Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. Մենք կանխատեսում ենք, որ 20-30 տոկոս կնվազի զոհերի թիվը այս համակարգի ներդրմամբ. «Ժողովուրդ»

Մարտ 29,2019 12:48

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ վարորդների համար բալային համակարգի ներդնումը բավականին զսպող մեխանիզմ է լինելու։ Ըստ պատգամավորի՝ վարորդին վարորդական իրավունքից զրկելով՝ Հայաստանում լուծելի կլինի երթեւեկության կանոնների խախտումների կանոնակարգման հարցը։

– Դուք, շատ լավ տեղյակ լինելով ՀՀ երթեւեկության խնդիրներին, ի՞նչ եք կարծում, արդյոք բալային համակարգի ներդրմամբ լուծվելո՞ւ են բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են։

– Ես վստահ եմ, որ դրական ներգործություն է ունենալու այս համակարգի կիրառումը երթեւեկության ոլորտում՝ նախ՝ միջազգային փորձը կա, իսկ երկրորդն էլ՝ այս համակարգի կիրառման հետեւանքով, այսպես ասած, չարամիտ իրավախախտում կատարողները արդեն վտանգի տակ են դնում իրենց վարորդական իրավունքը։ Այսինքն՝ վարորդը միայն տուգանք վճարելով չի սահմանափակվում, այլ կա այս վտանգը, ինչը վարորդին կստիպի նման խախտումներ թույլ չտալ։ Գաղտնիք չէ, որ այսօր կան վարորդներ, որոնք բազմաթիվ խախտումներ են կատարում, վճարում են դրանց համար ու այլեւս որեւէ խնդրի առաջ չեն կանգնում։ Բայց նրանք բարձրացնում են վտանգավորության աստիճանը, ահա, այս տուգանային միավորների թիրախը, կարելի է ասել, այս վարորդներն են։ Եթե վիճակագրությամբ ասենք, ՀՀ-ում վարորդների մոտ 80 տոկոսը տարվա մեջ թույլ է տալիս մոտ 5 խախտում, այսինքն՝ նման վարորդները վտանգ չեն ներկայացնում մեր երթեւեկության համար, բայց, կարելի է ասել, 1 տոկոս վարորդներ կան, որոնք թույլ են տալիս բազմաթիվ խախտումներ, թիրախը լինելու են հենց այդ վարորդները։ Կարծում եմ՝ սա լուրջ զսպող մեխանիզմ է։ Այս դեպքում կլինի նաեւ սոցիալական բեռի թեթեւացում, կլուծվի անվտանգության հարցը։

– Իսկ ե՞րբ Հայաստանում կկիրառվի բալային համակարգը։

– Ըստ իս՝ ուժի մեջ կմտնի 2020 թվականին, այսինքն՝ այդ ժամանակ արդեն կիրառության մեջ կլինի օրենքը։ Մենք կանխատեսում ենք, որ 20-30 տոկոս կնվազի զոհերի թիվը այս համակարգի ներդրմամբ։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ այդ համակարգը կիրառելու համար անհրաժեշտ է լուրջ ծրագրատեխնիկական հնարավորություններ ստեղծել, որը բավականին մեծ աշխատանք է։ Թեեւ ասեմ, որ ՃՈ-ն այդ ծրագրատեխնիկական հնարավորությունները ստեղծելու աշխատանքներն արդեն անում է, արդեն մի քանի ամիս է՝ բավականին աշխատանք կատարված է։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031