Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բռնության զոհերի ապաստարանը պարտադիր պետք է ունենա հոգեբան, սոցիալական աշխատող և անվտանգության աշխատող. կառավարությունը սահմանել է պահանջները

Մարտ 29,2019 13:18

ՀՀ կառավարությունն ընդունեց  ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի` կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանով ապահովելու նպատակն այդ անձանց անհատույց ժամանակավոր կացարանով, անվտանգ միջավայրով ապահովելն է, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը:

Ըստ նախագծի` ապաստարանը  պետք է ապահովված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: Ապաստարանը պետք է  ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ գտնվող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ, բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար: Այն պետք է մատչելի և հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար:

Ապաստարանը պետք է գործի շուրջօրյա և ապահովի ընտանիքում բռնության ենթարկվածների, անհրաժեշտության դեպքում՝ նրանց խնամքի տակ գտնվող անձանց տեղավորումը (oրենքով սահմանված կարգով շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով):

Այս որոշմամբ սահմանվում են նաև ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջները: Ապաստարանը պարտադիր պետք է ունենա հոգեբան, սոցիալական աշխատող և անվտանգության աշխատող:

Նախագծով սահմանվում է «Ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը», ըստ որի Լիազոր մարմինը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել ապաստարանի ֆինանսավորման պայմանագիր և վերահսկողություն իրականացնել իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների օգտագործման մասով:

Այս պահանջները պարտադիր կլինեն այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող բոլոր ապաստարանների համար՝ անկախ այն հանգամանքից, թե ում ֆինանսական աջակցությամբ կկառուցվի այն՝ պետական, թե միջազգային կամ հասարակական կազմակերպությունների:

Նշենք, որ այս որոշումը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո առաջին որոշումն է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031