Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորը հայտարարեց, որ չի քվեարկելու կառավարության նախագծի օգտին՝ խմբակցության որոշմանը դեմ գնալով

Մարտ 29,2019 15:57

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԱԺ նիստում քվորում չկար, ուստի այն հետաձգվել էր: Ժամեր անց անհրաժեշտ թվով պատգամավորներ գրանցվեցին եւ նիստը համարվեց իրավազոր:

Սակայն քանի որ քվեարկության պետք է դրվեր սահմանադրական օրենք, պետք էր հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, մինչդեռ պատգամավորները գրանցվել ու հեռացել էին, նիստերի դահլիճում ֆիզիկապես ներկա չէին, ուստի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ 2-3 րոպեով ընդմիջում հայտարարեց, որ սպասեն պատգամավորներին: Միրզոյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վաղուց պլանավորած այց ունեին Արցախ, դրա համար էլ ԱԺ նիստում քվորում չի եղել:

Մինչ քվեարկությունը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Սահմանադրական դատարանի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխությունների նախագիծը:

Երեկ պատգամավորների եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջեւ բանավեճ եղավ: «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի համաձայն, եթե ՍԴ-ն նոր դատավոր չի ընտրում, ապա մեկ ամիս հետո իրավասու մարմինը կրկին կարող է առաջադրել նոր թեկնածու: Զեյնալյանի մեկնաբանությամբ, այդ «նոր» բառը վերաբերում է գործընթացին, ոչ թե թեկնածուին: Ըստ նրա, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ իրավասու մարմինը մի քանի անգամ ներկայացնի նույն մարդուն՝ անգամ նրա թեկնածությունը չհաստատվելուց հետո, այսինքն, անընդհատ նույն մարդուն փորձեն ներկայացնել քվեարկության:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այդ «նոր» բառը իրենք այլ կերպ են մեկնաբանում՝ եթե ՍԴ անդամի թեկնածուն չի ընտրվում, 7-րդ գումարման ԱԺ-ում չառաջադրված այլ թեկնածու կարող են առաջադրել: Ըստ նրա, չնայած Սահմանադրությամբ մեջ հստակ արգելք չկա, որ նույն թեկնածուն չի կարող առաջադրվել երկրորդ անգամ, այդուհանդերձ՝ ի նշան պետական մարմինների նկատմամբ փոխադարձ հարգանքի ու վստահության, պետք է իրավունքի չարաշահում տեղի չունենա:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ չպետք է թույլ տան, որ լինի սահմանադրական վակուում, ոստի Գեւորգ Պետրոսյանի մեկնաբանությունը լրիվ ընդունելի է:

«Լուսավոր Հայաստանից» Կարեն Սիմոնյանը գտնում է, որ նույն թեկնածուն չի կարող առաջադրվել երկրորդ անգամ: «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանը գտնում է, որ նախագահն է որոշում ում առաջադրել՝ Սահմանադրությանը համապատասխան, իսկ Սահմանադրության մեջ արգելք չկա այդ առումով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս տարընթերցումը սկսվեց այն բանից, երբ կառավարության ներկայացուցիչը նախագծում փոփոխություն արեց: Նա հայտարարեց, որ ինքը չի քվեարկելու այս նախագծի օգտին, որովհետեւ իր համար շատ կարեւոր է, որ սահմանադրական օրենքում նման անորոշություն չլինի, որ այլ կերպ կարողանան մեկնաբանել:

Ամփոփիչ ելույթում Արտակ Զեյնալյանն ասաց, որ նախագահը սահմանափակված չէ Սահմանադրությամբ՝ ներկայացնելու միեւնույն անձին, հետեւաբար մնացած բոլոր մեկնաբանությունները ավելորդ են դառնում:

Չնայած բանավեճին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը, լսելով բոլոր կարծիքները, որոշեց կողմ քվեարկել նախագծին:

Տարոն Սիմոնյանն էլ հայտարարեց՝ «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկում նախագծին՝ այն մեկնաբանությամբ, ինչ իրենք են բարձրաձայնել ու պնդում: Գեւորգ Պետրոսյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն էլ կողմ է քվեարկելու՝ իրենց մեկնաբանությունը հաշվի առնելով:

Քվեարկությամբ նախագիծն ընդունվեց 83 կողմ ձայնով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031