Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եռյակից զբոսաշրջիկները ավելի քիչ գիտեն Հայաստանի մասին

Մարտ 28,2019 23:45

Տնտեսության ամենաշահութաբեր ճյուղերից մեկի՝ զբոսաշրջության զարգացմանը, ՀՀ կառավարությունը տարեկան տրամադրում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այս նախադասությամբ կարելի էր ավարտված համարել քննարկումը այն պարզ պատճառով, որ միայն արտաքին գովազդատեղեկատվական հարթակում երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու համար անհրաժեշտ է երկու-երեք անգամ ավելին, քանի որ ինչպես սիրում էր կրկնել Լորդ Թոմաս Մակոլեյը դեռ 19-րդ դարում, փող աշխատել առանց գովազդի վրա փող ծախսելու, ի վիճակի է միայն դրամի տպագրության պալատը:

Այն, որ երկրում զբոսաշրջության զարգացման տեմպերը անհանգստացրել են մեր բոլոր կառավարություններին, անվիճելի փաստ է: Այն, որ Հայաստանը գրավչության և ունեցած զբոսաշրջային պոտենցիալի առումով արդարացիորեն չի զիջում իր հարևաններին, և վերջին տարիներին տուրիստների հոսքի աճ գրանցվում է, դա, նույնպես, փաստ է:

Սակայն, դրա հետ մեկտեղ, փաստ է նաև այն, որ համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցում Հայաստանը դեռևս 84-րդ տեղում է՝ տասը կետով զիջելով հարևան Ադրբեջանին ու Վրաստանին, և զբոսաշրջային ոլորտի մասնագետներն էլ միաձայն պնդում են, թե ինչպիսին էլ լինեն տուրիստների հոսքին վերաբերող վիճակագրական թվերը, միևնույն է, Հայաստանը տուրիզմի շուկայում առաջին ջութակներից չէ:

Իսկ վիճակագրական թվերը հետևյալն են: 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 651 782 զբոսաշրջիկ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1 494 779 մարդ: Այս ցուցանիշում, ո՞ր տոկոսն է հանդիսանում իրական զբոսաշրջիկ, որ՞ը արտագնա աշխատանքից դեպի տուն վերադարձող հայրենակից, պարզ չէ, միայն կարող ենք նշել, որ երկիր ժամանածներից 307 473-ն է տեղավորվել հյուրանոցներում:

Վերջին տարիների ընթացքում, ՀՀ տարբեր կառավարությունների կողմից, պարբերաբար մշակվել են զբոսաշրջության նպատակային զարգացմանն ուղղված մի շարք նախագծեր ու ծրագրեր: Սակայն, Ծաղկաձորը, Տաթևը, Ջերմուկը միջազգային զբոսաշրջության չափանիշներին համապատասխան կենտրոն դարձնելու պլանները, որոնց մասին էջերով զեկույցներ են հրապարակվել, այդպես էլ մնացել են թղթի վրա:

Կոնկրետ օրինակ, Ծաղկաձորին վերաբերվող ՀՀ կառավարության ծրագրի մեջ, որը հրապարակվել է դեռևս 2005 թվականին, հենց առաջին կետում նշված ու կարևորված է գովազդատեղեկատվական համակարգի զարգացման մասին, այսօր, սակայն, 14 տարի անց, ոլորտին տիրապետող մասնագետները նկատում են, որ Հայաստանը իբրև զբոսաշրջային երկիր գնահատված չէ, քանզի զբոսաշրջիկները, լայն առումով, քիչ գիտեն Հայաստանի մասին:

Ըստ վիճակագրության, զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը՝ 684013-ը մեր երկիր, եղել է ՌԴ-ից: Հարևան Ադրբեջանը, չնայած այն փաստին, որ ավելի մեծ ցուցանիշ է գրանցել այս առումով, վերջերս որոշեց, որ դա բավարար չէ և անհրաժեշտ է Ռուսաստանում բացել Զբոսաշրջության բյուրո և բացեց: Այս տարվա փետրվարի 22-ին բյուրոն կազմակերպեց առաջին շնորհանդեսը և ռուսաստանյան խոշոր տուրօպերատորներին ներկայացրեց ընդգրկուն մարկետինգային ծրագիր՝ «Նայիր նորովի» խորագրով, որտեղ կազմակերպության տնօրեն Ֆլորիան Զենգստշմիդը հայտարարեց, թե Ռուսաստանը իրենց գլխավոր թիրախն է արտասահմանյան տուրիստական շուկայում:

