Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շատ սիրուն տնտեսական ցուցանիշներ ներկայացրեց, երբ ՀՀԿ-ն էր նման սիրուն թվեր բերում, ընդդիմությունն ասում էր՝ «էդ թվերը ոչ մի բան են, մեր մաշկի, կյանքի որակի վրա չենք զգում»: Մենք ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հարցրեցինք՝ հիմա այս 10 ամիսներին այդ թվերից կոնկրետ ձեր կյանքի որակը բարելավվե՞լ է՝ Մելքումյանը պատասխանեց՝ «Որպես ԲՀԿ-ի ներկայացուցիչ, մենք մեր մոտեցումներն ունենք, որոնք տարբերվում են այն հեղափոխության բնույթից, որը ես ենթադրում եմ: Ինչքա՞ն ներդրումներ են եղել մինչեւ հիմա, ինչքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել…Բաներ կան, որ վատ չեն, ծրագրեր կան, բայց չեմ կարծում, որ դրանք լիակատար բավարար են, որովհետեւ փողի ծավալը, թե որտեղից այդ գումարները պիտի գան, առայժմ ցույց չեն տալիս»:
Մենք ճշտեցինք՝ կոնկրետ դուք ձեր կյանքում այս ամիսներին փոփոխություն չե՞ք զգացել, հիմա ավելի վա՞տ եք ապրում, քան առաջ՝ Մելքումյանը պատասխանեց. «Չեմ մտածել դրա շուրջ հատուկ, առանձնապես չեմ զգացել»: Մեր դիտարկմանը, որ եթե ձեր ընտանեկան բյուջեի վրա զգայիք, կնկատեիք՝ Մելքումյանն արձագանքեց. «Ճիշտն ասած, ես 4 երեխա ունեմ եւ էդքան հեշտ չի»:
Հարցին՝ ՀՀԿ-ի ժամանակ հե՞շտ էր՝ Մելքումյանը պատասխանեց. «Հայաստանի նման փոքր երկրում շատ բարդ է ամեն ինչ, այսպես ասեմ՝ կյանքում հեշտ բան չկա»:
Լուսանկարը՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
29.03.2019