«Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսը սկսեց բաց նամակի ընթերցմամբ։ Նամակն ուղղված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Այն գրվել է Անուշ Վարդանյանի, «Կանչի» խմբագիր Վարուժան Մնացականյանի և «Աղբյուրի» խմբագիր Թադևոս Տոնոյանի կողմից։ Նամակն անդրադառնում է այն խնդրին, որ մանկապատանեկան մամուլը չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։
Գումարը համամասնորեն իրենց տրամադրելու փոխարեն առաջարկել են մասնակցել տենդերի։ «Տենդերում խախտված կետ կա, ըստ այդ կետի՝ մրցույթին մասնակցելու համար պետք է ունենալ 10 տարվա տպագրական փորձ։ Ես` լինելով Գրողների միության մանկական բաժնի վարիչ, երբևէ չեմ տեսել, թե ինչ են հրապարակում տենդեր շահած ամսագրերը«,-. ասաց «Ծիծեռնակի» խմբագիը։
«Կանչի» խմբագիր Վարուժան Մնացականյանն էլ նշեց, որ իրենց ամսագրերը եղել են ուսուցիչների օգնականները, կրթել են սերունդներ և երեխաներին սովորեցրել լրագրության առաջին քայլերը։
«Այս պարբերականները մեծ ներդրում ունեն նաև հեղափոխության գործում, քանի որ մեր կրթած սերունդն էր հեղափոխություն իրականացնողը»,- շեշտեց «Աղբյուրի» խմբագիր Թադևոս Տոնոյանը` նշելով, որ պետք է նախ թերթել և տեսնել, թե ինչպես են այս ամսագրերը սերունդ կրթել վերջին 10-20 տարիներին։
Իր խոսքում Անուշ Վարդանյանը անդրադարձավ մրցույթն իրականացրած հանձնաժողովին. «Ստորագրել են ֆինանսիստներ, և նրանց հետաքրքրել է, թե ինչքան քիչ գումարով կարելի է մանկապատանեկան ամսագիր տպել։ Չի մասնակցել ոչ Կրթության և գիտության մասնագետ, ոչ մշակույթի ոլորտի մասնագետ, ոչ էլ Գրողների միությունից մեկը»։
Նա նաև հավելեց, որ տենդեր շահած ամսագրերը գոյություն չունեն. «Ի՞նչ են տպում շահած թերթերը, չկան այդ ամսագրերը։ Կամ ինչպես կարող է տենդեր շահել մի թերթ, որը դեռ չունի տպագիր օրգան»։
Սոնա ՄԵԼԻՔՅԱՆ