ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց մամուլում առկա տեղեկությունները, թե ինքը մտերիմ կապեր ունի ԱԺ-ին մաքրության ծառայություններ մատուցող «Քլիներս» ՍՊԸ-ի ղեկավարության հետ եւ որ ինքն է շահագրգռված ԱԺ-ում այդ ՍՊԸ-ի ներկայությամբ: «Զրուցել եմ սեփականատիրոջ հետ: ՍՊԸ-ն հերքում կտարածի, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում»,-վստահեցրեց Ալեն Սիմոնյանը:
«Մաքրուհիները դիմել են ինձ, հանդիպել ենք իմ աշխատասենյակում, փորձել եմ օգնել եւ շարունակելու եմ օգնել՝ անկախ նրանից, թե որ կայքն է իմ անունն օգտագործելով՝ փորձելու այցելություններ ապահովել իր համար»: Հարցին՝ «կարծում եք՝ դուք լրատվամիջոցներին դիտումներ եք բերո՞ւմ», Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ, դա ձեր հարցն է, բայց կարծում եմ՝ այո»:
Հիշեցնենք, որ նշյալ ՍՊԸ-ի մաքրուհիները դժգոհում են աշխատավարձի կրճատումից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