Թեեւ մենք գրում ենք «հին Հայաստան», «նոր Հայաստան», «հին Հայաստանում այսպես էր», իսկ «նորում» այսպես է կամ այսպես պետք է լինի, դա անձամբ ինձ համար զուտ պայմանականություն է, ուղղակի հակիրճ արտահայտվելու ձեւ։ «Հին-նոր Հայաստան» եզրաբանության տակ ես հասկանում եմ հետեւյալը. մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունն ընդհանուր առմամբ դրական, հեռանկար բացող երեւույթ էր, եւ այն, ինչ մեր քաղաքացիների մեծամասնության համար մերժելի էր մեկ տարի առաջ, չպիտի կրկնվի այսօր (ցավոք, երբեմն կրկնվում է):
Բայց խոշոր հաշվով, հայեցակարգային առումով ինձ համար հին ու նոր Հայաստան չկա՝ ոչ միայն վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած իշխանափոխությունները հաշվի առնելով, այլեւ՝ ընդհանրապես։ Այդ առումով ես որպես «հին» չեմ ընկալում նաեւ Խորհրդային Հայաստանը, որտեղ ես մեծացել եմ, «հին» չէ նաեւ Առաջին հանրապետությունը, որի մասին միայն կարդացել եմ։ Պետականություն ստեղծելու փորձերն ինքնին այնքան գնահատելի են, որ պետք է պարզապես շնորհակալ լինել մեր ժողովրդին եւ նրա հայտնի ու անհայտ ներկայացուցիչներին, որոնք 20-21-րդ դարերում այդ փորձերը ձեռնարկել են։
Իհարկե, տարբեր ազգերի անցյալի մեջ եղել են պահեր, որոնք նրանք ամբողջությամբ մերժում են։ Գերմանացիներն, օրինակ, մերժում են նացիզմը, բայց ոչ այն պատճառով, որ նացիստական ղեկավարները հանցագործություններ են կատարել, դա արել են նաեւ բազմաթիվ այլ պետությունների ղեկավարներ։ Գերմանացիները մերժում են նացիստական գաղափարախոսությունը՝ դրա անթաքույց, ընդգծված հակամարդկային բնույթը։ Այլ է, օրինակ, կոմունիստական գաղափարախոսությունը, որը լավը կամ վատը լինելով, մարդատյացություն չի քարոզում։ Դա չի նշանակում, որ կոմունիստական ղեկավարները հանցագործություններ չեն կատարել։ Վերջերս, օրինակ, կարդացի, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադային Լենինգրադում կուսակցական վերնախավը լավ էլ քեֆեր էր անում, երբ հարյուր հազարավոր մարդիկ բառիս բուն իմաստով սովամահ էին լինում։ Բայց դրանից չի կարելի հետեւություն անել, որ խորհրդային 70 տարիներին ոչ մի լավ բան չկար, եւ այսօր ոչ մի կոմունիստ իրավունք չունի որեւէ հարցով կարծիք արտահայտելու:
Հուսով եմ, պարզ է, թե ինչու եմ ես այդ ամենը հիշեցնում: Մեզ դուր չէր գալիս, չէ՞, երբ 2015 թվականի փետրվարին հայտնի ՀՀԿ-ականները իրենց ղեկավարին հաճոյանալու համար ոհմակով հարձակվել էին Գագիկ Ծառուկյանի վրա (անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում այդ գործչին): Ինչո՞ւ ենք հապա հրճվում, երբ ցանկացած ՀՀԿ-ականի ցանկացած մտքի տակ հայտնվում են հարյուրավոր հայհոյանքներ, կամ երբ իրավապաշտպանները, մեղմ ասած, խրախուսում են այդ ոհմակային տրամադրությունները: Անկախ նրանից, թե արդյոք այդ ամենն արվում է ներկայիս իշխանություններին դուր գալու համար կամ թելադրված է ինքնաբուխ «աբիժնիկությամբ», դա պետական մշակույթի տեսանկյունից սխալ, հակաարդյունավետ կեցվածք է:
Կարդացեք նաև
Ոչինչ մեզնից չի սկսվում, մեզնով չի ավարտվում: Հայաստանը մեկ միասնական, ժամանակի մեջ չտրոհվող երեւույթ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այս պահին եւ երեւի այսուհետեւ – բացի եթէ կացութիւնը թերեւս բարեփոխուի – , նախկին վարչակարգի հետ կապ ունեցած անձերու դէմ յարձակումներու հեղեղը՝ անցեալի հաշիւներ մաքրելու միտումով չեն այլեւս կարծես, ոչ ալ ներկայ իշխանութեան թերութիւնները ծածկելու մարտավարութիւն. այլ, մղուած են կարծես որոշ մտահոգութեամբ մը, որ նոյնանման վարչակարգ մը կարող է վերադառնալ: Յարձակումներու քանակը, յուզական բնոյթը եւ արտակարգ վայրագութիւնը յաւելեալ հաւանականութիւն կու տան այս վերլուծումին: Լեղապատառ ինքնապաշտպանութեան, խուճապի տպաւորութիւն կու տան յատկապէս ոմանց գրառումները:
Խնդիրը այն է որ, եթէ իսկապէս Ժողովրդավարութեան եւ անոր առնչուող հիմնական արժէքներու կը հաւատան այդ կարծեցեալ «իրաւապաշտպանները», չեն կրնար կաշկանդել փորձել իրենց անձնական զգացումները չբաժնող անձերու արտայայտութեան ազատութիւնը, ոչ ալ կրնան այս աստիճան յուզականութեամբ դիմագրաւել այն տեսական հնարաւորութիւնը որ ապագային, այս անգամ՝ նորմալ ընտրութիւններու միջոցաւ – շնորհիւ Փաշինյանին -, թէկուզ ոչ անցեալի վարչակարգը, բայց մի այլ վարչակարգ գոյանայ երկրում, որ, ասենք… իրենց դուրը չի գար:
Յեղափոխութիւնը ոչ միայն բացայայտեց թէ նախկին իշխանութիւնը խոշոր bluff մըն էր, այլ նոյն իմաստով, նաեւ ցուցադրեց անոր դէմ, մե՜ծ-մեծ գաղափարներու մասին անվերջ խօսելով, պայքար հռչակած շատերի իսկական, ողբալիօրէն ցած մակարդակը, կեղծաւորութիւնը, ճղճիմութիւնը – դեռ չխօսելու համար այլ կասկածների մասին, որոնք այժմ նուազ ենթադրական դարձան (ի դէպ, այս ընթացքով, ոմանք կարող են նոյնքան դրամաշնորհներ չստանալ, քանի որ շատ յստակօրէն հակասում են այն յայտարարուած առաքելութիւնը որու հիման վրայ ստացած են այդ նպաստները) :