10-15 տարի է՝ կառավարության պատասխանատուները սոցիալական ծառայությունները ներդնելու փորձեր են անում, սակայն համակարգն այդպես էլ չի աշխատում՝ ինչպես որ հարկն է: Ինչպես այս ոլորտի փորձագետներն են վստահեցնում, ցանկացած երկրում էլ սոցիալական ծառայության դերը շատ կարեւոր է, քանի որ այս համակարգի շնորհիվ է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձը կամ ընտանիքը կամ սոցիալական խումբը դուրս բերվում այդ վիճակից:
Այսօր Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սոցիալական համագործակցություն. Համայնքներից մինչեւ ազգային մակարդակ» խորագրով համագումարը, որին մասնակցում էին Հայաստանի տասը մարզերի սոցոլորտի ներկայացուցիչներ:
Aravot.am-ը Վորլդ Վիժն Հայաստանի «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խոչընդոտներ կան, որ սոցիալական ծառայություններն այդպես էլ չեն ներդրվում: Ի պատասխան տիկին Մուրադյանն ասաց, որ բացի համակարգի ներդրումը, մեծ նշանակություն ունի այդ համակարգում աշխատող անձանց կարողությունների զարգացումը:
Աիդա Մուրադյանի խոսքով, սոցիալական պաշտպանության համակարգի ամբողջ էությունը պետք է, նախեւառաջ, պատկերացնի պետությունը, տեսլական ունենա եւ հասարակական կազմակերպություններին դիտարկի որպես աջակցող օղակ:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչ պետք է անի պետությունը, սակայն այդքան տարիների ընթացքում չի արել, տիկին Մուրադյանը պատասխանեց. «Սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները ամենադժվար բարեփոխումներն են բոլոր երկրներում եւ սա Հայաստանի բացառիկ ֆենոմենը չէ: Խնդիրն այն է, որ երբ խոսում ենք որեւէ ծառայության մասին, նախեւառաջ՝ պետք է հասկանանք՝ ով է այն անողը: Այսինքն՝ երբ որ մենք այս հարցը բերենք ըստ առաջնահերթության, առաջին տեղում դնենք, մնացած հարցերն ավելի հեշտ կստացվեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Aravot.am-ի հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ խնդիրը համագործակցության բացակայությունն է. «Այսինքն՝ սոցիալական ծառայությունները տարբեր գերատեսչությունների կողմից մատուցվում են եւ մենք կարիք ունենք ավելի համակարգված մոտեցման, որպեսզի պատասխանատվությունը հստակ լինի եւ նաեւ կոնսոլիդացված լինեն գործողությունները»:
Տիկին Անդրեասյանի խոսքով, այնպես չպետք է լինի, որ մարդը գալիս է մի կարիքով եւ նրա կարիքները տարբեր օղակներում են փորձում լուծել. «Այդ տարբերությունները մարդը պետք է չզգա, այնպես պետք է կազմակերպել աշխատանքը, որպեսզի ամբողջական ծառայություն մատուցվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