«Որեւէ հատուկ բան չկա, պարզապես պատգամավորների մի մասը շուտ է մեկնել Արցախ։ Վստահ չեմ, որ բոլորն են մեկնել եւ չեմ կարող ասել, թե չորս ժամ անց քվորում կլինի, թե ոչ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ քվորում չլինելու պատճառով խորհրդարանի նիստը չգումարվեց, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նրա կարծիքով` պատգամավորների մի մասի բացակայությունը չի խաթարի ԱԺ աշխատանքը. «Համենայն դեպս, լավ չի, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել։ Կարելի էր քվեարկությունից հետո մեկնել։
Հարցին, թե ինչու են «Իմ քայլը» խմբակցության մոտ 30 պատգամավորներ Արցախ մեկնել Փաշինյան-Ալիեւ հանդիպման նախաշեմին, Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Եթե անգամ նախապես որոշված բան չկա, կարծում եմ` դա միայն դրական ազդեցություն կունենա։ Դա ճիշտ որոշում է։ Որեւէ ինտրիգ կամ հատուկ բան մի փնտրեք սրանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