Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են գնել պատգամավորները, նախարարները՝ ապառիկով, ով ինչքան վարկ ունի

Մարտ 29,2019 15:00

Նախարար ունենք՝ վարձով է ապրում, պատգամավոր ունենք՝ տանը ինչ ունի-չունի՝ ապառիկով է առել

«Ես մտածում եմ՝ մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով է: Շատ հարմար վարկեր են առաջարկում, ամիսը 6000 դրամով դու ձեռք ես բերում լվացքի մեքենա: Ինչի՞ միանգամից 300 հազարը տաս վերցնես, եթե դու կարող ես ամիսը 6000 դրամով ունենաս»,- երեկ ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց. «Եթե չեմ սխալվում, մեր տան լվացքի մեքենայի վարկը մինչեւ հիմա չենք մարել, մի 4 տարի առաջ ենք գնել: Ինձ հարմար է, ավելի ձեռնտու է ոչ թե հիմա տամ 250 հազար, այլ ամիսը 6000 դրամ»: Հետո պարզվեց՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ուզել է ապառիկով հեռուստացույց գնել, բայց չի կարողացել. «էն օրը գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին: Չվճարած տուգանք ունեի»:

Երեկ խորհրդարանում մենք փոքր հարցախույզ անցկացրեցինք՝ պարզելու, թե պատգամավորներից, նախարարներից ովքե՞ր վարկեր ունեն ու ի՞նչ են գնել ապառիկով:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցին՝ ձեր տան հեռուստացույցը, սառնարանը, լվացքի մեքենան վարկո՞վ են, թե՞ չէ՝ պատասխանեց «հեռուստացույցը, ճիշտն ասած, չէ»: Որպեսզի դրանից չենթադրենք, որ Մելքումյանն ախր բիզնեսներ ունի, ձեռքը քարի տակ չի, ինչի՞ պետք է ապառիկով հեռուստացույց ու սառնարան գնի՝ նա շտապեց հավելել. «Բայց մի բան պիտի որ ունենայի վարկով»: Հետո Մելքումյանը, տեսնելով ԱԺ միջանցքում գոհ քայլող «Իմ քայլը» խմբակցությունից Վարազդատ Կարապետյանին, հորդորեց նրան հարցնել՝ ինքը վարկերի տա՞կ է, թե՞ ոչ: Կարապետյանը կես կատակ, կես լուրջ արձագանքեց. «Չէ, ես վարկով չեմ առել, ես օլիգարխ եմ»: Դիտարկմանը՝ հարուստ եք փաստորեն, պարո՛ն Կարապետյան, այսինքն, կան նման մարդիկ, որ վարկ չունեն՝ Մելքումյանը հուշեց՝ «ասա՝ հեռուստացույց չունեմ»: Վարազդատ Կարապետյանն էլ պատասխանեց. «Ես հեռուստացույց չեմ նայում»:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պարզվեց, ապառիկով սառնարան, լվացքի մեքենա չի գնել, բայց տունն է վարկով վերցրել՝ հիփոթեքով. «Մոտ 15 հազար դոլարից ավելի պիտի փակեմ»:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Ես վարձով եմ ապրում դեռ, իմ հիփոթեքային բնակարանը դեռ չեմ ստացել, երբ ստանամ, դրա մասին կխոսենք»: Նա ասաց, որ ոչ բոլորը կարող են գնալ խանութ, միանգամից 300 հազար դրամ տալ ու լվացքի մեքենա առնել. «Մարդիկ 300 հազար դրամ չունեն, բայց ամսական 5000 դրամ տալը հեշտ է: Պարզ է, որ վարկային պարտավորությունները գումարը մեծացնում են, էդ ամեն ինչը մենք էլ ենք հասկանում, բայց մատչելիության մասին է խոսքը, մենք բոլորս էլ դրանից օգտվում ենք»: Այն, որ զարմանալի է, որ պետական պաշտոնյաներն էլ են վարկերով գնում իրենց կենցաղային ապրանքները՝ Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Պետական