Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է տանջում The Washington Times պարբերականի հոդվածագիր Ջեյքոբ Կամարասին

Մարտ 29,2019 09:30

«Տանջող հարցը հետևյալն է՝ արդյո՞ք պարոն Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի հրամանով միտումնավոր է պահպանում ստատուս-քվոն, թե՞ նա պարզապես առաջնորդելու հմտության պակաս ունի»

Այս ֆրազով է ավարտում «Հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել իր տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ» վերտառությամբ իր հոդվածը ամերիկյան The Washington Times պարբերականի հոդվածագիր Ջեյքոբ Կամարասը (հայերեն թարգմանությամբ տպվել է ԹԵՐԹ.am-ի 27.03.2019թ համարում):

Համոզված եմ, առաջին միտքը, որն, ակամայից, առաջանում է այդ ֆրազը ընթերցող ցանկացած մեկի մոտ , հետևյալն է՝ ո՞ւմ և ինչո՞ւ է տանջում ստատուս-քվոն պահպանելու հարցը:

Նախ, եթե անգլերենից ճիշտ և հոդվածի տեքստին համահունչ է թարգմանված «տանջել» բառը, ապա թվում է, թե հեղինակն իր վերլուծությամբ փորձում է ընթերցողի վրա թողնել անկեղծ ափսոսանք ապրողի տպավորություն: Ափսոսանք այն բանի համար, որ Հայաստանի վարչապետին, այդուհանդերձ, չի հաջողվել (ըստ հեղինակի, հավանաբար, իր անփորձության պատճառով) դուրս գալ Ռուսաստանի և Իրանի ազդեցության տակից և ամերիկյան դեղատոմսով (իսկ ավելի ճիշտ՝ բոլթոնյան դեղատոմսով) համարձակ ճեղքում արձանագրել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում՝ Հայաստանի համար ապահովելով խոշոր տնտեսական զարգացումն ու այլ պետությունների շրջանում արժեքավոր տեղ ունենալու փաստը վայելելու հնարավորություն, որն, ի դեպ, ինչպես հեղինակն է նշում, ունեն Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների կայուն և հուսալի դաշնակիցները՝ նավթով և գազով հարուստ Ադրբեջանը և նախաձեռնող Վրաստանը:

Կամարասը, հղում կատարելով ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին, ըստ էության, փաստում է, թե մի՞թե հասկանալի չէ, որ ԼՂ հակամարտությունն է Հայաստանի զարգացածության պակասի, խորքային չքավորության, «ուղեղների արտահոսքի» և Ռուսաստանից և Իրանից կախվածության պատճառը և միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում է հնարավոր փոխել Հայաստանն ու երկիրը դնել անկախության, արդիականացման և բարգավաճման ուղու վրա:

Այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կստեղծեր Հայաստանի դինամիկ և անվտանգ զարգացման համար այսօրվա հնարավորություններին անհամեմատ աշխարհաքաղաքական բարենպաստ նախադրյալներ, վիճահարույց չէ: Ինչպես նաև վիճահարույց չէ այն, որ հակամարտության կարգավորմամբ ոչ ոք չի կարող ավելի շահագրգռված լինել, քան Հայաստանը կամ Արցախը: Սակայն խնդիրը ցանկացած գնով կարգավորելը չէ, այլ հակամարտող կողմերի միջև կարգավորման այնպիսի լուծումներին հասնելն է, որոնք կձևավորեն երկարաժամկետ հատվածում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ Ադրբեջանի անվտանգ զարգացման անշրջելի երաշխիքներ:

Բայց արդո՞ք այսօր նման լուծումներ գտնելու հնարավորություններն իրատեսական են: Արդյո՞ք պարոնայք Բոլթոնն ու Կամարասը տեսնում են ստատուս-քվոյի փոփոխության որևէ տարբերակ (այդ թվում իրենց նախընտրելի տարածքներ վերադարձնելու տարբերակը), որը չի խրախուսի Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու գայթակղությունը: Թե՞ ժողովրդավարության դրոշակակիր ԱՄՆ այլևս մտահոգված չէ տարածաշրջանում իր «կայուն և հուսալի դաշնակից» Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարման ճչացող իրավիճակով, ինչն, ինքնին, սպառնալիք է ոչ միայն խաղաղ բանակցային գործընթացին, այլև տարածաշրջանի կայուն և անվտանգ զարգացմանը:

