«Ես հայ չեմ, բայց մասնակցում եմ ցանկացած հայկական մշակութային եւ քրիստոնեական տոնի, քանի որ գտնում եմ, որ ինքս էլ ապրում եմ այս մշակույթի մեջ»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է ազգությամբ հնդիկ Փերշանտ Սինգլան: Վերջին տարիներին Հայաստան այցելող եւ մեր երկրում աշխատանք գտած հնդիկների թիվն աճել է: Նրանք հաճախ ընտանիքներով տեղափոխվում են այստեղ բիզնես հիմնելու, սովորելու, աշխատելու եւ ճամփորդելու նպատակներով: Շատերի համար Հայաստանը դառնում է բնակության նոր վայր, իսկ ոմանք էլ մի քանի ամիս բնակվելուց հետո հեռանում են:
Փերշանտը արդեն 2 տարի է, ինչ տեղափոխվել է Հայաստան: Նրա կարծիքով՝ Հայաստանը շատ լավ երկիր է, եւ ունի ցանկացած հնարավորություն բիզնեսի համար: Նա կարճ ժամանակահատվածում սիրել է Հայաստանը, եւ չի էլ պատրաստվում հեռանալ: Փերշանտը սիրում է հայկական ավանդույթները, տոները, հայ ժողովրդին: Նրա տպավորությամբ հայերը հյուրասեր ու բարեսիրտ ժողովուրդ են: Ասում է՝ բազմաթիվ հայ ընկերներ ունի: Փերշանտը Հայաստանում իրեն օտար չի զգում, Հնդկաստանն էլ համարյա չի կարոտում, քանի որ ամեն ինչ Հայաստանում իրեն շատ հարազատ է դարձել:
Նա ավելացրեց ու կրկին շեշտեց, որ Հայաստանում նշում է տոները, հիմա էլ պլանավորում է, թե ինչպես է նշելու Զատիկը: «Զատիկը իմ ամենասիրելի քրիստոնեական տոներից մեկն է, մենք էլ ունենք նմանատիպ մի տոն` նույն ժամանակահատվածում: Սովորաբար այդ օրը ես անցկացնում եմ ընկերոջս ընտանիքի հետ, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել եմ Զատկի առանձնահատկություններին»,-հայտնեց Փերշանտը: Նա ապրել է տարբեր երկրներում, սակայն մտադիր է բնակություն հաստատել Հայաստանում, քանի որ իր համոզմամբ, Հայաստանն ապահով երկիր է: Նա ցանկանում է նաեւ այստեղ ընտանիք կազմել:
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
28.03.2019