Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցը պատերազմով է լուծվելու. Գագիկ Մելքոնյան

Մարտ 29,2019 14:01

Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպը, պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող Գագիկ Մելքոնյանի գնահատմամբ, շատ վտանգավոր է մեր երկրի համար: Պատերազմով անցած բարձրաստիճան սպան չի հասկանում`«ի՞նչ է նշանակում հայ զինվորը դառնա դասալիք» եւ հիշում է պատմական անցքերը. «Նման բան է տեղի ունեցել նախորդ տարեսկզբին, երբ Արեւմտյան Հայաստանում Կարսը լքեցին մեր զինվորները. Դրա հետեւանքով մեր տարածքները կորցրեցինք: Ներկա դրությամբ նույնը կարող է կրկնվել»:

Նախկին փոխնախարարը հայկական բանակի ստեղծումից մինչ օրս համանման դեպք չի հիշում. «Սա առաջին դեպքն է, այդ պատճառով էլ ասում եմ, որ շատ վտանգավոր է, քանի որ ալիքի նման կարող է տարածվել այլ զորամասերում: Դրա համար խստագույնս բոլորը պետք է պատժվեն՝ կլինի սպա, թե զինվոր, որպեսզի նման դեպքեր չլինի մեր բանակում»: 1990-ականներից`արցախյան պատերազմի տարիներից անգամ բարձրաստիճան սպան չի հիշում դասալքության դեպքեր, միայն նահանջի, բայց ասում է`դրանք տարբեր բաներ են:

Նրան բարկացրել է նաեւ ՊՆ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե 90-ականների վարքն ու բարքն է շարունակվում զորամասերում` գողականներ, հեղինակություններ: «Ոչ, այն ժամանակ նման բան չի եղել: Նման բաները հիմնականում 2000-ականներին նոր սկսվել են, երբ որ մեր երկիրն ու իշխանությունները տեղ տվեցին գողական աշխարհին, դրանից հետո բոլոր ռազբոռկաները տեղի էին ունենում Հայաստանում. սա մտավ բանակ, այդ ժամանակից արդեն այդ հեղինակությունները սկսեցին իրենց գործողություններն անել բանակում: Այս դասալքությունը դրա արդյունքն է, որ զորամասերում կան հեղինակություններ»: Նման երեւույթները, ըստ բանախոսի, բանակում հիմա պետք է իսպառ վերացվեն: Նա վիճարկում է ռազմական ոստիկանության անգործությունը:

Միջադեպի մասնակից զինվորների մի մասին, իբրեւ պատիժ, ծառայությունը շարունակելու համար, տեղափոխել են Արցախ: Գագիկ Մելքոնյանին սա հատկապես է բարկացրել. «Արցախը զինվորներին պատժելու վայր չէ: Ամեն մի հայ, որը ծառայում է Արցախում, մեծ պատիվ է նրա ու ընտանիքի համար: Իմ թոռն այժմ ծառայում է Արցախում, ես հպարտ եմ, որ նա պաշտպանում է Արցախը: Մի բան պետք է հասկանանք` Արցախ-Հայաստան տարանջատումը պետք է վերանա ընդհանրապես: Մենք ունենք սահմաններ, դա հայ ազգի սահմանն է, արցախցունը չէ, այլ հայինը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԵԿՄ համագումարից եւ այդ կառույցի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից: Գագիկ Մելքոնյանն ասաց, որ մինչեւ ապրիլի տասը համագումարը կայանալու է. «ԵԿՄ-ն պետք է լինի, ԵԿՄ-ն պետք է նորացվի, փոխվի: Ամեն ինչ գցեցին մի մարդու վրա, իրենք մեղավորություն չունե՞ն, մենք սպասում ենք` տեսնենք ինչ է լինելու»: Դիտարկմանը, որ նա համաձայն չէ այն Արցախի բոլոր հերոսների դեմ արշավ է սկսվել, Գագիկ Մելքոնյանը չհամաձայնեց: Ասում է`խոսքը հինգ տոկոսի մասին է. «Թող ամեն ինչ պարզվի, շուտով ամեն ինչ պարզվելու է»:

Փաշինյան-Ալիեւ այսօր կայանալիք հանդիպումից էլ ազատամարտիկի սպասելիքները դրական են. «Ամեն ինչ լավ է լինելու: Մենք առաջարկում ենք վերականգնել բանակցությունների հին ձեւաչափը, թե Ադրբեջանը սա ինչպե՞ս կընդունի`վաղը կտեսնենք»: Նա նկատի ունի` Արցախը բանակցությունների սեղան վերադառնալու առաջարկը: «Պատերազմը, մեկ է, անխուսափելի է, լինելու է. այսօրվա հանդիպումից հետո երեւալու է`պատերազմ կլինի՞, թե` ոչ, շո՞ւտ կլինի, թե՞ ուշ»,- ասաց Գագիկ Մելքոնյանը: Հստակեցնող հարցին` Արցախի հարցը պատերազմի միջոցո՞վ է լուծվելու, նա պատասխանեց. «Կարծում եմ` այո, դրա համար մենք պետք է պատարստ լինենք»:

Ի դեպ, նա համաձայն է Նիկոլ Փաշինյանի հետ` Հայաստանը ՀԱՊԿ-ում ոչ թե ձախողել է, այլ հաջողել: «ՀԱՊԿ-ի նիստերին ու հավաքներին ներկայացել ենք ինչպես մեկի ճորտը, մեր երկիրը մենք ցածրացրել ու նսեմացրել ենք, ինչ ասել են, այնպես ենք արել: Այսօր մենք կարողանում ենք մեր խոսքն ասել. թե ինչպե՞ս սա իրենք կընդունեն`չգիտեմ: Մենք ուզում ենք, որ մեր երկիրն ինքնիշխան լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031