«Մեր կողմից կոնվենցիոն անհրաժեշտ պահանջներն ապահովված են, ուղարկել ենք անհրաժեշտ փաստաթղթերը, սպասում ենք պատասխանի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Չեխիայից Նարեկ Սարգսյանին արտահանձնելու գործընթացի ներկայիս փուլին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Գործընթացի երկարաձգման վերաբերյալ լրագրողների գնահատականի հետ Արթուր Դավթյանը չհամաձայնեց՝ ընդգծելով, որ անհանգստանալու առիթ չկա:
«Տվյալ երկրի իրավասու մարմինը պետք է արտահանձնման որոշում կայացնի, որը կարող է բողոքարկվել անձի կողմից: Մենք էլ ունենում ենք դեպքեր, երբ իրավական գործընթացները երկարում են բողոքարկման պատճառով. որեւէ մեկն այդպես հեշտ չի հանձնվում»,-ընդգծեց գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ, նա հայտնաբերվել էր Չեխիայում:
Ինչ վերաբերում է Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը ՌԴ քաղաքացի է եւ հետախուզվում է ՀՀ իրավապահների կողմից, Արթուր Դավթյանը հայտնեց. «Նա գաղտնի ռեժիմով փաստաթղթային շփումների մեջ է: Երբ տեղեկությունը կամբողջացնենք, պատասխան կտանք նրա՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքների եւ պատճառների վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