Առնվազն միամիտ կլիներ ենթադրել, որ վերը նշյալ պարոնայք չեն գիտակցում այս իրական վտանգները: Այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, եթե դուք իրոք ազնիվ եք Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին և խորքային բարեփոխումների իրականացմանը աջակցելու Ձեր մղումներում (որի մասին առիթը բաց չեք թողնում թմբկահարելու), ապա ինչո՞ւ եք Հայաստանի լեգիտիմ իշխանություններին դրդում անկանխատեսելի կործանարար հետևանքներով հղի քայլերի: Հետաքրքիրն այն է, որ այս հարցի պատասխանը տալիս է հենց ինքը՝ հոդվածի հեղինակ Ջեյքոբ Կամարասը՝ մեջբերելով Ջոն Բոլթոնի դիրքորոշումը առ այն, որ՝ «Հարավային Կովկասը ռազմավարական կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար. Ադրբեջանն ու Վրաստանը Միացյալ Նահանգների կայուն և հուսալի դաշնակիցներն են, իսկ Հայաստանը շարունակում է անկարող մնալ այս կարևոր ակումբին միանալու հարցում՝ իր ինքնիշխանությունը հանձնելով «Մայր Ռուսաստանին»: Ուստի՝ Հայաստանը պետք է վերջ դնի ԼՂ պատերազմին, դրան զուգահեռ դուրս գա իր վասալի ստվերից»:

Ստացվում է, որ ոչ թե Հայաստանի «զարգացածության պակասը և խորքային չքավորությունը» հաղթահարելու, «ուղեղների արտահոսքը» կասեցնելու նպատակով է պետք հասնել հակամարտության շուտափույթ կարգավորմանը, այլ հաշվի առնելով այն, որ Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի ԱՄՆ ռազմավարական նպատակների համար և այն պետք է զերծ լինի Ռուսաստանի կամ Իրանի հետ համագործակցության որևէ հնարավորությունից: Ընդ որում՝ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունները այդ «ծառայությունը» պետք է մատուցեն մեր բարեկամ և գործընկեր Միացյալ Նահանգներին՝ զոհասեղանին դնելով Հայաստանի և Արցախի անվտանգ ապագան: Համաձայնեք, որ եթե ոչ տարօրինակ, ապա առնվազն հավելյալ բացատրություններ պահանջող դիրքորոշում է: Ոչ պակաս մեկնաբանման կարիք ունի Ջոն Բոլթոնի այն թեզը (ըստ Կամարասի), որ Հայաստանը պետք է վերջ դնի ԼՂ պատերազմին: Սա իրոք իրերը գլխիվայր ներկայացնելու անհաջող փորձ է: Պարզվում է՝ պատերազմում է, սպառազինվում է և շրջափակում է Հայաստանը: Նույնիսկ ամենավառ երևակայությունը բավարար չէ նման պնդումներ անելու համար:

Իսկ ի՞նչն է դրդում մեր գործընկերներին Հայաստանին նման պահանջներ ներկայացնելու համար կամ ո՞րն է Հայաստանից նման սպասելիքներ ակնկալելու հիմքը: Չէ՞ որ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն անշեղորեն առաջնորդվել են այն հայեցակարգային թեզով, որ մեր ռազմավարական նպատակն է նպաստել թե՛ տարածաշրջանում և թե՛ Հայաստանում արտատարածաշրջանային ազդեցիկ խաղացողների առողջ մրցակցությանը և համագործակցությանը, այլ ոչ թե սեփական քաղաքականությունը կառուցել նրանց հակադրություններից օգտվելու մտայնությամբ: Հայաստանը մշտապես հավատարիմ է մնացել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու միջազգայնորեն ճանաչված կանոններին և չի փորձել իր գործընկերների հետ երկկողմ հարաբերությունները ձևավորել երրորդ կողմի հետ իր հարաբերությունների հաշվին և հակառակը: Այդուհանդերձ, ինչո՞ւ են մեր ամերիկացի բարեկամների մոտ ձևավորվել նման սպասելիքներ հայաստանյան իշխանություններից:

Կամարասի կարծիքով՝ շատերին ոգևորել էր Հայաստանի՝ Ռուսաստանի և Իրանի հետ դաշինքներից դուրս գալու հեռանկարը, ի շահ կարիքավորների տնտեսական բարեփոխումների, 1991թ. ի վեր ազնիվ ընտրությունների, Հայաստանին Ռուսաստանի ազդեցության ոլորտից հանելու ու արևմտամետ հարավկովկասյան հարևանների հետ նույն ուղու վրա կանգնեցնելու խոստումները: Մինչդեռ, շարունակում է հեղինակը, «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել հայ ժողովրդին և միջազգային հանրությանը տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ»:

Իր այս բանաձևումներով հոդվածի հեղինակը, փաստորեն, արձանագրում է, որ հայաստանյան իշխանություններից վերը բերված սպասելիքները ձևավորվել են վարչապետի կողմից միջազգային հանրությանը տրված խոստումների արդյունքում: Սա բավականին լուրջ և պատասխանատու արձանագրում է, որը կարող է դառնալ առանձին քննարկման առարկա (իսկ միգուցե հեղինակը հենց այդ նպատակն էլ հետապնդում է): Հաշվի առնելով Կամարասի հոդվածի լույս տեսնելու պահի հետ կապված որոշ նրբերանգներ, կարծում եմ՝ այս պահին պետք է ձեռնպահ մնալ հեռուն գնացող հետևություններ անելուց:

Ըստ այդմ, եթե չեն եղել որևէ ոչ հրապարակային պայմանավորվածություններ վարչապետի և իր արևմտյան գործընկերների միջև, ապա միջազգային հանրությանը խոստումներ կարող են տրվել Երկրի քաղաքական ղեկավարության բացառապես պաշտոնական և հրապարակային հայտարարություններով կամ ելույթներով: Անցած տարվա ապրիլ- մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում միշտ հայտարարվել է, այդ թվում Փաշինյանի կողմից, որ հայաստանյան զարգացումները չունեն և չեն կարող ունենալ որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ: Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո, Ստեփանակերտում, Փաշինյանը ի լուր միջազգային հանրությանը հայտարարեց, որ հայաստանյան նոր իշխանություններն արտաքին քաղաքականության բնագավառում չեն գնա որևէ ռևերսի, այսինքն՝ արտաքին քաղաքական գերակայությունների արմատական վերանայումների: Այդ թեզը արտացոլված էր Կառավարության 2018թ. հունիսի 16-ի ծրագրում:

Ավելին, բանակցային գործընթացի շուրջ, այդ թվում «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը շրջանառելու հետ կապված, հայտնի զարգացումներով պայմանավորված վարչապետը հանդես եկավ ոչ երկիմաստ հայտարարությամբ, որ Հայաստանը չի կարող բանակցել տարածքների վերադարձի վերաբերյալ հարցի շուրջ, իսկ Ստեփանակերտում հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հրապարակեց հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առարկայի, կարգավորման սկզբունքների, ինչպես նաև բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով Արցախը բանակցություններին անմիջական մասնակից դարձնելու հարցերում Հայաստանի մոտեցումներն ու հիմնավորումները: Ուստի, կրկնում եմ, եթե չեն եղել գաղտնի պայմանավորվածություններ, ապա արտաքին քաղաքականության բնագավառում հայաստանյան իշխանությունների հրապարակային հայտարարություններն ու նախաձեռնությունները հիմք չէին կարող հանդիսանալ ո՛չ միջազգային հանրության համար, ո՛չ էլ մեր առանձին գործընկերների համար Հայաստանից անիրականանալի սպասելիքներ ձևավորվելու համար:

