Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաստիացնում եմ, որ կարող էք հույս դնել Եվրոպայի խորհրդի աջակցության վրա. ԵԽԽՎ նախագահը Հայաստանի իշխանություններին

Մարտ 29,2019 18:06

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մարի Պասքիեն Հայաստան կատարած իր այցի ժամանակ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և իշխանություններին խաղաղ և ժողովրդական քաղաքական փոփոխության կապակցությամբ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ:

«Կարևոր է նշել, որ այս փոփոխությունը տեղի ունեցավ խաղաղ՝ գործող սահմանադրության և իրավական շրջանակում: Կառավարության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության հետ իմ հանդիպումների ժամանակ ես զգում էի լայն աջակցություն ընթացիկ ժողովրդավարական գործընթացին և ավելի մեծ առաջընթացի իրական ցանկություն: Սա մեծ հնարավորություն է Հայաստանի ժողովրդավարության համար»,- ասել է նախագահը:

Այս համատեքստում նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները: «Ես միանգամայն համաձայն եմ Հանրապետության նախագահի հետ այն առումով, որ ինստիտուտները պետք է լինեն ժողովրդավարության երաշխավորը: Սա հատկապես ճիշտ է խորհրդարանի դեպքում, որն այսօր առանցքային դերակատարություն ունի քաղաքական գործընթացում: Հետևաբար, այն պետք է լիարժեք իրականացնի իր նոր դերը՝ ընդունելով անհրաժեշտ օրենքները՝ որպես գործող ժողովրդավարական վերահսկողություն կառավարության գործողությունների նկատմամբ: Բոլոր քաղաքական ուժերը պետք է լիարժեք գիտակցեն իրենց պատասխանատվությունը՝ ներգրավվելով կառուցողական ժողովրդավարական քննարկումներում: Մեծամասնությունը հատուկ պատասխանատվություն է կրում հարգել ընդդիմության իրավունքները»,- ասել է Պասքիեն:

Անդրադառնալով բարեփոխումների հարցին՝ ԵԽԽՎ նախագահը նշել է, որ կառավարությունը բախվում է խոշոր քաղաքական մարտահրավերի՝ կապված մի շարք առանցքային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հետ, ինչպիսիք են դատական մարմինների անկախությունը, քրեական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական միջավայրը, ինչպես նաև սոցիալական ոլորտի բարեփոխումները: «Ես լիարժեք գնահատում եմ, որ այս կարևորագույն պահին ժողովրդավարական ինստիտուտները պետք է մեծ փորձ ու կարողություններ ունենան և հավաստիացնում եմ իմ հայ գործընկերներին ամենաբարձր մակարդակով, որ նրանք կարող են հույս դնել Եվրոպայի խորհրդի աջակցության վրա, հատկապես 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում»,- ասել է նա:

Կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, կանանց հզորացումը, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը եղել են նախագահի հետ քննարկումների կենտրոնում: «Հայաստանը կարևոր քայլ է կատարել այս ոլորտում, այդ թվում 2018թ. հունվարին ստորագրելով Ստամբուլի կոնվենցիան՝ կանանց դեմ բռնությունը և ընտանեկան բռնությունը կանխելու վերաբերյալ:

Ես ողջունում եմ իշխանությունների հստակ հայտարարությունները՝ հօգուտ Կոնվենցիայի վավերացման և սատարում եմ այն որոշակի քայլերը, որ ձեռնարկվում են այս ուղղությամբ, այդ թվում Հավասարության ռազմավարության մշակման ուղղությամբ, ինչպես նաև կանանց դեմ բռնության կանխմանն ուղղված իրավական շրջանակի բարեփոխումների մասին քննարկումները: Հատկապես գովելի են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծերը՝ ուղղված կանանց տնտեսական հզորացմանը, ինչպես նաև Օմբուդսմենի և քաղաքացիական հասարակության ջանքերը»,- ասել է նախագահը:

Այս համատեքստում նա մատնանշել է ԵԽԽՎ-Միջխորհրդարանական միություն համատեղ հետազոտությունը «Սեքսիզմը, ոտնձգություններն ու բռնությունը կանանց նկատմամբ Եվրոպայի խորհրդարաններում» և #NotInMyParliament (Ոչ իմ խորհրդարանում) նախաձեռնությունը՝ խրախուսելով հայ գործընկերներին միանալ այս գործընթացին և հույս հայտնելով, որ այս նախաձեռնությունը կտարածվի նաև այլ ոլորտներում, ինչպիսիք են սոցիալական ծառայությունները, տնտեսական ոլորտը, համալսարանները և այլն:

Ի վերջո, ԵԽԽՎ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Երևանի իշխանությունների՝ Հայաստանի մայրաքաղաքում Եվրոպայի հրապարակ բացելու համար: «Մեծ պատիվ էր մասնակցել բացման արարողությանը: Այժմ Հայաստանի քաղաքացիներն ունեն Եվրոպայի մի փոքրիկ հատված իրենց գեղեցիկ քաղաքի սրտում: Այն մեզ բոլորիս հիշեցնում է այն մեծ ձեռքբերումները, որ Եվրոպան բերել է ամենօրյա կյանք, ինչպիսիք են սոցիալական իրավունքների պաշտպանությունը Եվրոպական սոցիալական խարտիայով, բարձրագույն կրթության դիպլոմների ճանաչումը՝ շնորհիվ Բոլոնյան գործընթացի, ինչպես նաև հիմնարար քաղաքական և սոցիալական իրավունքների ազատությունը, որը պաշտպանվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Միասին մենք կարող ենք պաշտպանել մեր իրավունքները, մեր ազատությունները և մեր Եվրոպան»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031