Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր լծակներ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին. հանուն ինչի՞

Մարտ 28,2019 22:15

Առաջին տարին չէ, որ Հայաստանում խոսում են հակակոռուպցիոն պետական մարմին ունենալու անհրաժեշտության մասին: Տարբեր երկրների փորձերի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կա երկու մոդել. հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որտ կզբաղվի հակակոռուպցիոն կրթությամբ, կոռուպցիայի կանխարգելմամբ, օպերատիվ հետախուզությամբ եւ նախաքննությամբ: Եվ հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգ. հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հենքի վրա ձևավորված հակակոռուպցիոն մարմին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ կանխարգելիչ և կրթական գործառույթներ եւ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և հակակոռուպցիոն միջոցառումներ, պետական կառավարման համակարգի մարմիններ մոնիթորինգ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրուրդ, կառավարության եւ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներ:

Թեեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հինգ էջանոց փաստաթղթով հիմնավորեց Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ունենալու առավելությունները, կառավարությունը դեռ չի շտապում ընդունել այս առաջարկը: Կառավարությունում՝ ի դեմս արդարադատության նախարարության, պնդում են, որ դեռ որոշում չունեն, որոշումը կայացվելու է փորձագիտական բոլոր խմբերի կարծիքները հաշվի առնելով: Սակայն, խոսակցություններ կան, որ կառավարությունում հակված են ընդունել հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգի առաջարկը: Այդ լոբբինգով է զբաղվում նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանը: Նա Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընդհանուր ժողովի`կազմակերպության ղեկավար մարմնի անդամ է:

Ավելին՝ որոշ ՀԿ-ներ որոշել են ամեն գնով հասնել հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգ ունենալուն: Օրինակ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ նշվել է, որ ժողովրդավարական կառավարում ունեցող եվրոպական երկրներում առավել տարածված է հակակոռուպցիոն տարանջատված մոդելը: Կամ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպման ժամանակ  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հակակոռուպցիոն ցանցի փորձագետներ Վալց Կալնինշին և Ռուսլան Ռյաբոշապկայան ասել են, որ ցանկացած երկրի համար հակակոռուպցիոն ունիվերսալ (սուպեր) մարմին ունենալը ռիսկային է: Ուշագրավն այն է, որ լեհ փորձագետը 2005-ին Հայաստանին խորհուրդ էին տալիս ստեղծել հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ` Հոնգ Կոնգի օրինակով:

Հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգի կողմնակից ՀԿ-ները սերտ համագործակցում են «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության հետ, ապակենտրոնացված համակարգի դեպքում լայն լիազորություններ է ստանում Հատուկ քննչական ծառայությունը, իսկ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության եւ հատուկ քննչական ծառայության ղեկավարները եղբայրներ են՝ Դավիթ և Սասուն Խաչատրյաններ:

Այս տարվա մարտի 4-7-ը ՝ Transparency International-ի ներկայացուցիչներ Վարուժան Հոկտանյանը, Սոնա Այվազյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի խորհրդի անդամ Դավիթ Խաչատրյանը եւ այլք, փորձի փոխանակման այցով եղել են Ուկրաինայում եւ հիմա փորձում են կառավարությանը համոզել` ընդունել Հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգ, Ուկրանիայի օրինակով: Լուրեր կան, թե մինչ այդ, Ուկրաինայում են եղել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոանեսյանը: Լենա Նազարյանը Transparency International-ի կադրերից է, իսկ Դանիել Իոաննիսյանը «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի» հետ սերտ համագործակցող կազմակերպության ղեկավար: Վերջիններս մեզ հետ զրույցում պնդեցին, որ Կիեւում չեն եղել: Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյից, մեր հարցմանն ի պատասխան, գրել են. «Նշված անձանց հետ բյուրոյում պաշտոնական հանդիպում չի եղել»: Այս պատասխանը չի նշանակում, թե հանդիպում չի եղել: Գուցե եղել է, բայց ոչ` պաշտոնական:

Փոխարենը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից տեղեկացանք, որ իրենց այցի ժամանակ, Հայաստանի ներկայացուցիչները ծանոթացել են Ուկրաինայի փորձին: Սաքունցի կարծիքով, Ուկրաինայի ազգային քննչական մարմինը, որը զբաղվում է կոռուպցիոն հանցագործություններով, շատ արդյունավետ է աշխատում։ Հիմնական խոչընդոտը դատական իշխանությունն է. «Դատական իշխանության չբարեփոխված լինելը խոչընդոտում է կոռուպցիայի դեմ հաջող պայքարին։ Տեսեք, եթե կոռուպցիոն հանցագործություն է բացահայտվում, քննությամբ ձեռք են բերվում անհրաժեշտ ապացույցները, հիմնավորումները, դա պիտի ուղարկեն դատաքննության, իսկ դատարանը, ըստ էության, շահագրգռվածություն չունի իրականացնելու դատաքննություն եւ տարիներով ձգձգում է եւ կարող եմ պնդել, որ կանխամտածված։ Օրինակ Ուկրաինայի սահմանադրական դատարանը մեր այցի օրերին, գտավ, որ ապօրինի հարստացման արդյունքում ձեռք բերված գույքի դատարանի որոշմամբ բռնագանձումը, հակասում է սահմանադրությունը։ Երբ մենք խոսում էինք դատական իշխանության բարեփոխման մասին, անցումային արդարադատության մասին, որի կարեւոր գործիքներից մեկը հենց դատական իշխանության նկատմամբ վստահության ձեւավորումն է, մենք հենց սրա մասին էինք ահազանգում։ Եթե մենք դատական իշխանության լրջագույն բարեփոխումներ չիրականացնենք, որ բովանդակությամբ լինի արդարադատություն իրականացնող, պատասխանատու եւ հաշվետու մարմին՝ մենք կձախողվենք եւ բոլոր փորձերը։ Ժամանակին դատարանը եղել է անպատժելի քաղաքական իշխանության կոռումպացված գործիք։ Այդ քաղաքական իշխանությունը վերացել է, ինքը մնացել է առանձին»։ Սաքունցին մտահոգում է նաեւ պետական կառույցների լիազորությունների միմյանց կրկնելու ռիսկը: Օրինակ Ազգային անվտանգության ծառայությունը նույնպես կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված լիազորություններ ունի, ուստի՝ կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման եւ քննչական գործառույթները պետք է իրականացնի մեկ մարմին, կարծում է Սաքունցը, կրկին հիշեցնելով, որ վերջնական արդյունքի համար պիտի դատական իշխանությունը բարեփոխվի: «Ավելի լավ է ընդհանրապես դատական իշխանություն չունենալ, քան ունենալ այն ինչ ունենք»,-ասում է նա:

Այս դեպքում, երբ չունենք բարեփոխված դատարան, առնվազն հասկանալի չէ ՀԿ-ների համառությունը ունենալ հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգ: Եթե խնդիրը դատարանն է, ինչո՞ւ եք այլ տեղ լուծումներ փնտրում: Այս մոտեցումը կապ ունի՞ այն իրողության հետ, որ հակակոռուպցիոն ապակենտրոնացված համակարգի կողմնակից է ՀԿ-ների ավագ ընկեր «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպությունը, ապակենտրոնացված համակարգի դեպքում լայն լիազորություններ է ստանում Հատուկ քննչական ծառայությունը, իսկ «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության եւ հատուկ քննչական ծառայության ղեկավարները եղբայրներ են՝ Դավիթ եւ Սասուն Խաչատրյաններ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031