել է. «Անցած տարի մասնակցում էր 333 մարդ, այս տարի գրանցվել է 1800 մարդ։ Սրա հետ կապված էլ այս տարի ունենք 55 հարթակ Հայաստանում և արտասահմանում, անցած 8-ի փոխարեն։ Չկա տարիքային որևէ սահմանափակում»։

Այս տարի նախագիծն ունի որոշակի առանձնահատկություններ. տեքստը, որը գրվել է հեքիաթասաց Երազիկ Գրիգորյանի կողմից, համեմատաբար ավելի պարզ է և նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։ Այն կթելադրվի նաև արևմտահայերենով, որի համար կլինի 2 հարթակ` Երևանում և Հալեպում։ Այս տարի մասնակցության հնարավորություն ունեն նաև հենաշարժական խնդիրներ ունեցող մարդիկ։ «Որպես նախաձեռնություն սա նույնպես անդրադարձել է այս խնդրին, և մենք փորձել ենք ներառական դարձնել նախագիծը։ Այս խնդիրն ունեցողների համար կա 2 հարթակ․ մեկը թիվ 17 հատուկ դպրոցն է, մյուսը` լսողական խնդիրներ ունեցողների կրթահամալիրը»,- ընդգծեց կազմակերպիչը։

Նախագծի այս տարվա առավելություններից է այն, որ թելադրողները լինելու են ճանաչված մարդիկ, որոնք իրենց ներկայությամբ կաջակցեն նախաձեռնությանը։ Հայկ Դավեյանը հավելեց, որ լինելու է պարզապես սխալների ուղղում։ Գնահատականներ, հաղթողներ և պարտվողներ չեն լինելու։

 

Սոնա ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031