Մեր հարևան Վրաստանում, որը նույնպես, Հայաստանի համեմատ, մոտ երկու անգամ ավելի տուրիստական հոսք ունի Ռուսաստանից, ապրիլի 19-ին անցկացվելու է «Վրացական արձակուրդներ» անվանումը կրող խոշոր տուրիստական B2B ձևաչափի (Business to business) միջազգային ցուցահանդես, որը կազմակերպել են Ռուսաստանի և Վրաստանի գործարար տուրիզմի ասոցիացիաները համատեղ: Միջոցառման բոլոր ծախսերը հոգալու են կազմակերպիչները՝ բացի ավիատոմսից, որոնք «Վրացական Ավիաուղիները» զեղչով կվաճառեն մասնակցության հայտ ներկայացնողներին:

Վրաստանը, ընդհանրապես, մի երկիր է, նշում են մասնագետները, որտեղ գոյություն ունեն բարձր, շատ բարձր և ֆանտաստիկ բարձր տուրիստական սեզոններ և դա ոչ այն պատճառով, որ նա ավելի գրավիչ է կամ ունի ավելի բարենպաստ պայմաններ տուրիզմի համար: Ոչ, ուղղակի, ամբողջ գաղտնիքը նրանում է, որ տուրիստական գովազդի շուկայում, որը ենթադրում է նաև տարատեսակ միջազգային ցուցահանդեսներին ներկայանալը, Վրաստանն ամենուր է, և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եռյակում զբոսաշրջիկները ամենաքիչը ծանոթ են հենց Հայաստանին:

2017 թվականին Մոսկվայում հերթական անգամ անցկացվեց միջազգային գործարար տուրիզմին առնչվող BBT Russia & CIS Award հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որտեղ Հայաստանը ճանաչվեց լավագույն երկրներից մեկը MICE (կորպորատիվ տուրիզմի ուղղություն) անվանակարգում և ինչպե՞ս է դա տեղի ունեցավ:

Գայանե Քոչարյանը, ով ուսական խոշոր ընկերություններից մեկում կորպորատիվ միջոցառումների կազմակերպման պատասխանատուն է, նախորդ տարվա այդ նույն մրցանակաբաշխության ժամանակ ներգրավված է լինում ժյուրիի կազմում և զարմանքով նկատում է, որ Ադրբեջանը, Վրաստանը և ԱՊՀ տարածքի մի քանի այլ երկրներ հայտ են ներկայացրել մրցույթին, իսկ Հայաստանը բացակայում է: Հարցին, թե ինչու Հայաստանը չկա, կազմակերպիչները պատասխանում են, որ տեղեկացրել են համապատասխան գերատեսչություններին, սակայն, ոչ ոք չի արձագանքել:

Գայանեն որոշում է, որ հաջորդ տարի Հայաստանը պետք է անպատճառ ներկայացված լինի մրցույթում, սակայն, այդ հարցում, նրա իսկ պնդմամբ, բոլոր պատկան մարմիններից, որոնց դռները հերթով թակում է նա, միայն ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է հետաքրքրություն ու աջակցություն ցուցաբերում, և ահա Հայաստանը վերջապես հայտ է ներկայացնում մրցույթում և ճանաչվում լավագույններից մեկը:

«OK Armenia» կորպորատիվ տուրիզմի զարգացմանն ուղղված նախագիծը յուրահատուկ հարթակ է, որի նպատակը Հայաստանն ու Արցախը ռուսաստանցի գործընկերներին ներկայացնելն է: Նախագծի մտահաղացումը Գայանեինն է, և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը աջակցություն է ցուցաբերել դրա իրականացմանը: Անցյալ տարվանից սկսած արդեն երկու շնորհանդես է անցկացվել՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և հաջորդը կլինի այս տարի՝ Եկատերինբուրգում:

Մեկ այլ նախաձեռնություն ևս անցյալ տարվանից սկսած իրականացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Այն մասշտաբային բնույթ չի կրում, սակայն, նույնպես միջոց է Հայաստանի մասին պատմելու: Ամեն շաբաթ և կիրակի, դեսպանատանը անցկացվում են էքսկուրսիաներ՝ հյուրերին ծանոթացնելով Լազարյանների առանձնատան հետ և, ինչպես մեր զրույցում նշում է այդ նախագծի պատասխանատու, դեսպանության մամուլի ծառայության աշխատակից Արամ Ոսկանյանը, ինքը շրջայցի հենց սկզբում հայտարարում է, որ Հայաստան այցելությունը սկսվում է Հայկական Նրբանցքից ու, ըստ նրա, արդեն մոտ 1000-ից ավել մարդ է մասնակցել այդ էքսկուրսիաներին և հեռացել հստակ որոշմամբ, որ անպայման այցելելու է Հայաստան: Ռուսաստանյան հարթակից, ցավոք, առայժմ այսքանը:

Այս տարի «Marriott» ընկերությունը պատրաստվում է Վրաստանում ստանձնել 9-րդ հյուրանոցի կառավարումը, իսկ Հայաստանում վերջինս ունի միայն երեք հյուրանոց, այն պարագայում, երբ գնային առումով մերոնք ավելի մատչելի են, քան Վրաստանում: Մեկ երկտեղանոց համարը հիշյալ հյուրանոցում կարելի է վարձել՝ Վրաստանում սկսած 190 հազարին համարժեք դրամով, իսկ Հայաստանում՝ 52 հազար: Ծով ունենալու գործոնը այս հարցում դեր չի խաղում: Բաթումը, որպես ծովափնյա հանգստի գոտի զիջում է բոլոր առումներով: Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Թբիլիսի:

Ըստ հյուրանոցային խոշոր ցանցերից մեկի կոմերցիոն բաժնի տնօրեն Արմինե Սարգսյանի, միջազգային ցուցահանդեսներին, որտեղ հաճախ ներկա է լինում նա, Հայաստանը կամ ներկայացված չէ, կամ կանգնած է մի անկյունում, մի փոքրիկ ստենդի դիմաց, որտեղ մեկ կամ երկու հայաստանյան տուրօպերատոր է առկա, իսկ հարևան երկրները, պատմում է նա, վարձում են խոշոր ցուցատեղեր, որտեղ ներկայացված են լինում տասնյակից ավել տուրօպերատորներ և ոլորտի լոգիստիկան ապահովվող ընկերություններ:

Հայաստանը նաև պատրաստ չէ VIP սեգմենտի զբոսաշրջիկներին և խոշոր ընկերությունների կորպորատիվ արշավներին, քանի որ համապատասխան հյուրանոցների թիվը սահմանափակ է: «Երկու տարի առաջ,- պատմում է Ա. Սարգսյանը,- երբ ռուսաստանյան գործընկերների փոքր խումբ է առաջնորդել Հայաստան, ովքեր այցելել են Սևան, համտեսել տեղի չափազանց համեղ խոհանոցը կոլորիտային, բայց ոչ բարձրակարգ ռեստորանում և փոքրիկ նավակներով զբոսնել են Սևանի ջրերի վրա, հարց է ծագել՝ իսկ եթե որևէ խոշոր ընկերություն ցանկանա, որ նույն ծրագիրը կրկնեն իր բազմաքանակ աշխատակիցները, կգտնվի՞ արդյոք մեծ ու հարմարավետ նավ, կամ համապատասխան դասի ռեստորան, որը կսպասարկի նրանց: Պատասխանը, ցավոք, եղել է բացասական»:

«Չնայած այն փաստին, որ հայաստանյան հյուրանոցների և սպասարկման ոլորտի գնային ցուցանիշը ավելի մատչելի է, քան հարևան երկրներում, միևնույն է, տուրիստական փաթեթները դեպի մեր երկիր շուկայում գրեթե երկու անգամ թանկ են: Մեկ շաբաթվա այցը Հայաստան, եթե այն ձեռք ես բերում փաթեթով, որն ընդգրկում է կեցությունը, փոխադրումը և նախաճաշը՝ առանց ավիատոմսի, մեկ անձի համար արժե մոտ 800-1000 դոլարին համարժեք գումար, իսկ հարևանները առաջարկում են 400 դոլարից սկսած: Ավիատոմսերի գների մասին չենք էլ խոսում, դրանք սառցաբեկորի պես են և այս հարցում մեզ կփրկեն միայն լոուքոստերները»,- ասում է մեր մյուս զրուցակիցը՝ ռուսական տուրիստական գործակալության տնօրեն Արամ Անտոնյանը: Նրա հստակ համոզմամբ, պետությունը պետք է լուրջ դոտացիաներ տրամադրի ոլորտին:

