Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրով վաճառված մեքենան վթարի էր ենթարկվել, ապա վաճառվել

Մարտ 29,2019 14:00

Վաճառքի գումարը գուլագարակցին չի ստացել

Լոռու մարզի Գյուլագարակի բնակիչ Վանիկ Թորոսյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակը, որն ուղարկվել էր անցյալ տարվա օգոստոսին, հասել էր ՀՀ գլխավոր դատախազություն, այնտեղից էլ Լոռու մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա. Մարտիրոսյանին. «Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին հայտնել դիմումատուին» հանձնարարականով:

Լոռու մարզի դատախազն էլ նամակից մեկ ամիս հետո դիմել էր ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Գուրջանյանին, հայտնելով, թե ձեր բնակիչը նամակ է գրել վարչապետին, «արդյունքների մասին անհրաժեշտ է հայտնել դիմումատուին եւ Լոռու մարզի դատախազին»:

Ոստիկանության նշյալ բաժինն էլ իրեն ուղղված մարզի դատախազի գրությունից մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 19-ին, Վանիկ Թորոսյանին է ուղարկում Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի կողմից նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման եւ դատախազի կողմից մերժման որոշման օրինականությունը ստուգման մասին գրության պատճենները:

Այն, ինչ ուներ իր մոտ քաղաքացին, մինչ վարչապետին դիմելը:

Ինչու էր դիմել քաղաքացին վարչապետին. քրեական գործ հարուցելու մասին որոշումները ստանալո՞ւ: Ամենեւին ոչ: Նա կարող էր այդ ամենը ստանալ դատարանի միջոցով, եթե Մասիսի նշյալ բաժինն այդ որոշումը չտրամադրեր:

Մինչդեռ, որոշումը քաղաքացին ստացել էր վարչապետին դիմելուց առաջ. անցյալ տարվա հուլիսի 9-ին:

Վանիկ Թորոսյանը ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության խմբի տեսուչ, ոստիկանության կապիտան Հ. Թորոսյանին դիմել էր հաղորդմամբ՝ հանցագործության մասին:

Ըստ այդ հաղորդման, Այնթափ գյուղի բնակիչ Հայկ Դովլաթբեկյանը իրեն 1700 դոլար է պարտք եւ մինչ օրս չի վերադարձրել:

Վանիկ Թորոսյանն «Առավոտին» պատմում է, որ Հայկն իրենից գնել է «Վազ» 21074 մեքենան, պայմանով, որ գումարը մաս-մաս կվերադարձնի:

Մի քանի անգամ Այնթափ գյուղում Վանիկ Թորոսյանը հանդիպել է պարտքատիրոջը, վերջինս ասել է՝ աշխատանք չունի, չի կարող վճարել:

Վաճառված մեքենայի դիմաց կողմերի միջեւ երկրորդ պայմանագիրն է կնքվել:

Ի դեպ, ըստ առաջին պայմանագրի, մեքենայի դիմաց գնորդը պետք է վճարեր 1800 դոլար, իսկ համաձայն երկրորդ պայմանագրի՝ հարյուր դոլար պակաս:

Ոստիկանությունում բացատրություն է տվել նաեւ Հայկ Դովլաթբեկյանը:

Նա հայտնել է, թե Մարմարաշեն գյուղում ընկերոջ հետ վարել է «Վազ» ավտոմեքենան՝ հետագայում վճարելու պայմանով ձեռք բերված:

Սակայն երբ աշխատանքից ազատվել է ընկերը, նա ծանոթացրել էր Վանիկի հետ, պայմանավորվել ավտոմեքենայի վաճառքի ու գնի շուրջ: Կնքել են պայմանագիր՝ գումարը մաս-մաս տալու մասին:

Երեւանում այդ մեքենայով պարտքատերը ենթարկվել է վթարի, երբ զանգել է ԱՊՊԱ, այնտեղից նրան ասել են, որ մեքենան պայմանագիր չունի, այն դեպքում, երբ դիմապակու վրա առկա էր ԱՊՊԱ կտրոնը:

Ըստ հետաքննիչի կազմած որոշման նկարագրական մասի, ԱՊՊԱ կտրոն չունենալու դեպքում վթարի ենթարկվելու ժամանակ պատիժը տուգանքն էր՝ մինչեւ երեքհարյուր հազար դրամի չափով: Այդ ժամանակ Հայկն առաջարկել է Վանիկին՝ մեքենայի գինն իջեցնել, այն հասցնել նշված տուգանքի չափին:

Գործի քննության ժամանակ պարզվել է, որ պարտքատերը մեքենան մաս-մաս է արել, «մասնատել», վաճառել տարբեր մարդկանց, եւ այդ գումարից էլ ոչինչ չի տվել Լոռու մարզի բնակչին: Ըստ ոստիկանության, ոչ մեկը մոլորության մեջ չի գցել լոռեցուն, չկա դիտավորություն նրան խաբելու, չկա խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու դիտավորություն, չկա հանցակազմ:

Ի դեպ, մերժելով քրեական գործ հարուցելը, հետաքննիչը հղում էր կատարել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի, երգչուհի Լիա Ավետիսյանի գործերին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է «Առավոտը»:

Նրանց գույքն էլ մոլորության, առերեւույթ խարդախության եղանակով անցել էր այլ անձանց տիրապետության տակ: Ըստ հենց Վճռաբեկ դատարանի իրավական գնահատականների, վերլուծության էին ենթարկվել խարդախության քրեաիրավական բնութագիրը, խարդախության հանցակազմը դիտարկվել էր նաեւ մասնավոր իրավական պարտավորությունների հետ հարաբերակցության մեջ:

Հետաքննիչն անդրադարձել էր ԱՊՊԱ-ի կտրոնին: Ըստ նրա, եթե անգամ պարզվեր, որ ԱՊՊԱ պայմանագրի կտրոնը կեղծ է եղել, եւ հիմնավորվեր որեւէ մեկի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու հանգամանքը, ապա վթարից՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունից անցել են տարիներ, եւ կկիրառվեր վաղեմության ժամկետ:

«Ես ՀՀ քաղաքացի եմ, իմ հովանավորը ՀՀ-ն է, ՀՀ Սահմանադրությունը: Հարգելի վարչապետ, ելնելով վերոհիշյալ փաստարկներից, նաեւ պատժի եւ հարկադրանքի այլ մեխանիզմներ կիրառեք նման ձեւով ուրիշի սեփականությունը դարանակալ եղանակով խլողների նկատմամբ: Դուրս է գալիս, որ ՀՀ-ում ամեն ոք անպատիժ է»,-նշել էր գուլագարակցին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

28.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031