Մարտի մեկի գործի քննությունը դռնբաց է լինելու, բայց չի բացառվում, որ որոշ հատվածներ ունենան հրապարակային քննության իրականացման արգելք: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործի նախաքննությունն ավարտված է, կողմերին ժամանակ է տրված՝ 70-ից ավելի հատոր նյութերին ծանոթանալու համար՝ մինչեւ դատաքննության մեկնարկը: Արթուր Դավթյանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում ինքն էլ ներկա կլինի դատավարությանը:
Հիշեցնենք, որ նա ներկա էր նաեւ Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի քննությանը: Լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ նման նախադեպ չէր եղել, Դավթյանը պարզաբանեց. «Իսկ նախկինում եղե՞լ է, որ նախագահը քրեական հետապնդման ենթարկվի: Մյուս փաստարկը եղել էր այն, որ իրավական լուրջ վեճ էր ծավալվում, որի քննարկմանը իմ մասնակցությունն անհրաժեշտ եմ համարել»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Մարտի մեկի գործը բացահայտված է» հայտարարությանը, Արթուր Դավթյանը նշեց. «Երբ գործի հանգամանքները բացահայտված են եւ արարքին տրված է իրավական գնահատական, անձին մեղսագրված են արարքի կատարումները, սա վկայում է արտահայտվածության մասին: Բացահայտված լինել՝ նշանակում է դեպքի բոլոր հանգամանքների պարզում»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «այսինքն, Փաշինյանը շտապե՞լ է այդ հայտարարությունն անելիս»: Արթուր Դավթյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ, նրա գնահատականը քրեական գործի դատավարական ընթացքի հետ կապելը ճիշտ չէ: Կարծում եմ՝ վարչապետը չի կարող այդպիսի սուբյեկտ լինել: Երբ դատախազից կամ քննիչից կլսեք նման հայտարարություն, հակափաստարկներ կներկայացնեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