«Տուրիզմը իր մեջ կրում է նաև քաղաքական տարր, երկիր վարկանիշը նաև տուրիզմով կարելի է առաջ մղել և մեր կառավարությունը պետք է բացի ականջները, ականջալուր լինի ոլորտի մասնագետների առաջարկներին», -ասում է Անտոնյանը: «Հայաստանի տուրիզմի ոլորտը ղեկավարվում է ոչ մասնագետների կողմից, առկա է նաև մտքի, մտահաղացման բացակայություն: Հայաստանում չկան կրեատիվ լուծում ունեցող հյուրանոցներ, տուրիստներին փոխադրող մեքենաները հաճախ նախկին բեռնատարներ են մարդատարի վերածված, իսկ երբ լսում ես տարբեր էքսկուրսավարների, տպավորություն է, թե տարբեր հայաստանների մասին են պատմում», -շարունակում է Անտոնյանը:

«Զբոսաշրջիկը չի գալիս Հայաստան պատմական դասախոսություն լսելու կամ ցեղասպանության պատմությանը ծայրից ծայր ծանոթանալու համար: Նա Հայաստան է գալիս լեգենդի հետևից: Պետք է պատմել մեր հաղթանակների, ավանդույթների, թագավորների մասին ու հնարավորինս հեքիաթային գրավչություն հաղորդել այդ պատմություններին, ինչպես դա անում են բոլոր մյուս երկրները»,- բացատրում է Անտոնյանը: Ըստ նրա, մեծ խնդիր կա նաև ճանապարհատրանսպորտային ոլորտում: Երևանին հարակից քաղաքներ հասնելու համար ամենահարմարը տաքսի վարձելն է, իսկ եթե լինեին հարմարավետ ավտոբուսներ, երկաթուղի, ապա հետաքրքրված զբոսաշրջիկը կհասցնի շրջել ամբողջ Հայաստանով՝ թեկուզ ինքնուրույն:

Տուրիզմի շուկայում գովազդի արդյունքները ի հայտ են գալիս երեք տարի անց միայն, ասում է հայաստանյան ներգնա տուրիզմում երկարամյա գործարար փորձ ունեցող Եղիշե Թանաշյանը, իսկ մեր երկրում ոչ միայն գովազդի, այլ նաև, ընդհանուր առումով, այդ ոլորտում աշխատանքի երկարաժամկետ պլանավորում չկա: Անցած տարի, օրինակ, ոլորտի աշխատակիցները զարթնեցին ու իմացան, որ Տաթևի ճոպանուղու տոմսերի գինը բարձրացվել է, այն դեպքում, երբ դրանց մեծ մասը տուրիստական ընկերությունները արդեն վաճառել էին նախատեսված փաթեթներում, պատմում է Թանաշյանը :

Ըստ Թանաշյանի, ներգնա տուրիզմով և լոգիստիկայով զբաղվող ընկերությունների թիվը Հայաստանում շատ մեծ է և դրանց նկատմամբ պետությունը չի սահմանում համապատասխան չափորոշիչներ: Մենք չունենք, օրինակ, զբոսաշրջիկների վրա մասնագիտացած ռեստորաններ, որտեղ հստակ գիտեն, թե ով է զբոսաշրջիկը և ինչ մոտեցում է պահանջվում նրա նկատմամբ կամ ցանկացած մեկը կարող է գազել վերցնել, տուրիստ դիմավորել, ման տալ՝ միաժամանակ հանդես գալով նաև որպես էքսկուրսավար ու դրա համար չունենալ ոչ մի տեսակի վկայական:

Այս ամենը բերում է անառողջ մրցակցության, գնանկման և ոլորտում ներդրումային քաղաքականության երերուն լինելուն ու հարցի լուծումներից մեկը տուրիստների մեծ հոսքն է, որը բնականոն սելեկցիայի կենթարկի շուկան, պնդում են մասնագետները, իսկ տուրիստական հոսք ունենալու համար պետք է ճանաչելի դարձնել երկիրը:

Նաիրա Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031