պաշտոնյաները սովորական մահկանացուներ չե՞ն, մենք էլ նույն կյանքով ապրող մարդիկ ենք»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ իր տան լվացքի մեքենան, սառնարանը վարկով չեն: Հարցին՝ կանխիկո՞վ եք առել, Փաշինյանն ասում է, որ միանգամից 300 հազար դրամ տալը դժվար է, ամսական 6000 դրամ է կազմում, սխալվո՞ւմ է՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ինչ-որ մի բանը վարկով էր, կարծեմ լվացքի մեքենան, մնացածն առել եմ կանխիկ՝ մի քանի տարի առաջ»: Դիտարկմանը՝ փաստորեն լավ էլ հարուստ եք, որ սպառողական վարկերով չեք առնում՝ Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Չէ, վարկեր հիմա էլ ունեմ, բայց չեմ կարծում, որ առանց վարկի հեռուստացույց գնելը հարստության չափանիշ է: Ինձ թվում է, հարստությունը շատ ավելի մեծ ունեցվածք է ենթադրում: Բայց եթե գումար ունեք, շատ ավելի ձեռնտու է անմիջապես առնեք, քանի որ ապառիկի դեպքում բնական է, տոկոսներն այնքան են գումարվում, որ մայր գումարը գերազանցում են»: Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ վարչապետի հետ համաձայն չէ, այլ կարծիք ունի. «Ես վարչապետին մաղթում եմ, որ ինքը ապրի այնպիսի հարուստ ու բարգավաճ երկրում, որ վարկով կենցաղային իրեր չգնի»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, «Նոր պետական պաշտոնյաները սովորական մահկանացուներից են սերվել, եկել, զարմանալի բան չկա, որ ապառիկով են գնում իրենց տան սպառողական ապրանքները»: Հարցին՝ ձեր տան լվացքի մեքենան, սառնարանը ապառիկո՞վ եք գնել՝ նա պատասխանեց. «Սառնարանը չէ, բայց իմ բնակարանն է հիփոթեքով: Վաղուց եմ վերցրել, երիտասարդ մասնագետների ծրագրով»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը վստահեցրեց՝ «հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա, բոլորը ես վարկով եմ առել: Էդ պահին պիտի գնամ ինչ-որ մեկից պարտք անեմ, գնեմ, հետո վճարեմ, հենա ավելի լավ է բանկից վերցնեմ»: Դիտարկմանը՝ զարմանում ենք, որ պատգամավորները, նախարարներն էլ են մեր օրին՝ Գեւորգյանը պատասխանեց. «Ես շատ-շատ կուզենամ, որ մեր օրինակով շատ կարճ ժամանակում պետական պաշտոնյայի նկատմամբ մեր մոտեցումները միանգամից փոխվեն՝ մեր կենսակերպը տեսնելով»:

Վահագն Հովակիմյանը, ապառիկով ապրանքների մասին հարցը լսելուց հետո խորը հոգոց հանեց, ասես դարդերի մեջ ընկավ. «Ունեմ վարկ: Ես ուրիշ տարբերակով եմ գնացել, քարտային վարկից եմ վերցրել, վարկային գիծ եմ բացել: Երբ մեր լվացքի մեքենան փչացել էր, կինս մնացել էր առանց լվացքի մեքենա, ես վերցրեցի վարկային գիծ, այդ վարկային գծից կանխիկացրեցինք, կանխիկ գնեցի լվացքի մեքենան, բայց այդպես տոկոսը մի քիչ քիչ է, ասեմ: Ես հաշվել եմ, որ վարկային գծով ես շահում եմ, պարզ հաշվարկ էի արել»:

Դիտարկմանը, որ գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները վարկեր ունեն՝ Հովակիմյանն արձագանքեց. «Դե որովհետեւ աշխատավարձով ենք ապրում, գրողը տանի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031