Ըստ իս, արտաքին քաղաքականության բնագավառում, ընդհանրապես, և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, մասնավորապես, կառավարության ղեկավարի վերջին շրջանի հստակեցումները, հավանաբար, մեր որոշ գործընկերների մոտ ի դերև դարձրին վարչապետի անփորձությամբ պայմանավորված որոշ սպասելիքներ, հատկապես որ սկզբնական շրջանում որոշ անզգույշ հայտարարություններ կամ քայլեր նպաստեցին նման տպավորության ձևավորման համար (ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ այդ տպավորությունն այսօր էլ դեռ ամբողջությամբ չի չեզոքացվել, ինչն առավել իմաստնություն և շրջահայացություն է պահանջում Երկրի առաջին դեմքերից): Հավանաբար այդ «հիասթափությամբ» էր պայմանավորված Ջորջ Սորոսի հայտնի հայտարարությունը՝ հայաստանյան իշխանություններին քաղաքացիական առանձնահատուկ «աջակցություն» ցուցաբերելու վերաբերյալ:

Եվ վերջապես՝ մի կարևոր դիտարկում ևս Ջեյքոբ Կամարասի հոդվածի հետ կապված: Արդյո՞ք պատահական է, որ այն լույս է տեսնում Փաշինյան-Ալիև հանդիպման նախօրեին և, ըստ էության, փորձ է անում հակամարտության կարգավորման խնդրում հնարավոր անհամաձայնությունների պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա: Ընդ որում՝ դա արվում է այն բանից հետո, երբ Փաշինյանը, ըստ իս, շատ հիմնավոր, այդ թվում հենվելով արևմտյան ժողովրդավարության առանցքային հասկացությունների և ինստիտուտների վրա, ներկայացրեց երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման բանակցային օրակարգի վերաբերյալ իր առաջարկությունները: Նման պարագայում հրապարակելով նմանատիպ հոդված, այն էլ անթաքույց սպառնալիքի ակնարկներով Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության (Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերելու առիթով), Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու կամ Իրանի հետ համագործակցելու համար, հոդվածագիրը ուղղակիորեն Ադրբեջանի նախագահին խրախուսում է բանակցություններում հանդես գալ ավելի կոշտ և անզիջում դիքերից և հոդվածում հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի ազդեցիկ դեմքերից մեկին՝ Ջոն Բոլթոնին, ըստ իս, անուղղակի Ադրբեջանի համար կանաչ լույս է վառում հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսելու կամ առնվազն ուժի դիրքերից կամ ուժի կիրառման սպառնալիքի դիրքերից բանակցություններ վարելու համար:

Հոդվածի հեղինակը չի գիտակցում, որ նման արկածախնդրության գայթակղությանը տրվելու դեպքում Ադրբեջանը կործանարար և անվերականգնելի կորուստներ է կրելու՝ իր ժողովրդին դատապարտելով նոր զրկանքների և տառապանքների, իսկ հոդվածագիրը, և ոչ միայն նա, կստանձնի պատերազմի հրձիգի անփառունակ տիտղոսը:

Վերջում հետգրության կարգով: Բոլորին հայտնի է, որ ես վարչապետի ոչ բոլոր քայլերն եմ ողջունում՝ հատկապես ներքաղաքական կյանքում, տնտեսական քաղաքականության ոլորտում, բայց կարծում եմ՝ Ղարաբաղի խնդրում բանակցություններից առաջ նրան պետք է մաղթել իմաստնություն, հաստատակամություն, շրջահայացություն և մեր երկրի ապագայի հանդեպ պատասխանատվություն և անսահման նվիրվածություն: Համոզված եմ, որ այսպես պետք է մտածի մեզանից յուրաքանչյուրը:

 

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի նախկին վարչապետ

«Առավոտ» օրաթերթ

29.03.2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031