Այն, ինչ օրերս տեղի ունեցավ Մեղրիի զորամասում, չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար չափազանց վտանգավոր է։
Այս միջադեպի առնչությամբ Razm.info մասնագիտացված կայքի համակարգող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ ասաց, որ այլ երկրներում էլ լինում են դասալքության դեպքեր, բայց սա առանձնահատուկ է այն բանով, որ այդ զինվորներն անհնազանդությունը համարել են իրենց «բնատուր իրավունքը»։ «Սա այսօր Հայաստանում տիրող տրամադրությունների արտացոլանքն է։ Այս իշխանությունը իշխանության է հասել, ըստ էության, այդ ճանապարհով։ Նրանք արել են այն, ինչ վերջին տարվա ընթացքում տեսել են»,- նշեց զրուցակիցը, հիշեցնելով հեղափոխության օրերին խաղաղապահ զորքի դասալիք զինվորներին, որոնք որևէ ձևով չպատժեցին. «Սա արդեն շատ վատ ազդակ էր հանրությանը։ Բանակում տրամադրություններ են ստեղծվում, որ նման վարքը, եթե ոչ օրենքով, առնվազն հանրային ընկալումներում ընդունելի է»։
Դիտարկմանը, թե տեղեկություն տարածվեց, որ այդ զինվորներին, որպես պատիժ, առաջնագիծ են տարել, մեր զրուցակիցը շեշտեց` առաջնագիծ չպիտի տանեին, այլ քրեական պատասխանատվության ենթարկեին։ Ըստ նրա, մի զորամասից մյուսը տեղափոխելը սխալ ուղերձ է բանակին, դա նշանակում է` զինվորը կարող է զորամասում անկարգություն հրահրել ու չպատժվել։ Շատ կարևոր է նաև, որ իշխանությունը հանդես գա հստակ ուղերձով` ցանկացած նման դրսևորում բանակում անընդունելի է և խստագույնս կպատժվի։ «Սա լուրջ խնդիր է ոչ միայն կարգապահական առումով։ Մեր հակառակորդը շատ ուշադիր հետևում է նման միջադեպերին և անում իր հետևությունները։ Եթե ինչ-որ պահի հակառակորդին թվա, որ հարձակման դեպքում կարող է նման բաներ հրահրել, կդիմի նաև արկածախնդրության։ Բանակի կարգապահության հարցում շատ ուշադիր պետք է լինենք»,- շեշտեց Razm.info-ի համակարգողը։
Կարեն Վրթանեսյանը խնդիրը դիտարկեց նաև մեկ այլ հարթությունում. տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ հետևողականորեն աշխատել են բանակը, սպայական կազմը վարկաբեկելու ուղղությամբ, ինչն այսօր իր լեղի պտուղներն է տալիս։ Գեներալն ընկալվում է որպես կոռուպցիոներ, հանցագործ, սպան ներկայացվում որպես զինվորին դաժանորեն ճնշող մեկը։ «Այսօր իրավապահ համակարգն այնպես է աշխատում, որ եթե սպան մի փոքր կոպիտ խոսի զինվորի հետ, տարիներով ամեն մանրուքի համար դատարաններում քարշ է գալու։ Սա չի կարող չազդել սպայական կազմի աշխատելու ցանկության վրա։ Եթե նախկինում բնակարանների հարցը լուծվում էր, այսօր դա արդեն մի քանի անգամ կասկածի տակ դրվեց։ Առանց այն էլ նրանք ծանր պայմաններում են աշխատում, եթե դրան էլ գումարենք հանրային պարսավանքի մթնոլորտը, շատ սպաներ պարզապես չեն ցանկանա շարունակել ծառայությունը, կամ այն ֆորմալ բնույթ կկրի, ինչն անթույլատրելի է մի երկրի համար, որը չհայտարարված պատերազմի մեջ է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում