Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզեի, որ մեր իշխանությունները մի քիչ սիրեին արվեստագետներին»

Մարտ 29,2019 13:30

Հարցազրույց երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանի հետ

– Դուք «Առավոտին» հանդիպած առաջին ուսանող դերասանն եք, որի «+ 1» մոնոներկայացումը Համազգային թատրոնում մարտին կայացած պրեմիերայից հետո թատրոնի ղեկավարությունը մտադիր է «ամրագրել» խաղացանկում: Այդ առիթով մեզ հետ զրուցած մեկ-երկու մասնագետներն էլ չհիշեցին որեւէ ուսանողի, որի աշխատանքը նման գնահատականի է արժանացել:

– Ըստ Եվգենի Գրիշկովեցի «+ 1» պիեսն իմ երկրորդ մոնոներկայացումն է, առաջինը 2018-ին էր, ուսանողական թատրոնում՝ Իվան Վիրիբաեւի «Թթվածինը» մոնոդրաման՝ Նադեժդա Իսրայելյանի ռեժիսուրայով: Խաղացի տասն անգամ, ընդ որում՝ այն ներկայացրի նաեւ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում, ինչպես նաեւ Գյումրիի մեր՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի մասնաճյուղում (Դավիթը ուսանում է պրոֆեսոր Սաթենիկ Մաթեւոսյանի արվեստանոցում): Ինչ վերաբերում է «+1»-ի խաղացանկում հայտնվելուն, այն թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի եւ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի միտքն է:

– Հայտագրում գրված է. բեմադրիչ-դերակատար՝ Դավիթ Աբրահամյան, ռեժիսոր՝ Նադեժդա Իսրայելյան, կմանրամասնե՞ք:

– «+1»-ի թարգմանությունը եւ բեմադրության գաղափարը իմն է: Սկզբնական շրջանում ստանձնել էի նաեւ «ինքս ինձ ռեժիսոր» ձեւաչափը (ժպտում է), հետո կարիք զգացի «կողքից աչքի», խորհրդի եւ քանի որ Նադեժդայի հետ ունեի համագործակցության փորձ, խնդրեցի, որպեսզի նա ներկա լինի փորձերին: Այսպես Նադեժդան իր վրա վերցրեց ռեժիսորի աշխատանքը, եւ արդյունքում դարձանք համահեղինակ: Թեեւ, եթե բեմադրեր միայն Նադեժդան, այդ դեպքում պիեսը «կներկայանար» փսիխոդրամայի ժանրում, մինչդեռ ի սկզբանե մտածել էի այն ներկայացնել լավատեսական հնչողությամբ, առանց ժանրային հստակ տարանջատման, մինիմալ ռեկվիզիտով եւ, որ ամենագլխավորն է՝ չվերածել շոուի:

– Ըստ ձեզ՝ մոնոներկայացումը ինչո՞վ գրավեց Համազգայինի ղեկավարների եւ հանդիսականի ուշադրությունը (հանդիսատեսի հիացական վերաբերմունքին ականատես ենք եղել), գուցե հերոսի հենց առաջի՞ն նախադասությամբ՝ «ես փակ կամ բարդ մարդ չեմ, պարզապես ինձ ոչ ոք չի ճանաչում այնպիսին, ինչպիսին ես իրականում եմ…» կամ ասենք՝ որպես հայտնի ժամանակակից դրամատուրգ Գրիշկովեցի գործ… Ընդ որում, դրամատուրգը մշտապես ներկայանում է իր գրվածքների մոնոներկայացմամբ, ավելի ճիշտ՝ դա կարելի է համարել մենախոսություն… Կամ էլ՝ պիեսում բարձրացված խնդիրները «հոգեհարազատ» են մեզ:

– Կերպարս ըստ էության չունի ազգային պատկանելություն: Սա, իհարկե, իմ տարբերակում: Ի վերջո, աշխարհի յուրաքանչյուր անկյունում մարդը նույնն է իրեն հուզող հարցերով: Ներկայացման ընթացքում հերոսս ցավով է բարձրաձայնում մերօրյա իրողության մասին. «ամեն ինչ թվայնացված է, ու վերջերս իմացա, որ այդ թվային կոդում նկարների, երաժշտության… օգտագործում են ընդամենը երկու թիվ՝ զրոն եւ մեկը: Ես դրա հետ որպես մարդ էնպես համաձայն չեմ, դա ինձ որպես մարդ վիրավորում է: Այսինքն, իմ մանկության լուսանկարները, երաժշտությունը, որ լսում եմ, դրանք ի՞նչ են, նույնպես զրո ու մե՞կ են…»: Եվ դա է այն հիմնական պատճառը, որ հերոսս իրեն չի գտնում մեր ժամանակներում: Մերօրյա դրամատուրգիայում առաջին հերթին հանդիսատեսին պետք է գրավել թեմայով, զուգահեռ էլ նրա հետ պետք է լինել մաքսիմալ անկեղծ: Ինչպես նշեցիք, Գրիշկովեցը այն քիչ հանդիպող հեղինակներից է, որ նաեւ խաղում է իր պիեսներում: Մի կարեւոր խնդիր էլ էի դրել իմ առջեւ. դրամատուրգի պիեսները սեփական մատուցմամբ «ողողել» են յութուբը, հետեւաբար փորձեցի գտնել դրանց թատերային լուծումները…

– Ներկայացման ավարտին հերոսը հուսալքված է, ում օգնության է հասնում հույսը: Ձեր դեպքում՝ որպես արվեստագետի, կա՞ նման հույս, մանավանդ վերջին շրջանում մեր թատերական ոլորտում պտտվող զանազան ու խրթին խոսակցությունների պարագայում:

– Ինչ էլ որ լինի կամ ցանկացած դեպքում ես ունեմ հույս: Հերոսիս միտքը փոքր-ինչ վերաձեւակերպելով պատասխանեմ՝ կուզեի, որ մեր իշխանությունները մի քիչ սիրեին արվեստագետներին: Թեեւ, հերոսիս խոսքերով՝ «սիրելը իսկապես շատ դժվար է… Դրա փոխարեն չսիրելը ամենահեշտ բանն է՝ չեմ սիրում, եւ վերջ»:

– Որպես հանդիսատես, թույլ տվեք «ստուգել» ձեր մասնագիտական «հոտառությունը»: Համազգայինի խաղացանկային ներկայացումները, լինի դա դրամա, թե կոմեդիա, տրագեդիա, թե, օրինակ, վերջին դոկումենտալ պիեսը, ունեն ընդհանուր մեկ բան՝ ի՞նչն է դա:

– Հանդիսատեսին լույսով վարակելու միտումը:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

28.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031