Ասում է Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի երիտասարդ տնօրենը:
Այս տարվա փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ղազանչյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ գիտությունը մեծ տեղ է գրավում ՀՀ զարգացման հեռանկարում. «Մենք չենք կարող անտեսել գիտությունը, բնականաբար, պետք է նոր շունչ հաղորդել եւ Գիտությունների ազգային ակադեմիային, եւ նրա ՊՈԱԿ-ներին: Օրինակ, ես աշխատում եմ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի երիտասարդ կադրերի ներգրավմամբ, հավաքագրում եմ դիմած երիտասարդներին, որոնք փորձը կվերցնեն մեծերից, այսինքն՝ ավագ սերնդի գիտնականներից եւ այդ համագործակցությունը շատ գեղեցիկ է ընթանում»:
Լիլիթ Ղազանչյանն ասաց, որ ծրագրեր ունեն երիտասարդացնել Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը: Մեր հարցին` ինչպե՞ս են պատրաստվում երիտասարդներին բերել գիտություն, երբ շատերը ձգտում են դեպի կոմերցիա: «Դա դժվար հարց է, ֆինանսավորումն էլ չնչին է, բայց նպատակ ունենք կառավարության, տարբեր նախարարությունների ու պետական մարմինների հետ համագործակցել, ինչպես նաեւ դրամաշնորհային ծրագրեր իրականացնել արտասահմանի հետ, որը հրապարուրիչ է երիտասարդների համար»,-հայտնեց նորընտիր տնօրենը: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինստիտուտում քանի տոկոսն է օտար լեզվի տիրապետում, որովհետեւ այսօրվա գիտնականին անհնար է պատկերացնել առանց օտար լեզվի իմացության ու հաղորդակցվելու ունակության: «Ես կարող եմ ձեզ ուրախացնել, որ մեզ մոտ անգամ ավագ սերնդի գիտնականները օտար լեզուների են տիրապետում` գիտեն անգլերեն եւ ռուսերեն: Ես անձամբ 4 լեզվի եմ տիրապետում` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ սկսնակ գերմաներեն: Ես փաստաբանական պալատի անդամ եմ նաեւ, գործող փաստաբան եմ: Քանի որ շատ տեղերում եմ աշխատել, ինձ համար հեշտ է լեզու գտնել երիտասարդների հետ: Ես չեմ սիրում ցնցումներ, գտնում եմ, որ ինստիտուտում սերնդափոխությունը պետք է սահուն տեղի ունենա, չի կարելի ավագ սերնդի գիտնականներին «տուն ուղարկել» միայն այն պատճառով, որ տարիքով մեծ են»:
Լիլիթ Ղազանչյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ գիտության եւ կրթության միջեւ եղած ոչ սերտ կապին. «Մեզ մոտ ամբիոնները հեռացել են գիտությունից: Օրինակ, մեր համալսարանը զբաղվում է գիտական հետազոտությամբ, բայց կան որոշ մասնավոր բուհեր, որոնք համապատասխան ֆինանսական հնարավորությունններ եւ կադրեր չունեն, դրա համար հեռացել են գիտությունից, մինչդեռ գիտությունն ու կրթությունը պետք է համագործակցեն: Ես եւ մեր ինստիտուտի շատ աշխատակիցներ նաեւ դասավանդում ենք, ես` ԳԱԱ գիտակրթական կենտրոնում»: Նրա ձեւակերպմամբ, ժամանակին գիտությունը եղել է զուտ բանակից խուսափելու միջոց, իսկ հիմա այդ հնարավորությունն այլեւս չկա. «Մենք ընտրում ենք մարդկանց, որոնք ուզում են իրապես զբաղվել գիտությամբ»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Լիլիթ Ղազանչյանը ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մագիստրատուրան` իրավագիտություն մասնագիտացմամբ: 2015-ին ստացել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Լիլիթ Ղազանչյանը 3 մենագրության, 27 գիտական հոդվածի հեղինակ է: Նա Հայ-ռուսական համալսարանի 063 Իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ է, ինչպես նաեւ «Юридический факт» (ՌԴ) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
28.03.2019